Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի օդային տարածքը փակելով այնպես չէ, որ Գերմանիան կամ Անգլիան չեն տուժելու. Ատոմ Մարգարյան

Փետրվար 28,2022 18:45

Ի տարբերություն Հայաստանի 17 կառավարությունների ու քաղաքական իշխանությունների, որոնք 2004 թ.-ին վաճառեցին Հայաստանի պահուստում գտնվող 1,5 տոննա ոսկին, Ռուսաստանի  իշխանությունները շատ խելացի են վարվել եւ իրենց ունեցած 643 միլիարդ դոլար պահուստներից 153 միլիարդ դոլարը ոսկով են պահել՝ Ռուսաստանում: Այսօր այս մասին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ խոսելով ՌԴ պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա թեմայով:

Նրա խոսքով, Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստների 60 տոկոսից ավելին դրսում է, ինչի հետեւանքով ՌԴ Կենտրոնական բանկն այսօր որոշում է ընդունել, որն, ամենեւին էլ չի բխում տնտեսվարողների շահերից. «Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք արտարժույթով վաճառում  են նավթ եւ գազ, իրենց հասույթի 80 տոկոսը Կենտրոնական բանկի սահմանած կուրսով պարտավոր են վաճառել պետությանը: Սա արվում է այն պատճառով, որ պատժամիջոցների փաթեթի մի էական մասը Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստների սառեցման հետ է կապված»:

Ատոմ Մարգարյանի խոսքով, հիմա, երբ ՌԴ-ի նկատմամբ իրականացվող պատժամիջոցների հետեւանքով կարող են ճնշումներ առաջանալ նաեւ հայկական դրամի վրա, փոխարժեքը կայուն պահելու ինտերվենցիաների տեսանկյունից այդ ոսկին կլիներ ռեսուրս:

Թե ինչպես կարձագանքի ՀՀ տնտեսությունը ՌԴ-ի պատժամիջոցներին, ըստ պարոն Մարգարյանի, երկու տարվա ընթացքում, երբ մեր երկրում ճգնաժամային իրավիճակի է՝ կորոնավիրուս, պատերազմ, կառավարությունը պետք է երկիրը փոխադրեր ճգնաժամային կառավարման ռեժիմի՝ առավելագույնս կենտրոնացնելով ռեսուրսները, ստեղծելով պաշարներ, անվտանգության բարձիկներ՝ այդ թվում արտարժույթի, որպեսզի այսպիսի իրավիճակները հնարավոր լինի հաղթահարել. «Միայն զինամթերքի կորուստները կազմել են 2,5-ից 3 միլիարդ դոլար, այդ ամենը պետք է շատ արագ փոխհատուցել: Արտաքուստ տեսնում ենք ֆինանսական կայունություն, բայց ի՞նչ վիճակում է մեր անվտանգության համակարգը, սահմանների կահավորումը, պաշտպանությունը, զենքերի համապատասխան տեսակների ձեռքբերումը»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ օդային սահմանները փակելու պատժամիջոցներին, Ատոմ Մարգարյանն ասաց՝ դրանք երկսայր սուր են եւ այնպես չէ, որ այդ պատժամիջոցի հետեւանքները միայն Ռուսաստանի համար խնդիրներ կստեղծի. «Այնպես չէ, որ Գերմանիան, Անգլիան չեն տուժելու: Եթե ինքնաթիռը Լոնդոնից Ռուսաստանով կարող է հասնել Տոկիո 12 ժամվա ընթացքում, այժմ արդեն մեկ երրորդով այդ ժամանակահատվածն ավելանալու է: Եթե նա շրջանցում է Ռուսաստանի տարածքը, ծախսերը լրջորեն ավելանալու են եւ սահմանափակումներ կիրառողներն այնպես չէ, որ չեն հաշվարկում վնասները: Հայաստանի պարագայում թռիչքները դեպի Եվրոպա, Միացյալ նահանգներ իրականացվում են նաեւ ռուսական ավիաընկերությունների կողմից, նաեւ Կիեւի օդային տարածքով: Այսինքն՝ էական վնասներ են կրելու երկուստեք»:

Ատոմ Մարգարյանը չի կիսում այն տեսակետը, որ տնտեսական պատժամիջոցներով ծնկի կբերեն Ռուսաստանին եւ գտնում է, որ դրանք նախեւառաջ հենց Ուկրաինային են վնասում. «Միայն բանակցություններով պետք է լուծումներ գտնեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28