Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույս ունենք՝ միջազգային գործընկերները պատշաճ կարձագանքեն այդ փաստերին». Հակոբ Արշակյանը՝ ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացին

Մարտ 01,2022 12:36

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 28-ին ընդունել է Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս տարին նշանակալի է Հայաստանի եւ Կանադայի համար. լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայ-կանադական երկկողմ հարաբերություններում ԱԺ փոխնախագահը շեշտել է միջխորհրդարանական համագործակցության, մասնավորապես խորհրդարանական բարեկամական խմբերի դերը:

Հակոբ Արշակյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի սերտ եւ արդյունավետ համագործակցությունը Եվրամիության հետ ու հավելել, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունները պետք է լիարժեք օգտագործել: «Դա ամուր հիմք է ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման առումով»,-փաստել է ԱԺ փոխնախագահը:

Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել այն փաստը, որ 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրերից Կանադան ակտիվորեն փորձում էր ջանքեր գործադրել կրակի դադարեցման ուղղությամբ: Այս առումով նա արժեւորել է Կանադայի կառավարության` կանադական սպառազինությունների մատակարարումը Թուրքիա դադարեցնելու որոշումը:

Անդրադառնալով հետպատերազմյան դեռեւս չհաղթահարված խնդիրներին՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների իրացումը՝ առաջնային համարելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանում շինծու քրեական գործերով հետաձգվում է վերոնշյալ անձանց վերադարձը:

«Հույս ունենք, որ միջազգային գործընկերները պատշաճ կարձագանքեն այդ փաստերին, եւ մենք կկարողանանք հանձն առած խաղաղության օրակարգով առաջ շարժվել տարածաշրջանում»,-շեշտել է Հակոբ Արշակյանը:

Այս համատեքստում անդրադարձ է եղել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի ու ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ամբողջական դուրսբերման կարեւորությանը: Տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն ակտիվ բանակցում են հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց գրանցելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ազգային ժողովի աշխատակազմի եւ Կանադայի խորհրդարանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող Աշխատակազմի զարգացման ծրագրի արդյունավետությանն ու շարունակականությանը:

Հակոբ Արշակյանն ու Արման Եղոյանը խորհրդարանական ժողովրդավարության զարգացման տեսանկյունից կարեւորել են ռազմավարական նման ծրագրերի իրականացումը: Ընդգծվել է փոխանակման ծրագրերի իրագործման արդյունավետությունը:

Ստեֆան Դիոնն իր հերթին կարեւորել է հայ-կանադական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության խորացումը: Այս համատեքստում նա առանձնակի ընդգծել է բարեկամական խմբերի դերակատարությունը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031