«Ինձ հետաքրքիր է, էկոնոմիկայի նախարարը, ով հանդիսանում է Menu group UK-ի հիմնական բաժնետեր, իր ընկերությունը բերե՞ց, վերագրանցե՞ց ՀՀ-ում, թե՞ չէ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ վստահեցնելով, որ որեւէ ընկերություն ՌԴ-ում չի փակվի ու չի գա ՀՀ-ում գրանցվի, իշխանականների նման հայտարարությունները պոպուլիստական են:
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին, հնարավոր ելքին ու վնասներին՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Եթե ինձ ցույց տաք մեկին, ով կարող է ասի, թե ռուս-ուկրաինական հակամարտությունը այսօր ինչ ազդեցություն կունենա, ես ուրախ կլինեմ իր հետ մի բաժակ սուրճ խմել, բայց տնտեսական ազդեցությունը ՀՀ-ի վրա, պատժամիջոցների երկար տեւելու դեպքում՝ շատ ավելի մեծ կլինի, իհարկե»:
Արթուր Խաչատրյանին հիշեցրինք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը նման կանխատեսումներ արել է իր գրառումներում, ասել է՝ պարտություն է կրելու Ուկրաինա պետությունն ու իր ժողովուրդը, փաստորեն, Ղազինյանի հետ սո՞ւրճ եք խմելու՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց, որ արդեն Ղազինյանի հետ պարբերաբար սրճում է, բայց նա խոսել է գլոբալ ավարտի մասին. «ՌԴ-ն հայտարարել է սահմանազատման, սահմանագծման մասին ու ինչ ծավալների դա կլինի, որտեղ է ՌԴ-ն մտադիր կանգնել, ինչ դիմադրություն ցույց կտա Ուկրաինան, պարզ չէ, եթե պարզ լիներ՝ այդքան չէին բանակցի»:
Հարցրեցինք նաեւ՝ Ղազինյանի այդ հրապարակային գրառումները քննադատության են արժանանում, որ Ուկրաինան ահաբեկչական կազմակերպություն է անվանում, ձեզ ասում են, որ ինչքան էլ ընդդիմություն լինեք Հայաստանի ներսում՝ դուք պետություն եք ներկայացնում եւ պետք է զգուշավոր լինեք նման գրառումներ անելիս, քննադատությունն ընդունո՞ւմ եք՝ ի պատասխան՝ Արթուր Խաչատրյանը կատակեց. «Ես ձեզ կծանոթացնեմ պարոն Ղազինյանի հետ, բոլոր հարցերն ուղղեք իրեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ