Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն իր խոստումներին հակառակ է գործում»․ Աղվան Վարդանյանի 4 օրինագծերը չընդգրկվեցին օրակարգում

Մարտ 01,2022 11:13

ԱԺ լիագումար նիստում այսօր քննարկվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած նախագծերը լիագումար նիստերի օրակարգ ներառելու հարցը։ Աղվան Վարդանյանն առաջարկում է «Պետական կենսաթոշակի մասին» օրենքում լրացում անել եւ 2023թ․-ից սահմանել, որ աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերը ինդեքսավորվում են յուրաքանչյուր տարի․ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար առաջարկվում է հիմնական կենսաթոշակի չափը, նվազագույն կենսաթոշակի չափը, ինչպես նաեւ ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերը ինդեքսավորել սպառողական գների ինդեքսի աճի չափով։

Աղվան Վարդանյանը հայտարարեց՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում ՔՊ-ականները բացասական եզրակացություն են տվել, բայց հույս ունի, որ ազգային ժողովը հնարավորություն կտա նախագիծն օրակարգ մտցնել եւ քննարկել։

Հերիքնազ Տիգրանյան

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշեց՝ առաջարկել են լրամշակել նախագիծը, սակայն Աղվան Վարդանյանը չի համաձայնել, եւ նախագիծը ստացել է բացասական եզրակացություն․ «Կոչ եմ անում դեմ քվեարկել նախագիծը լիագումար նիստերի օրակարգ մտցնելուն»։

Ապա տեղի ունեցավ քվեարկությունը․ կողմ էր 24, դեմ՝ 62 պատգամավոր․ նախագիծը չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։

Այնուհետեւ քննարկվեց Վարդանյանի հեղինակած մյուս՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծն օրակարգում ներառելու հարցը։ Ըստ այս փոփոխության՝ հեղինակն առաջարկում է սահմանել, որ կենսաթոշակառուի՝ տարեկան մեկ անգամ պարտադիր բանկ ներկայանալը եւ ՀՀ-ում գտնվելը հաստատելը պարտադիր չէ, եթե ըստ ՍԷԿՏ համակարգի՝ քաղաքացին գտնվում է ՀՀ տարածքում։

ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը հրահանգեց անջատել Աղվան Վարդանյանի խոսափողը, որովհետեւ ժամանակը սպառվել էր զեկուցման համար։

«Այո, առկա է որոշակի խնդիր, եւ մենք դա ընդգծել ենք, բայց թոշակառուները պետք է բանկ ներկայանան՝ հաստատելու համար ՀՀ-ում լինելու փաստը։ Դա պարտադիր չէ անել ֆիզիկապես, քաղաքացին կարող է հեռավար կարգով հաստատել։ Խնդիրն այլ է։ Ունենք հազարից ավելի երկքաղաքացի թոշակառուներ, ուստի ՍԷԿՏ համակարգում չի կարող ամբողջությամբ արտացոլվել, թե որտեղ են երկքաղաքացիները։ Կարելի է մուտք գործել մեկ անձնագրով, դուրս գալ՝ երկրորդով»,-հայտարարեց Հերիքնազ Տիգրանյանը՝ բացատրելով, թե ինչու են այս նախագծին եւս դեմ քվեարկել հանձնաժողովում։

«Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը հայտարարեց․ «Եթե ուշադիր լսեցիք հանձնաժողովի նախագահին, ապա հնչեցին բովանդակային դիտողություններ, որոնք քննարկման ենթակա են նիստերի դահլիճում։ Հիմա երեք րոպե է զեկուցումը տեւում, եկեք մտցնենք օրակարգ եւ քննարկենք։ Եթե հակադարձումներ չլինեն, մի ընդունեք, բայց նման վարքագիծն անհասկանալի է։ Մանավանդ, որ Հակոբ Արշակյանը չի թողնում մի փոքր ավել խոսել եւ նախագիծը ներկայացնել»։

Քվեարկության արդյունքում կողմ արտահայտվեց 28, դեմ՝ 64 պատգամավոր, եւ այս նախագիծը եւս չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը վրդովված դիմեց Հերիքնազ Տիգրանյանին․ «Մի դեպքում նա խոսեց որպես ֆինանսների նախարար, մյուս դեպքում՝ ԱԱԾ տնօրեն՝ սահմանային հատումների վերաբերյալ։ Կոչ եմ անում վերջիվերջո հարցերը քննարկել դահլիճում եւ բովանդակային քննարկում անել։ Այս ի՞նչ վարվելակերպ է։ Ամեն հարց, որին դուք դեմ եք, անգամ չեք թողնում, որ լիագումար օրակարգ մտնի եւ քվեարկվի։ Վաղը մյուս օրը կասեք, թե ընդդիմությունն այսքան նախագիծ է հեղինակել, իսկ դուք՝ այսքան»։

Աղվան Վարդանյանի մյուս երկու այլ նախագծերը եւս քվեարկությամբ չընդգրկվեցին լիագումար նիստերի օրակարգ․ գլխադասային հանձնաժողովների ներկայացուցիչներ, ՔՊ-ական պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Հերիքնազ Տիգրանյանն այս դեպքերում էլ կոչ էին արել դեմ քվեարկել։

Աղվան Վարդանյանն արձանագրեց․ «Իմ չորս նախագծերը վերաբերում էին քաղաքացիների վիճակը բարելավելուն, սակայն ՔՊ-ական մեծամասնությունն իր խոստումներին հակառակ՝ անգամ օրակարգ չընդգրկեց»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031