Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մնում է՝ մի հատ էլ հայհոյանք դնեք»․ Արշակյանի արձագանքը, երբ Սեյրան Օհանյանն ակնարկեց թշնամու շահերը սպասարկելը

Մարտ 01,2022 12:07

ԱԺ լիագումար նիստում այսօր քննարկվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից Շուշիի հռչակագրի վավերացումը դատապարտող «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ներառելու հարցը։ Այս նախագծին գլխադասային հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները բացասական եզրակացություն էին տվել։ Սա հիշեցնելով՝ զեկուցող Սեյրան Օհանյանը նշեց, որ դա փաստում է անվտանգային սպառնալիքների ոչ ճիշտ գնահատման մասին․ «Սա խորացնում է վտանգի մտավախությունը։ Խորհրդարանը, որպես առաջնային մանդատ կրող, պետք է գնահատական տա, որ այդ հռչակագիրը դեմ է ՀՀ անկախության հռչակագրին, այլապես ստացվում է, որ ԱԺ լռությունը համաձայնության նշան է՝ թուրք-ադրբեջանական տանդեմի նախաձեռնած պատերազմի հետեւանքներին, ՀՀ իշխանության վրա շարունակական ճնշումներին։ Հռչակագրում ասվում է, որ Արցախն ադրբեջանական է, որ հայոց ցեղասպանությունը մերժված է»։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ քաղաքական մեծամասնությունը կարծում է, որ հռչակագիրը դատապարտող հայտարարությունը կարող է վնասել խաղաղության դարաշրջանի ձեւավորմանը․ «Հակառակը, այն ազգային է եւ ուղղված է պետությանը։ Մենք ոչ մի առաջարկ չլսեցինք, մինչդեռ պատրաստ էինք։ Սա բխում է ՀՀ անվտանգության շահերից։ Առաջարկում ենք ներառել նիստերի օրակարգ եւ քննարկել։ Հակառակ դեպքում մենք սա կդիտարկենք որպես թշնամու շահերի սպասարկում»։

ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Չգիտեմ, թե ձեր սպառնալիքների տոնը որտեղից է գալիս։ Պետք է հարգալից լինել։ Մնում է՝ մի հատ էլ հայհոյանք դնեք այս կամ այն քվեարկությունից առաջ կամ հետո»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ վրդովվեց․ «Դեռ շատ մեծ հարց է, թե ով է թշնամու շահերը սպասարկում, պարոն Օհանյան»։

«Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը շեշտեց․ «Քաղաքական գնահատականը որպես սպառնալիք ներկայացնելը ճիշտ չէ։ Ավելին՝ սա քաղաքական ամբիոն է։ ՔՊ-ին քաղաքական սթափության կոչ եմ անում եւ որպես դրա դրսեւորում՝ պահանջում քսան րոպե ընդմիջում»։

Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Այստեղ բոլորս կիրթ մարդիկ ենք եւ հասկանում ենք, թե թշնամու շահերի սպասարկումը վիրավորա՞նք է, թե՞ սպառնալիք։ Առաջարկում եմ քվեարկությունների ժամանակ նախապայմաններ չդնել եւ վիրավորանքներ չհնչեցնել»։

Ընդմիջումից հետո կողմ քվեարկեց 28 , դեմ՝ 1, իսկ ձեռնպահ՝ 57 պատգամավոր։ Հարցը չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նկատեց․ «Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելը մերժելուց հետո այս խորհրդարանից ամեն ինչ սպասելի է։ Պարոն Արշակյան, վերջին մի քանի ժամում ԱԺ նախագահի պարտականություններն օգտագործելու եւ վայելելու համար այլ տարբերակներ էլ կան՝ բացի ընդդիմադիր պատգամավորների ելույթներին ռեպլիկներ թողնելը»։

Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Մեծահոգաբար չեմ անդրադառնա ձեր խոսքին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031