Լրահոս
Օրվա լրահոսը

4 ՄԻՊ-երն իրենց արդարացրին, 5-րդը…

Մարտ 01,2022 10:00

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է: Հիշեցնեմ, որ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված հարցման համաձայն, նրա գրասենյակի գործունեությունից գոհ էր հարցմանը մասնակցած քաղաքացիների 68%-ը, եւ նման վարկանիշ պետական ոչ մի այլ կառույց այսօր չունի: Օմբուդսմենի գրասենյակը մեր երկրում իսկապես կայացած ինստիտուտ է, եւ դրանում մեծ է ոչ միայն Արման Թաթոյանի, այլեւ նախորդ երեք օմբուդսմենների՝ Լարիսա Ալավերդյանի, Արմեն Հարությունյանի եւ Կարեն Անդրեասյանի ավանդը:

Քանի որ այդ կառույցը միշտ լավ է աշխատել, պարզ է, որ գործադիր իշխանությունը եւ նրան ենթակա խորհրդարանական մեծամասնությունը դրանից մշտապես դժգոհ պետք է լինեին: Այդպես էլ եղել է 4 օմբուդսմենների եւ Հայաստանի երեք ղեկավարների ժամանակ: Հիշենք թեկուզ Ռոբերտ Քոչարյանի գնահատականը, որը տրվել է Արմեն Հարությունյանի աշխատանքին՝ «նա իմ ամենաանհաջող կադրն է»: Ճակատագրի հեգնանք է, որ ՀՀԿ-ական պատգամավորները քարկոծում էին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին ճիշտ այնպես, ինչպես արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն իր խիստ դժգոհությունն էր հայտնում Արման Թաթոյանից: Ինչպես ասում են, noblesse oblige: ՔՊ-ականները նույնպես՝ անգամ այսօր, երբ Թաթոյանն այլեւս ՄԻՊ չէ, իներցիայով շարունակում են իրենց «պայքարը»:

Խորհրդարանական մեծամասնության կամքով մարդու իրավունքների պաշտպան է դարձել Քրիստինե Գրիգորյանը, որին կասկածում են իշխանությանը չափից դուրս մոտ լինելու մեջ: Նման կասկածներն էլ նորություն չեն. դրանք կային նախորդ 4 օմբուդսմենների վերաբերյալ, սակայն, բարեբախտաբար, հետո նրանք իրենց բարեխիղճ աշխատանքով ցրեցին բոլոր մտահոգությունները: Այնպես որ՝ անկա՞խ կլինի նորանշանակ ՄԻՊ-ը, թե՞ կախյալ, ցույց կտա նրա աշխատանքը: Ցանկալի կլիներ, որ նա, իր նախորդի նման, հատուկ ուշադրություն դարձներ սահմանամերձ բնակավայրերում ապրող մեր քաղաքացիների իրավունքներին:

Կմտնի՞ արդյոք Արման Թաթոյանը քաղաքականության մեջ, թե՞ ոչ՝ դա էլ դժվար է ասել: Այստեղ նույնպես կարող եմ իմ ցանկությունը հայտնել՝ չէի ուզենա, որ նման բան տեղի ունենար: Քաղաքականությունը Հայաստանում մի տեսակ «մանրացնում է» մարդկանց (եթե խուսափենք օտար բառից), դարձնում է նրանց միտքն ավելի կարճ ու պարզունակ, հոգին՝ փոքր, աղքատ, կրքերն՝ ավելի այսրոպեական: Այնպես որ, եթե ինձ հարցնեին, ոչ մի պարկեշտ, մտածող մարդու խորհուրդ չէի տա մաս կազմել այդ՝ գույներից զուրկ աշխարհին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ես շատ դժգոհ եմ պաշտպանի աշխատանքից,իրենց էջում իրենք իբր ունեն իրավաբանական աջակցություն ցուցաբերելու գործառույթ,բայց երբ զանգում ես և փորձում ես աջակցություն ստանալ,քեզ ասում են գնա դատարան դիմի,իրանք միայն քաղաքական հարցերով են վազվզում ու իրենց կոտորում,իրենց հետաքրքիր է հարցեր, որոնք կարող են միջազգային հնչեղություն ունենալ,իրենց միայն հետաքրքրում է կոստյումով հենց նենց ճառեր ասելը,ես չգիտեմ կոնկրետ մի մարդու, ում իրավունքը իրենք պաշտպանել են և կոնկրետ այդ մարդու իրավունքները վերականգնվել են,նա ստացել է փողհատուցում և այլն։Մեր մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը -դա քաղաքական, ինքնանպատակ և պրակտիկ նշանակություն չունեցող կառույց է,որոնք թքած ունեն մարդկանց իրավունքների վրա։Ես շատ կուզեի,որ մարդու իրավունքների ինստիտուտը շատ զուսպ քաղաքական գնահատականներ տար,բայց միարժամանակ, մինչև վերջ պայքարեր կոնկրետ անձերի իրավունքների ոտնահարման դեմ։

  2. Լավատես says:

    ՝Այնպես որ, եթե ինձ հարցնեին, ոչ մի պարկեշտ, մտածող մարդու խորհուրդ չէի տա մաս կազմել այդ՝ գույներից զուրկ աշխարհին:՝
    Միայն ու միայն պարկեշտ, մտածող մարդիկ են ի վիճակի այդ՝ գույներից զուրկ աշխարհին գեղեցկություն հաղորդել, միայն ու միայն հեկուլեսներն են ի վիճակի իրենց ավգյան աշխարհը մաքրել, հո հերկուլեսները չեն ախտոտում, պարզապես քաղաքականությունը նույնպես գիտություն է եւ արարչագործ մարդկանց գործն է, դա նույնքան ծանր բայց պատվավոր աշխատանք է, ինչպես ուսուցչի, գիտնականի եւ ցանկացած այլ արարչագործ մարդու գործը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031