Լրահոս
Օրվա լրահոսը

2014-ից հետո ՌԴ-ում հաշվարկել են այս ամենը. տնտեսությունը դժվարություններ կունենա, բայց դժվար է ասել, թե ծնկի կգա. Վարդան Արամյան. «Հրապարակ»

Մարտ 01,2022 11:38

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով  թեմային, նկատեց՝ Ռուսաստանի տնտեսության նկատմամբ սանկցիաների կիրառումը նոր երեւույթ չէ, դեռ 2014-ից է կիրառվել, իհարկե, ոչ այս ծավալով։ «Ճիշտ է, դա բերեց բավականին լուրջ հետեւանքների, բայց լավն այն էր, որ Ռուսաստանի կենտրոնական բանկը շատ խոհեմ գտնվեց, թույլ տվեց, որպեսզի փոխարժեքն արժեզրկվի, եւ դա տնտեսությունն ահագին կարգաբերեց, հակառակ դեպքում խորը ճգնաժամն անխուսափելի էր, եթե հանկարծ ԿԲ-ն փորձեր ֆիքսել ռուբլու կուրսը։ Արժեզրկման հետեւանքով ունեցան մրցունակություն, կարողացան հաշվեկշռվածություն ապահովել, եւ էդ գործիքը՝ առեւտրային հոսքերի, ապրանքների նկատմամբ սահմանափակումները, կարծես հիմա արդեն անիմաստ է։ Դրա համար եվրաատլանտիկ բլոկը հիմա քննարկում է ֆինանսական շուկաների եւ հոսքերի նկատմամբ սանկցիաների կամ սահմանափակումների տարբերակը»։ Վարդան Արամյանը նկատեց նաեւ, որ 2014-ից հետո ՌԴ-ի քաղաքականությունը մշակողները հաշվարկել են այս ամենը եւ դրա դեմ ինչ-որ տարբերակներ են մտածել։

– Իսկ ի՞նչ կարող է անել եվրաատլանտիկ բլոկը։

– Առաջինը արեց այն, ինչի մասին Միացյալ Նահանգներն արդեն պետքարտուղարության մակարդակով օրեր առաջ խոսել էր՝ 750 մլրդ ակտիվների սառեցման մասով։ Դա, ամենայն հավանականությամբ, վերաբերում է պետական մասնակցությամբ ռուսական բանկերին, որոնց մեջ են ՎՏԲ բանկը, Սբերբանկը։ Իսկ դա նշանակում է, որ այդ բանկերը չեն կարողանալու հաշիվներում ունեցած միջոցներն օգտագործել։ Սովորաբար, նմանատիպ սանկցիաների կիրառման առաջին քայլը լինում է շուկաների էմոցիոնալ դրսեւորումը։ Հետո, երբ փաստացի կիրառվում է, նոր գալիս են ֆունդամենտալ գործոնները։ Այսինքն՝ առաջիկա ամիսներին մենք ականատես կլինենք, որ ռուսական ռուբլին կարժեզրկվի։ Հիմա հարց՝ արդյոք Ռուսաստանն այս իրավիճակը չի՞ կանխատեսել։ Ես կարծում եմ՝ մարդ պետք է տգետ լինի, որպեսզի դա չկանխատեսի։ Չեմ կարծում, որ Ռուսաստանի կառավարությունում չկան իմաստուն գլուխներ, որոնք դեռեւս 2014-ից այս կողմ սցենարներ չեն մշակել կամ իրենց տնտեսական կառուցվածքը չեն վերաուղղել չինական շուկա։

– Այսօր ռուբլին մեծ տեմպերով արժեզրկվում է, սա մեր տնտեսության վրա ինչպե՞ս կանդրադառնա։

– Պարզ է, որ վտանգ կար, եւ հիմքերը կային, որ ռուսական ռուբլին արժեզրկվելու է։ Իհարկե, արժեզրկման չափը եւ հեռավորությունը կախված է նրանից, թե ինչ քայլերի հաջորդականությամբ, ինչ խորությամբ եւ ինչ ժամանակային հորիզոնում այդ սանկցիաները կկիրառվեն։ Բայց, որ արժեզրկվելու էր, միանշանակ է։ Դա նշանակում է, որ հայկական դրամն արժեւորվելու է ռուսական ռուբլու նկատմամբ։ Նույնիսկ եթե մտածենք, որ մեր արտահանողները ռուսական շուկայում ապրանք մատակարարում են դոլարով, ամեն դեպքում, մեր ապրանքը վաճառվում է ռուբլով։ Իսկ դա նշանակում է, որ մեր ապրանքները թանկանալու են ռուսական շուկայում, իսկ դա բերելու է պահանջարկի նվազման։ Երկրորդ գործոնը՝ փոխանցման ուղին, դա, ինչպես ասացի, պահանջարկն է։ Քանի որ ռուսական տնտեսությունում թուլություններ են նկատվելու, դա ազդելու է սպառվող ապրանքների պահանջարկի վրա։

– Արեւմուտքը պատժամիջոցներով կկարողանա՞ Ռուսաստանին ծնկի բերել։

– Նախ պետք է ձեւակերպենք՝ ինչ ենք հասկանում ծնկի բերել ասելով, որովհետեւ մենք ունենք նմանատիպ օրինակ Իրանի մասով․ արդյոք Իրանի տնտեսությունը ծնկի եկա՞վ 2004 թվից այս կողմ կիրառվող սանկցիաների համատեքստում։ Մի որոշ ժամանակ նա ունեցավ բավականին լուրջ դժվարություններ, բայց նրանք եւս խելոք գտնվեցին, թույլ տվեցին, որ իրանական արժույթն արժեզրկվի, երկրորդը՝ սկսեցին ավելի մեծ ներդրումներ եւ գիտական ուժ օգտագործել, որպեսզի իրենք արտադրեն այն ապրանքները, որոնք ժամանակին ներմուծում էին։ Եվ այդ սանկցիաների պայմաններում Իրանը, իհարկե, դժվարություններ ունեցավ, խնդիրներ ունեցավ, բայց  ծնկի չեկավ։ Դրա համար, ռուսական արժույթն արժեզրկվելու է՝ այո, Ռուսաստանի տնտեսությունը դժվարություններ է ունենալու՝ այո, բայց որ Ռուսաստանը ծնկի է գալու, կամ տնտեսությունը փլուզվելու է ամբողջովին, դժվարանում եմ վստահ ասել, որ այդպես լինելու է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031