Ուկրաինայի քայքայումն ու ներկայիս քաոսը մեծապես պայմանավորված են Ուկրաինայի ղեկավարների անհեռատեսությունից, որի ակորդը դարձավ Զելենսկին, որն իր արևմտյան հովանավորներին գոհացնելու նպատակով այնպիսի քաղաքականություն վարեց, որ Ուկրաինան կարճ ժամանակամիջոցում առաջընթացի մեծ հնարավորություններ ունեցող երկրից դասվեց ամենից շատ ձախողված պետությունների շարքին։
Նույնպիսի իրավիճակ էր նաև Վրաստանում, երբ իշխանության եկավ ավանտյուրիստ Սահակաշվիլին, որն իր հովանավորների ակնկալիքներն իրականություն դարձնելու նպատակով Վրաստանի պետական շահերը դրեց հարվածի տակ։ Նա, հաշվի չառնելով ռեալ իրողությունները, իր ուժերից վեր հավակնություններ ներկայացրեց, որի արդյունքում հրդեհներ բռնկվեցին Աբխազիայում ու Հարավային Օսիայում՝ բոլոր հայտնի հետևանքներով։ Կարելի է զուգահեռներ տանել նաև Հայաստանի հետ։
Մեր երկրում ևս փողոցից իշխանության եկան պատեհապաշտ պոպուլիստները, որոնք, չունենալով համապատասխան բազա, մեծ-մեծ խոստումներ էին տալիս հայ ժողովրդին։ Եվ իր խոստումներն իրականություն դարձնելու փոխարեն Փաշինյանը հասցրեց պետությունը վերածել սոցցանցային թատրոնի, երբ երկիրը կառավարում էր քրեական գործերի մասին «բռնոցի-թողոցի» ֆիլմերով, ընդդիմադիրներին հայհոյող ֆեյքերի բանակներով, աննպատակ սելֆիներով ու ֆեյսբուքյան ուղիղ եթերներով։ Փաստորեն, վերջինս քաղաքականությունը կառուցեց ոչ թե զարգացման ու հասարակության համախմբման օրակարգի, այլ անցյալը և նախկին ձեռբքերումները մերժելու շուրջ, որի արդյունքում պառակտեց հասարակությունը սևերի ու սպիտակների, թշնամացրեց քաղաքացիներին, թիրախավորեց ազգային արժեքները և պաշտոնների նշանակեց անորակ կադրերի։ Իսկ արտաքին քաղաքականության ոլորտում Փաշինյանը հասցրեց խաթարել դաշնակից Ռուսաստանի և այլ գործընկեր պետությունների հետ Հայաստանի ունեցած հարաբերությունների բնականոն հունը։ Պետական կառավարման այս ուղղությունների ձախողման արդյունքում էլ հակառակորդը, հասկանալով ճակատագրի ընձեռած պատեհ առիթը, Արցախի դեմ ագրեսիա սկսեց։
Սակայն Արցախի դեմ ռազմական ագրեսիան բավարար չեղավ, որպեսզի իշխանությունները սթափվեին։ Ավելին, նրանք, տանուլ տալով պատերազմը, դեռևս շարունակում են հանրությանը խաբել մանիպուլյացիաներով։ Փաստացի, այն, ինչ անում է հիմա Զելենսկին, 2020 թվականին կատարում էր Փաշինյանը։ Նա մեկը մյուսի հետևից ուղիղ եթերներ էր կազմակերպում, բարոյախրատական ճառեր ասում՝ կոչ անելով զինվորական հագուստ և զրահաբաճկոն վերցնել, կամավորական ջոկատներ կազմել և տեր կանգնել «հաղթանակին»։ Այնինչ, արդեն պարզ էր, որ հայկական կողմը պարտություն է կրում։
Կարդացեք նաև
Սակայն մեկ տարբերություն, ամեն դեպքում, կա. Ուկրաինան այսօր Արևմուտքի լիակատար աջակցությունն է վայելում, իսկ Հայաստանն Արցախյան պատերազմի ժամանակ մնացել էր թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ միայնակ կանգնած, իսկ միջազգային հանրությունը հանդիսատեսի պես միայն լուռ նայում էր և իր «մտահոգությունն» էր հայտնում։ Այս ամենի մեջ կա ոչ պակաս ցավալի հանգամանք. արդյո՞ք այսքանից հետո հասարակություններն իրենց ընտրությունը կատարելիս աչքի առաջ կունենան նշված երկրների (ու ոչ միայն) օրինակները, արդյո՞ք կհասկանան, թե ինչ է կատարվում, երբ իշխանության են գալիս պոպուլիստ պատեհապաշտները։
ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում