ՀՀ Լոռու մարզի Թեղուտ բնակավայրի բնակիչներն անհանգստացած են: Նրանք բարձրաձայնում են մի շարք սոցիալական, առողջապահական ու բնապահպանական խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում:
Այսօր «Քաղաքացու ձայնը» հաղորդաշարի եթերում Թեղուտի բնակիչ Մարտին Շախկյանը խոսելով թեղուտցիների զբաղվածության մասին, ասաց, որ 2018 թվականի «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ պայմանավորվածություն է եղել, որ տեղացիները ապահովված կլինեն աշխատանքով, սակայն նրա խոսքով այդպես չի ստացվել:
Մարտինի ընտանիքը գյուղատնտեսությամբ է զբաղվում 1991 թվականից: Ունեցել են սեփականաշնորհված այգի, որը սակայն 2008 թվականին անցել է «Թեղուտ» ընկերությանը. «Այդ հողամասը բավարարում էր մեր ընտանիքի եկամուտները, մի բան էլ վաճառում էինք: Բայց 2008 թվականին, դատարանի վճռով բռնազավթումից հետո այդ հնարավորությունից զրկվեցինք»,- ասում է Մարտինն ու նշում, որ փորձել է իր հողերը վերադարձնել, սակայն ապարդյուն. «Ինձ ասացին, որ դա հնարավոր չի, հողերն այժմ գտնվում են ՎՏԲ բանկում՝ գրավի տակ: Բայց անցած տարի պարզ դարձավ, որ այդ նույն հողերում ընկերությունն զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով: Իրենց ասում եմ՝ հողս տվեք, ես մշակեմ, ձեզ վրա վաճառեմ, ասում են՝ հնարավոր չէ: Ես հիմա միայն տնամերձ հող ունեմ, շատ փոքր այգի է, որը չի կարող եկամուտ ապահովել: Մեր պայքարն այն է, որ Մադանի օրինակով Թեղուտն էլ չդառնա բնակավայր՝ առանց բնակիչների»:
Բնակիչներից Արմեն Մկրտումյանն էլ նշում է, որ բացի աշխատատեղերի խնդիրը, այսօր Թեղուտում ավելի մեծ խնդրի առջեւ են կանգնած, այստեղ առողջությունն առաջնայինն է. «Փորձանմուշներ ենք տվել: Իմ 3 անչափահաս երեխաների մոտ գրանցվել է 10 եւ ավելի տոկոս մկնդեղի թունավորվածություն»:
Կարդացեք նաև
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ 2021 թվականին չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության ՀԿ-ն հետազոտություններ է իրականացրել հանքարդյունաբերության՝ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ: Արդյունքները սակայն գոհացուցիչ չեն եղել. «Մարդկանց օրգանիզմում հայտնաբերված մկնդեղի քանակները 6-7 անգամ գերազանցում են թույլատրելի բարձր շեմերը: Դա կարելի է ընդունել, որպես ազդակ, ահազանգ, որ այսպիսի վիճակ է ստեղծվել շրջակա միջավայրում: Եվ պետք է այդ պատճառահետեւանքային կապն ուսումնասիրվի հենց պետական անվտանգության մակարդակով»:
Այն հարցին ի պատասխան, թե թեղուտցիների եւ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացված խնդիրները լուծում չեն ստացել, Արմենն ասաց. «Ընկերության ղեկավարների հետ մենք չենք հանդիպել, չեն ցանկացել: Մարզպետը խոստացել էր, որ կգա եռակողմ հանդիպում կլինի, բայց չեղավ: Եկավ գյուղ, առանձին իրենց հետ հանդիպեց, հետո մեզ հետ հանդիպեց, խոստումներ, որ հարցը կլուծվի, բայց ինչպես միշտ հարցը մնաց օդում կախված»:
Խոսելով բնակավայրում այլընտրանքային ծրագրերի ներդրման մասին, Օլեգ Դուլգարյանը նշեց, որ անհրաժեշտ է համայնքային տարբեր ֆոկուս խմբերի շրջանում հարցումներ անցկացնել. «Երիտասարդների, կանանց, տղամարդկանց հետ առանձին խոսել, կարծիքներ դուրս գրես եւ իմանաս մարդկանց կարծիքները, թե ինչո՞վ իրենք կարող են զբաղվել»,- ասաց Օլեգն ու նշեց, որ շատ հաճախ եղել են կազմակերպություններ, որոնք խուսափել են Թեղուտում գյուղատնտեսության ոլորտում ներդրում անել, հաշվի առնելով էկոլոգիայի ռիսկերը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ