Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի վեց օրերի ընթացքում ռուսական կողմը ունեցել է 5710 զոհ. ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար

Մարտ 01,2022 13:27

ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովի բնութագրմամբ՝ «թշնամին կորուստներ է կրում»:

Այսօր կայացած մամուլի ասուլիսում ուկրաինացի դիվանագետը խոսեց ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում ՌԴ-ի կրած ռազմական եւ տնտեսական վնասների մասին. «Ռուսական ռուբլին վերածվում է սովորական թղթի եւ դա դուք հեշտությամբ կարող եք տեսնել Երեւանում: Արդեն կան առաջին արգելքները՝ ռուսական նավթի արտահանման մասով: Բռնազավթիչների բանակի վերացմանը միացել է նաեւ միջազգային IT հանրույթը: Նույնիսկ ուկրաինացի դպրոցականներն են անցել կիբեր հարթակում գրոհների: ՌԴ-ում հարյուր հազարավոր մարդիկ արդեն հասկացել են, որ իշխանությունն իրենց խաբում է, որ չկա ոչ մի «հատուկ գործողություն», կա սովորական զավթողական պատերազմ, ինչի արդյունքում արդեն հազարավոր ռուսներ են մահացել»:

Ուկրաինացի դիվանագետի բնութագրմամբ՝ ճակատում ռազմական առավելություն չունենալով՝ ռուսներն անցել են ուկրաինական քաղաքների դաժանաբար ռմբակոծություններին. «Այսօր առավոտյան, տակտիկական հրթիռ է ընկել Խարկովի Ազատության հրապարակում: Դա քաղաքի կենտրոնն է, որեւէ ռազմական օբյեկտ այնտեղ չկա: Խարկովի բնակելի թաղամասերը հրթիռակոծվում են գրադներով: Սրանք ռազմական հանցագործություններ են, որոնց կազմակերպիչները եւ իրականացնողները դատապարտված են իրենց հետագա գոյության ընթացքում կրել մարդասպանի խարանը եւ թաքնվել»: Դենիս Ավտոնոմովը վստահ է՝ նրանց նաեւ տրիբունալ է սպասվում եւ արդար կլինի, որ միջազգային ռազմական տրիբունալը կազմակերպվի Խարկովում, որտեղ 1943 թվականի համանման առաջին գործընթացն է եղել, որի արդյունքում նացիստները դատապարտվեցին զինվորական հանցագործությունների համար:

Դիվանագետը ներկայացրեց նաեւ օպերատիվ իրավիճակը՝ Ուկրաինայի ԳՇ-ի արձանագրմամբ. ըստ այդմ, առավոտյան 6.00-ի դրությամբ, պատերազմի վեց օրերի ընթացքում ռուսական կողմը ունեցել է 5710 զոհ: Նա նաեւ հեգնեց՝ «իրենք իրենց համարում էին Եվրոպայի առաջին բանակը»՝ համեմատական կարգով հիշեցնելով, որ աֆղանական պատերազմի տասը տարիների ընթացքում Խորհրդային միությունը 15 հազար զոհ է ունեցել:

Պատերազմի վեց օրերի ընթացքում, բանախոսի փոխանցմամբ, գերեվարվել է 200 մարդ, ոչնչացված է 29 ինքնաթիռ, 29 ուղղաթիռ, 198 տանկ, 846 զինվորական զրահապատ մեքենա, 7 ՀՕՊ համակարգ, 24 գրադ կայան՝ ԲՄ21, 305 ավտոմոբիլային տեխնիկա, 3 ԱԹՍ, 2 նավ եւ այլն:

Ուկրաինացի դիվանագետն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ՌԴ ՊՆ-ն միայն փետրվարի 27-ին է հայտարարել կորուստների առկայության մասին՝ չհրապարակելով հստակ թվեր եւ, որ անգամ դադարեցվում է ռուսական այն կայքերի աշխատանքը, որոնք հայտարարում են, որ սա հատուկ գործողություն չէ, այլ պատերազմ:

Ուկրաինացի դիվանագետի բնութագրմամբ՝ ՌԴ-ն ցանկանում է ցեղասպանել ուկրաինացիներին՝ դարձնելով Ուկրաինան ապառազմական եւ չեզոք պետություն. «Դա չի լինի: Պատերազմի վեց օրերի ընթացքում Ռուսաստանը կարողացավ բլոկադայի ենթարկել Ուկրաինայի ամենափոքր շրջանային կենտրոններից մեկը՝ Խերսոնը: Հիմա այնտեղ մարտեր են ընթանում: Նրանք բավականին մոտեցել են Նիկոլաեւին, այնտեղ էլ է պաշտպանություն գնում: ԶՈՒ շարքերում իմ ընկերներն են, բարեկամները, հարազատները: Ուկրաինան կռվում է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031