Տնտեսագետ Ռոբերտ Հարությունյանի հետ զրույցում անդրադարձել ենք տնտեսական միտումներին, ՀՀ-ում առկա շարունակական գնաճին, ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին ՀՀ-ին սպասվող մարտահրավերներին:
Խոսելով մարտահրավերների մասին ու այդ համատեքստում դիտարկելով Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները՝ Ռոբերտ Հարությունյանը շեշտեց մի քանի հնարավոր ռիսկերի մասին. «Այդ պատժամիջոցներն, այսպես թե այնպես, կարող են անդրադառնալ մեզ վրա՝ հաշվի առնելով մեր և Ռուսաստանի տնտեսությունների փոխկապակցվածությունը, փոխազդեցությունը: Այս պարագայում մենք ստիպված ենք լինելու ձգտել անհամեմատ ավելի մեծ աճի, որը շատ դժվար է լինելու ապահովել: Ամեն դեպքում, այն պետք է ապահովել՝ փորձելով դիվերսիֆիկացնել մեր շուկաները, խթանել մեր արտահանումները դեպի այլ երկրներ, ներդրումներ բերել: Պետք է փորձել նաև աջակցել մեր արտադրողին»:
Ինչ վերաբերում է ռիսկերին՝ ոլորտային տեսանկյունից, տնտեսագետի խոսքով, դա կախված է այն հանգամանքից, թե լրացուցիչ ինչ պատժամիջոցներ են կիրառելու Ռուսաստանի նկատմամբ. «Որովհետև նախկին պատժամիջոցներին, կարծես, ընտելացել էինք, դրանց ներքո աշխատում էինք, և որևէ խնդիր չկար: Իսկ երբ խոսում ենք այս նոր պատժամիջոցների մասին, ապա այս պարագայում պետք է ուղղակի հետևել, տեսնել, թե հատկապես որ ոլորտներում կլինեն այդ պատժամիջոցները: Այս պահի դրությամբ, բացի անհատների ու ընկերությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, հիմնական պատժամիջոցները վերաբերում են ֆինանսական շուկային՝ մասնավորապես բանկերին և, ընդհանրապես, ՌԴ-ի ֆինանսական հնարավորությունները սահմանափակելուն:
Ռուսական բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասով որոշակի խնդիր կունենան նաև մեր բանկերը: Այսինքն, այդ հանգամանքը կարող է որոշ դեպքերում բավականին նվազեցնել մեր թե՛ բանկային, թե՛ մասնավոր ոլորտի եկամուտները: Այսինքն, մենք ոչ թե ուղղակիորեն խնդիր կունենանք, այլ կընկնեն մեր եկամուտները: Մասնավորապես, եթե մեր բանկերը շրջանառություն ունեին պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի հետ, մեր բանկերի պարագայում շրջանառությունը խնդիրներ կունենա: Այս պարագայում լուծման մի քանի տարբերակ կա: Տարբերակներից մեկը հետևյալն է. ՀՀ կառավարությունը պետք է նստի ու խոսի ԱՄՆ-ի հետ՝ ասելով, որ չի կարող չաշխատել այդ բանկերի հետ, որովհետև ԵԱՏՄ-ի շրջանակներում գործընկեր է: Այսինքն, այնպես, ինչպես ժամանակին անում էինք Իրանի հետ կապված խնդիրների դեպքում, երբ Արևմուտքը, ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեցին Իրանի նկատմամբ: Չնայած Իրանի դեպքում այլ է, ԻՀՀ-ի հետ բանկային հարաբերությունները դեռևս նորմալ չեն կարգավորվել, բայց, միևնույն ժամանակ, Իրանի հետ առևտուրը չէր կարող պատժամիջոցի տակ ընկնել: Այդ պարագայում մենք ոչինչ չէինք կարող անել՝ մի կողմից Թուրքիան է, մյուս կողմից՝ Ադրբեջանը, Վրաստանը և Իրանը: Մենք բացատրում էինք, որ Իրանը մեր բնական հարևանն է, ու միայն վրացական ուղղության վրա հենվելն ուղղակիորեն ավելացնում է Հայաստանի անվտանգային ռիսկերը»:
Կարդացեք նաև
Հաշվի առնելով վերոնշյալը ՝ Ռոբերտ Հարությունյանը շեշտեց՝ նման բացատրություններ, քննարկումներ պետք է լինեն նաև այսօրվա իրավիճակում, որ մեր ընկերությունները գոնե կարողանան դուրս գալ հնարավոր վնասի ու ռիսկերի տակից. «Բայց, ընդհանուր առմամբ, շրջանառությունը կընկնի, վաճառքները կկրճատվեն, և կնվազեն հատկապես մեր արտահանողների եկամուտները: Այս պատժամիջոցներն անպայման կազդեն Ռուսաստանի տնտեսական վիճակի վրա, Ռուսաստանը կունենա որոշակի տնտեսական անկում, ինչն ուղղակիորեն ազդելու է ռուս սպառողի ֆինանսական հնարավորությունների վրա: Այն, ուզենք, թե ոչ, կրճատվելու է»:
Նա հավելեց, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին մի կարևոր բան ևս տեղի է ունենում. «Խոսքը նավթի գնի բարձրացման մասին է: Դժվար է ասել՝ ռուս-ուկրաինական խնդրի հանգուցալուծման դեպքում այն կիջնի՞, թե՞ ոչ, բայց եթե այս իրավիճակը շարունակվի, ուղղակիորեն անդրադառնալու է մեր քաղաքացիների եկամուտների վրա: Այսինքն, ենթադրում եմ, որ վառելիքի գինը կբարձրանա, ինչն ուղղակիորեն ազդելու է մեր քաղաքացիների սոցիալական վիճակի վրա: Սա ևս պետք է հաշվի առնել՝ հասկանալու, թե ինչպես է պետք այդ գործոնը կոմպենսացնել, և ինչ պետք է անել: Ծանր ժամանակաշրջան է, բայց այդ ուղղությամբ ևս պետք է աշխատել»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։