Հայաստանի օդային կապի հնարավորությունները նեղանում են՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Եվրոպայից ռուսական ավիաուղիների դուրս մղվելու հետեւանքով:
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսելու հաջորդ օրերին եվրոպական մի շարք երկրներ փակեցին իրենց օդային տարածքը ռուսական քաղաքացիական ինքնաթիռների համար, շատ լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրները, տեղեկացնում են, որ շուտով նաեւ ԵՄ բոլոր երկրներն են փակելու իրենց օդային տարածքները:
Հաշվի առնելով, որ հայկական ինքնաթիռների մուտքը ԵՄ օդային տարածք արգելվել էր ավելի վաղ, ապա ռուսական ինքնաթիռների դուրս մղվելը Եվրոպայից ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի համոզմամբ. «Ավիացիայի առումով շատ վատացնում է վիճակը. բնական է՝ մեր շատ ուղեւորահոսքեր կախված են «Աէրոֆլոտից», հիմա «Աէրոֆլոտն» էլ էլ չի կարող թռնել դեպի Եվրոպա կամ ԱՄՆ:
Եթե Հայաստանը քիթը խոթի հանկարծ այդ հակամարտության մեջ, ավելի վատ կլինի, բայց Ստամբուլ ունենք փոխարենը, կարող ենք Եվրոպա թռնել Ստամբուլի միջոցով: Ստամբուլի չվերթը բացվել է, այնպես որ Եվրոպա կարող ենք թռնել: Հիմա «Air Arabia-ին» ենք սպասում, եթե գա, իրեն թույլ կտրվեն դեպի Եվրոպա չվերթները, Թուրքիայի վրայով պետք է թռնենք, դրա համար պետք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորենք հնարավորինս շուտ»:
Կարդացեք նաև
Ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանի կարծիքով, ռուսական ավիաուղիների դուրս մղվելը Եվրոպայից չի նեղացնում Հայաստանի օդային կապի հնարավորությունները. «Քանի որ մենք ԵՄ անդամ չենք ու այդ գոտու մեջ չենք: Ռուսական ավիաընկերությունները՝ ի դեմս մեր կարգի երկրների, հավելյալ թռիչքներ կատարելու ցանկություն կհայտնեն: Պետք է որ մեր չվերթներն աշխուժանան, ուղեւորափոխադրումների շուկան կաշխուժանա, բայց ցավալի է, որ մենք դրանից չենք օգտվի: Ուղեւորը կօգտվի, բայց պետությունը հարկելու տեսանկյունից չի օգտվի: Իմ կարծիքով՝ ռուսական ինքնաթիռների համար օդային տարածքի սահմանափակումները վատ անդրադարձ չեն ունենա Հայաստանի վրա, որովհետեւ օրինակ, եթե «Աէրոֆլոտը» թռնում էր օրական երկու կամ երեք չվերթ, հիմա կշատացնի չվերթները, դա էլ կախված է նրանից, թե ինչքան ուղեւոր կհավաքի, կունենա պահանջարկ, թե չի ունենա, համենայնդեպս՝ դա ավելի ճիշտ մոտեցում է իր համար, քան օդանավը Մոսկվայում պահելը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ