Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անպատասխան սեր». Թուրքական Բայրաքթարներ՝ ռուսական ԶՈՒ-ի «գլխին», հակապուտինյան ցույց Բաքվում

Մարտ 01,2022 10:08

Թուրքական Բայրաքթարներով ոչնչացվել է 21 ռուսական ռազմական տեխնիկա, պնդում են թուրքական տելեգրամյան ալիքները

Արեւմուտքը միահամուռ Ուկրաինայի կողքին է: Ռուսական ներխուժումն Ուկրաինա լուծեց Արեւմուտքի համախմբվածության հարցը: Ընդդեմ Ռուսաստանի աննախադեպ պատժամիջոցներ են սկսել կիրառվել, Ռուսաստանի ներսում անհանգիստ է, ընդդեմ Ուկրաինայում պատերազմի ռուսաստանյան հասարակության մոտ պոռթկման, եւ առհասարակ՝ բունտի մեծ հավանականություն կա:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ հայ հասարակությունն ուշադրությամբ հետեւում է Ռուսաստան-Ուկրաինա առճակատման շուրջ զարգացումներին: Մեզ առավելապես հետաքրքիր են 44-օրյա պատերազմ սանձազերծած թուրք-ադրբեջանական տանդեմի գործողությունները: Վերջին տարիներին Ռուսաստանը Հայաստանի հակառակորդ երկու երկրների հետ հարաբերություններն այնքան արժեւորեց ու կարեւորեց, որ 44-օրյա պատերազմում ռուսական քարոզչական մեքենան հազար ու մի պատճառաբանություն էր բերում, որպեսզի արդարացնի ռուսական լոյալությունը: Ռուսաստանը լուծեց իր խնդիրը. «չոզոք» խաղաղապահի առաքելություն ստանձնելու վերաբերյալ համաձայնություն ստացավ Անկարայից ու Բաքվից: Սակայն դեռ 44-օրյա պատերազմի օրերին ասվում էր, որ Թուրքիայի ու Ադրբեջանի համար ռուս խաղաղապահների ներկայությունը ոչ ցանկալի սցենար էր եւ նրանք վաղ թե ուշ ընդդեմ Ռուսաստանի քայլեր են գործելու՝ օգտագործելով ցանկացած պատեհ առիթ:

Ռուսական ներխուժումը Ուկրաինա ի ցույց դրեց թուրքական իշխանությունների միանգամայն սպասելի պահվածքը, որի վերաբերյալ այսօր էլ կարող ենք վստահաբար կանխատեսել, որ ռուսական էլիտայի որոշ ներկայացուցիչներ շարունակելու են աչք փակել:

Անկարան, ի սկզբանե հանդես էր գալիս ռուս-ուկրաինական լարվածության թուլացման օգտին, անգամ իրենց ծառայություններն էին առաջարկում՝ ռուս-ուկրաինական երկխոսությանը, բանակցությունների հարթակ տրամադրելու առումով, բայց այսօր միանշանակ կարելի է արձանագրել, որ գործնականում Թուրքիան բոլոր ճակատներում ընդդեմ Ռուսաստանի է քայլեր ձեռնարկում:

Թուրքական բոլոր պարբերականներն՝ առանց բացառության, մի քանի օր է, ինչ դատապարտում են Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում: Ռուսական հարձակումից ժամեր անց, երբ Կիեւը պահանջել էր Թուրքիայից Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար փակել, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նախ նշեց, թե Թուրքիան լիովին կիրառում է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների հետ կապված Մոնտրոյի համաձայնագիրը եւ չի կարող արգելել ռուսական ռազմանավերին անցնել նեղուցներով։ Անկարան պատճառաբանել էր, թե Թուրքիան հակամարտության կողմ չէ, իսկ նույնիսկ հակամարտության կողմ լինելու դեպքում էլ պետք է թույլ տար ռուսական ռազմանավերին վերադառնալ իրենց նավահանգիստները։

Սակայն այս հայտարարությունից մեկ օր անց արդեն Վլադիմիր Զելենսկին հայտնեց, որ Էրդողանը համամիտ է իր հետ՝ Սեւ ծովում ՌԴ ռազմանավերի մուտքն արգելելու կարեւորության հարցում։ «Իմ երախտագիտությունն եմ հայտնել Էրդողանին մեր անկախությանն աջակցելու համար։ Համամիտ ենք նրա հետ, որ այսօր չափազանց կարեւոր է ռուսական ռազմանավերի՝ Սեւ ծովն անցնելու արգելքը», իր տեսաուղերձում հայտարարեց Ուկրաինայի նախագահը։

Իսկ ահա Էրդողանն անգամ, ՆԱՏՕ-ին մեղադրեց Ուկրաինայի հետ կապված իրավիճակում ոչ վճռական գործելու մեջ: «ՆԱՏՕ-ն պատշաճ վճռականություն չի ցուցաբերել Ուկրաինայի հետ կապված իրավիճակում, իսկ նրա հանդեպ Արեւմուտքի վերաբերմունքը հեռու է բարեկամականից։ Արեւմուտքը, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի երկրները չկարողացան վճռականություն դրսեւորել Ուկրաինայի հարցում։ Նրանք բոլորն էլ նրան խորհուրդներ են տալիս։ Ուկրաինայի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքը չի կարող համարվել ոչ բարեկամություն, ոչ էլ համերաշխություն»,- ասել էր Թուրքիայի նախագահը։

Ռուսական ռազմական գործողությունների 2-րդ օրը Թուրքիայի նախագահի փեսան, «Բայրաքթարներ» ստեղծած թուրք ինժեներ Սելչուք Բայրաքթարն էլ հարկ էր համարել գրառում անել ռուս–ուկրաինական հակամարտության թեմայով։ Նա Twitter–ի իր էջում գրել էր. «Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ ազգային տեխնոլոգիաների հետ ուժեղ եւ անկախ պաշտպանական արդյունաբերությունը ազգերի համար կյանքի կարեւորություն են ներկայացնում»։ Այս գրառումից հետո մեկ այլ գրառմամբ նա նշել էր. «Խստորեն դատապարտում եմ անկախ մի ազգի ինքնիշխանությունը արհամարհելով իրականացրած Ռուսաստանի դաշնության բռնազավթումը»։ Հիշեցնենք, որ Ուկրաինայում մարտական գործողություններից առաջ արդեն իսկ հայտնի էր, որ Թուրքիան «Բայրաքթար» ԱԹՍ-ի մի քանի համալիրներ է մատակարարել Ուկրաինա։

Փետրվարի 27-ին, երբ գրեթե ամբողջ Արեւմուտքը համախմբվել էր ու հանդես էր գալիս միասնական դիրքորոշմամբ ի աջակցություն Ուկրաինայի, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հանդես եկավ նոր հայտարարությամբ՝ նշելով, թե Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները վերաճել են պատերազմի եւ իրենք ստիպված են գործի դնել Մոնտրոյի համաձայնագիրը Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների հետ կապված՝ փակելով այն պատերազմող բոլոր կողմերի ռազմանավերի համար։

Այնուհետեւ, թուրքական տելեգրամյան ալիքներում հայտնվեցին տեսանյութեր, թե ինչպես են Ուկրաինայի ԶՈւ-երը թուրքական Բայրաքթարներով ոչնչացնում ռուսական զինտեխնիկա: Թուրքական աղբյուրների ներկայացրած տեսանյութերից մեկում պատկերված էր ռուսական «Բուկ» հրթիռային համակարգի խոցումը։ Թուրքական պարբերականներն այնուհետեւ ամփոփ թվեր ներկայացրեցին՝ «թուրքական Բայրաքթարներով ոչնչացվել է 21 ռուսական ռազմական տեխնիկա»:

Փետրվարի 28-ին արդեն ռուսական կողմը «պատասխան հաղորդագրությամբ» հանդես եկավ, հայտնելով, որ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների ընթացքում ռուսական ստորաբաժանումներն անցած օրվա ընթացքում ոչնչացրել են թուրքական արտադրության 3 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք: Տեղեկությունը հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի կրտսեր դաշնակից Ադրբեջանին, որի նախագահը Ուկրաինա ներխուժումից մեկ օր առաջ Ռուսաստանի հետ «դաշնակցային համագործակցության մասին» հռչակագիր ստորագրեց, բավարարվեց Բաքվում Ուկրաինայի դեսպանատան դիմաց հակապուտինյան բողոքի ցույցի արտոնմամբ: Համացանցում հայտնված լուսանկարներն ու տեսանյութերը վկայում են, որ կայացել է բազմահազարանոց ցույց, բնականաբար՝ ադրբեջանական իշխանության «դաբրոյով»: Բաքվի ցույցի մասնակիցները Ադրբեջանի նոր «դաշնակից» Ռուսաստանի ղեկավարի հասցեին վանկարկում էին՝ «Պուտինը բռնապետ է», «Պուտինը գnղ է», «Պուտինը մարդասպան է»:

Վստահաբար, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի պաշտպան մերձկրեմլյան պաշտոնյաներն ու ռուսական պետական քարոզչամեքենայի սպասարկուներն առաջիկայում հերթական հանձնարարականը ստանալուց անմիջապես հետո կլծվեն բացատրական աշխատանքների իրականացմանը՝ հետեւյալ թեմայով. «Ուկրաինական զարգացումները չեն ազդում ռուս-թուրքական սերտ համագործակցության եւ ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների վրա» եւ «ոչինչ չի կարող սասանել մեր թուրք եւ ադրբեջանցի գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը»: Նույնիսկ՝ ՌԴ ԶՈՒ-ի «գլխին» թափվող թուրքական Բայրաքթարները…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 01.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031