Aravot.am-ի տեղեկություններով, «ՄԻՊ իրավապաշտպան» հասարակական կազմակերպության նախագահ Ներսես Խաչատրյանն օրեր առաջ ահազանգել է ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ Տաթեւ համայնքի աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում՝ հանձնաժողովն ապօրինի որոշում է կայացրել։ Հանձնաժողովի որոշմամբ ընտրված աշխատակազմի քարտուղարը տվյալ ոլորտում չի ունեցել վերջին երկու տարվա աշխատանքային փորձ, ինչը նշանակում է, որ խախտվել են մրցույթ անցկացնելու սահմանված կանոնները:
Ոստիկանությունը պարզել է, որ Տաթեւի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Տաթեւի համայնքի ղեկավար Սամվել Լալայանի որոշմամբ անցկացված մրցույթում հաղթող ճանաչված Մարի Թեւոսյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագրով սահմանված վերջին 4 տարվա ընթացքում հայեցողական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժը ձեռք է բերել «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի(հայեցողական պաշտոն) պահանջների խախտմամբ։
Տաթեւ համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանի 2019թ. հունվարի 10-ի կարգադրությամբ Մարի Թեւոսյանը նշանակվել էր Տաթեւ համայնքի ղեկավարի խորհրդական՝ խախտելով նշված պաշտոնի անձնագրով պահանջվող պայմանները։ Պարզվել է նաեւ, որ Տաթեւի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար այս տարվա հունվարի 5-ին կայացած մրցույթի ժամանակ իրավասու պաշտոնատար անձինք՝ համայնքապետն ու ավագանու մի քանի անդամ տեղյակ են եղել Մ.Թեւոսյանի կողմից օրենքի խախտմամբ աշխատանքային ստաժ ձեռք բերելու մասին։ Սակայն, այդքանից հետո թույլատրել են նրան մասնակցել մրցույթին՝ քվեարկելով նրա օգտին, որի արդյունքում Մարի Թեւոսյանը նշանակվել է աշխատակազմի քարտուղար: Ոստիկանությունում նախապատրաստված նյութերն սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Aravot.am-ի հետ զրույցում Մարի Թեւոսյանը նշեց, որ բացի իրենից, այլ թեկնածու չի եղել, բնականաբար, մենակ է մասնակցել մրցույթին։ Ըստ Մարի Թեւոսյանի՝ մրցույթին մասնակցելու թույլտվության հարցը քննարկելու ժամանակ, հանձնաժողովի անդամ Սեյրան Ավետիսյանի կողմից բարձրացվել է՝ իր Տաթեւ համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնում ունեցած ողջ աշխատանքային ստաժը զրոյացնելու մասին հարցը։
Կարդացեք նաև
«Հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ իբր ես պաշտոնը զբաղեցրել եմ օրենքի պահանջների խախտմամբ, սակայն վկայակոչած փաստի առնչությամբ չի ներկայացրել փաստաթղթային եւ ընթացակարգային որեւէ հիմնավորում։ Եվ քանի որ Տաթեւ համայնքում որոշումները կայացվում են տեղի իշխանությունների, այլ ոչ թե, օրինակ` Սիսիանի (ոստիկանություն ահազանգած Ներսես Խաչատրյանը Սիսիանից է-Ա․Դ․) կամ մարզային այլ իշխանությունների կողմից, եղավ այն՝ ինչ եղավ»,-ասում է Մարի Թեւոսյանը։
Վերջինիս խոսքով՝ այս ամենը «որոշ խամաճիկների ձեռքի գործն է, որոնք պարապ են մնացել»։ «Իմ փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է, իսկ աշխատանքային գերզբաղված գրաֆիկս թույլ չի տալիս ուշադրություն դարձնել նմանատիպ անիմաստ եւ անհիմն հայտարարություններին»,-ասաց Մարի Թեւոսյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: