Մեքենան գազով վարելը շահավետ է: Սակայն մինչ շահագործվելը, այսուհետ գազաբալոնները պետք է ստուգաչափվեն, ապա նոր միայն վարորդն իրավունք ունի գազով շահագործի մեքենան: Տրանսպորտային միջոցների գազաբալոններ տեղադրող եւ սպասարկող առաջին 5 կազմակերպությունները վկայագրեր արդեն իսկ ստացել են: Դրանցից երկուսը գործելու են Երեւանում, երկուսը՝ Շիրակում, մեկը՝ Լոռու մարզում։
Լոռիում գործող լաբորատորիան գտնվում է Սպիտակ քաղաքում: Դրանց տեղակայման համար եւս կան հատուկ չափանիշներ. «Մարդ կա բնակավայրում է տեղադրում, բայց մարդաշատ տեղ չի կարելի այդ ստուգումները կատարել»,- ասում է «Սպարտակ Այվազյան» ԱՁ տնօրեն Սպարտակ Այվազյանը:
Լիցենզիա շահած Սպարտակ Այվազյանը նշված գործով զբաղվում է արդեն 17 տարի: Ասում է՝ ընկերությունում ամեն տարի իրականացվում է փորձաքննություն: Իսկ աշխատակիցների համար էլ յուրաքանչյուր եռամսյակը մեկ վերապատրաստման դասընթաց են անցկացնում. «Բոլոր մեքենաները պարտադիր գալու են տեխզննման կայան: Չի կարող, որ այդ բալոնը ստուգաչափես ու տեղադրես ուրիշ մեքենայի վրա: Որովհետեւ ստուգումներն առաջնահերթ լինելու է մեքենայի պետհամարանիշով»,- ասում է ԱՁ տնօրենը:
Կարդացեք նաև
Այս պահին ամբողջ Լոռու մարզում գործելու է գազաբալոնների տեղադրման եւ սպասարկման, ստուգաչափման ընդամենը մեկ կայան: Իսկ յուրաքանչյուր գազաբալոնի ստուգաչափման համար անհրաժեշտ է մինչեւ մեկուկես ժամ:
Մինչդեռ գազաբալոնների վկայագրեր ստանալու վերջնաժամկետն օգոստոսի մեկն է: Դրանից հետո վկայագրեր չունեցող վարորդներին գազալցակայաններում չեն սպասարկի: Բացի այդ գործելու է նաեւ մեկ միասնական շտեմարան, դրանք հասանելի կլինեն նաեւ ճանապարհային ոստիկանությանն ու պարեկային ծառայությանը: Փոփոխությունները վերաբերվում են ինչպես բնական, այնպես էլ հեղուկ գազալցկայաններին ու բալոններին:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ