«Հայկական ֆուտբոլը կարող է զարգացում ապրել և հասնել եվրոպական միջին մակարդակին»։ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանի հետ զրուցել ենք իր կարիերայի, հայկական և արտասահմանյան ֆուտբոլի մասին։
– Ողջույն հարգելի Լևոն, խնդրում եմ հակիրճ ներկայացնես, ինչպե՞ս որոշեցիր զբաղվել ֆուտբոլով և ո՞վ էր քո մոտիվացիայի աղբյուրը։
– Մենք ֆուտբոլային ընտանիք ենք եղել․ հայրս, պապս, հորեղբայրս, հորեղբորս որդին ինչ-որ չափով առնչություն են ունեցել ֆուտբոլի հետ։ Բացի այդ, մեր տունը եղել է ներկայիս Ուրարտու ֆուտբոլային դպրոցի կողքին, որը այն ժամանակ կոչվել է Մալաթիայի ֆուտբոլի դպրոց։ Նաև շատ եմ սիրել ֆուտբոլ դիտել։ Այս ամենը իր ազդեցությունն է ունեցել, որ ես ընտրեմ հենց ֆուտբոլը։ Փոքրուց էլ սիրել եմ ֆուտբոլը, դպրոցում, բակում հաճախ ֆուտբոլ էինք խաղում։ Կարելի է ասել իմ ֆուտբոլիստ դառնալը կանխորոշված է եղել։
– Դու հանդես ես եկել հայկական և արտասահմանյան տարբեր ակումբներում։ Ո՞ր ակումբն է քեզ համար ավելի հոգեհարազատ եղել։
– Դժվարանում եմ առանձնացնել թիմերից մեկին, քանի որ բոլորն էլ հարազատ են եղել իմ համար։ Իհարկե կնշեմ իմ առաջին ակումբը՝ Կոտայքը։ Նաև Շիրակը․ չնայած նրան, որ մեկ տարի խաղացի այնտեղ, բայց այդ տարի իմ վերջին՝ 6-րդ չեմպիոնությունն էր Հայաստանում։ Փյունիկը նույնպես իմ համար հոգեհարազատ ակումբ է եղել։ Արտասահմանից պարսկական Սանատ Նաֆտը կարող եմ նշել, որտեղ 3 հիանալի տարիներ եմ անցկացրել։ Մինչև հիմա էլ երկրպագուները ինձ հիշում են և ջերմ խոսքեր են հղում։ ԵՎ իհարկե չեմ կարող չնշել Լինշոպինգը, որտեղ 4 տարի հանդես եմ եկել և Լինշոպինգը իմ վերջին թիմն է եղել։
– Երբ առաջին անգամ ստացար հավաքականի հրավերը, ի՞նչ զգացողություններ ունեիր։
– Այն ժամանակ դա ինձ համար երազանքի նման բան էր։ Ես միշտ հավաքականի խաղերը մարզադաշտից էի դիտում և հավաքական հրավերը իմ համար երազանք էր, որը կատարվեց։ 2004-ին ստացա հավաքականի հրավերը, այդ ժամանակ ընտրանու մարզիչը Ստոյկիցան էր։ Իմ առաջին խաղը հավաքականում Հունգարիայի ընտրանու հետ դիմակայությունն էր և այդ խաղից բավական լավ հիշողություններ են մնացել։ Հայաստանը ներկայացնելը ինձ համար միշտ մեծ պատիվ է եղել։ Այնպես որ, այդ առումով իմ բոլոր երազանքներն ու նպատակները կատարվել են։
– Ո՞րն է քո երազանքի թիմը։ Խնդրում եմ կազմիր ֆուտբոլային թիմ՝ 5 ֆուտբոլիստից կազմված։
– Այդ հարցի շուրջ շատ չեմ մտածել։ Բայց եթե ընտրեմ ֆուտբոլի պատմության լավագույններին, ապա կնշեմ ֆուտբոլի մեծերին՝ Մարադոնային, Մեսսիին, Պելեին, Զիդանին, Ռոնալդինյոյին, բրազիլացի Ռոնալդոյին և այսպես շարունակ։ Շատ բարդ է կոնկրետ անուններ տալ, քանի որ այդ բոլորին միացնում է ֆուտբոլը, իսկ ֆուտբոլը թիմային խաղ է։ Իմ համար ավելի կարևոր է ֆուտբոլը որպես խաղ, քան անհատները։
– Ո՞վ է քո կարծիքով լավագույն ֆուտբոլիստը, ում դեմ դու խաղացել ես։
– Ես շատ՝ լավ ֆուտբոլիստների դեմ եմ հանդես եկել․ Ռոնալդու, Ստանկովիչ, Յարի Լիտմանեն։ Ինձ համար ամենաուժեղ ֆուտբոլիստը, ում դեմ հանդես եմ եկել՝ Անդրես Ինիեստան է եղել։ Այդ ֆուտբոլիստը ֆանտաստիկայի ժանրից էր իմ համար։ Հիշում եմ Իսպանիայի դեմ խաղը․ Ինիեստան անհնարին մակարդակի վարվելաձև ուներ գնդակի հետ։ Ես ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստ չեմ տեսել իմ կարիերայի ընթացքում, ուղղակի շշմեցուցիչ որակներ ուներ այդ ֆուտբոլիստը։
– Հայկական ֆուտբոլում տեղի են ունենում զգալի փոփոխություններ, քո կարծիքով մեր հավաքականը և ֆուտբոլային ակումբները ունե՞ն շանսեր հասնելու միջազգային հաջողությունների։
– Իհարկե ունեն։ Արդեն կարելի է ասել, որ հայկական ֆուտբոլում մեծ առաջընթաց է նկատվում թե՛ հավաքականի, թե՛ ակումբների մակարդակով։ Մի փոքր կայունացնել է պետք վիճակը և սերնդափոխությունը ավելի սահուն է պետք իրականացնել։ Հավաքականը և ակումբները շուտով կհասնեն եվրոպական միջին մակարդակի և կարծում եմ, այլևս չեն իջնի այդ մակարդակից։ Շատ կարևոր է ոչ միայն հաջողության հասնել, այլ նաև այդ հաջողությունները պահել և ավելի զարգացնել։ Եթե կարողանանք դա անել, ապա հայկական ֆուտբոլը կծաղկի։
– Այս պահին դու մարզում ես շվեդական ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմը։ Հետագայում դու քեզ տեսնում ե՞ս որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի կամ հավաքականի մարզիչ։
– Այո, ես այս տարվանից սկսել եմ իմ մարզչական կարիերան։ Աշխատելու եմ ամեն ինչ անել, որ ավելի առաջ գնամ։ Այս պահին մարզում եմ իմ նախկին ակումբի՝ 17-19 տարեկանների թիմը։ ԵՎ, դրա հետ մեկտեղ, ես էլ եմ սովորում, փորձ ձեռք բերում, նոր բաներ եմ բացահայտում որպես մարզիչ, քանի որ սա լրիվ այլ գործ է, այլ հասկացողություն, և այլ մոտեցումներ է պահանջում։ Ես նոր եմ սկսել իմ մարզչական ուղին և հուսով եմ, որ ժամանակի ընթացքում կզարգացնեմ իմ գիտելիքները և հաջողություններ կգրանցեմ։ Իհարկե, եթե հնարավորություն լինի ավելի բարձր մակարդակում աշխատել՝ կօգտվեմ այդ հնարավորությունից։
Զրուցեց Լևոն Կիրակոսյանը