Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես հասկանում եմ, որ անկախ ամեն ինչից՝ վերջում էլի գալու է «հողատու, դավաճան» թեզը». Վլադիմիր Վարդանյան

Փետրվար 28,2022 17:40

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը քննարկման ներկայացրեց «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում է ապրիլի 10-ը Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր սահմանել:

Վիգեն Խաչատրյան

ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարեց, որ իր համար վիրավորական կլինի, եթե նման օրենք ընդունեն ու տարեկան մի 100 հոգի նշեն ու մի պաշտոնական հայտարարություն արվի. «Ճիշտ կլինի ամբողջական մի օր ընտրենք, ոչ թե մի օր Սումգայիթը նշենք, մի օր Կիրովաբադը, մի օր՝ Մարաղան: Այսինքն, մի հատ ընդհանուր մի բան նշենք, որ մեր ժողովուրդը այդ օրը որպես անընդունելի երեւույթ ընդգծի, որ Ադրբեջանի հանրապետությունում դեպքեր են տեղի ունեցել»:

Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյանը միջամտեց՝ հարցնելով. «Մարաղան ձեզ համար ադրբեջանակա՞ն է»:

Վիգեն Խաչատրյանն ի պատասխան դեպք պատմեց. «Մի հատ երիտասարդ միկրոֆոնը բռնած մտել էր համալսարան, դասախոսին ասում է՝ հիմա ասա՝ Շուշին հայկակա՞ն է, հիմա՛ ասա: Խնդիրը Մարաղայի՝ ադրբեջանական լինելու մեջ չի: Խնդիրն այն է, որ ե՛ւ Լեռնային Ղարաբաղում, ե՛ւ Ադրբեջանում կոնկրետ վայրենություններ են տեղի ունեցել եւ դա կապված է եղել Ադրբեջանի քաղաքականության հետ: Կարող ենք մեզ մխիթարել, որ այս օրն էլ որպես օրենք ընդունեցինք, հետո մտածենք՝ ո՞նց անենք, որ այս օրը նշվի՝ որպես հիշատակի օր»:

Ըստ նրա, էժանացնում ենք դեպքերը, երկրորդ պատճառը հետեւյալն է. «Ես չեմ ուզում մեզ մոտ հոգեբանություն լինի, որ մեզ անընդհատ ջարդել են, չեմ ուզում 10 հատ տոն, հիշատակի օր ունենանք, որ մեզ ջարդել են, սպանել են: Ձեր ցանկությունն ի՞նչ է, որ ձեզ մերժե՞նք, թե՞ որ այդ երեւույթները դատապարտվեն Հայաստանում»:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հորդորեց հեղինակի նախագիծը շրջանառությունից հանել, որ պետական ռեսուրսը ճիշտ ծախսվի:

Արեգնազ Մանուկյանը հայտարարեց. «Այս քննարկումից այնպիսի տպավորություն է, որ այլ շենքից ձեզ հրահանգ է իջեցվել «դեմ» քվեարկել այս նախագծին ու դուք ոչ տրամաբանված հիմնավորումներով փորձում եք համոզել ու հիմնավորել, թե ինչու եք «դեմ» քվեարկում: Ձեր դիրքորոշումն անընդունելի եմ համարում: Շուշիի հռչակագրի մասին հայտարարությունը չընդունելուց հետո ձեր քաղաքական թիմից այլ բան սպասել պարզապես անիմաստ էր»:

Վլադիմիր Վարդանյանն էլ պատասխանեց. «Ես հասկանում եմ, որ անկախ ամեն ինչից, վերջում էլի գալու է «հողատու, դավաճան» թեզը, դրա համար ես այս պահին քննարկումը դադարեցնում եմ ու քվեարկության եմ դնում»:

ՔՊ պատգամավորները նախագծին ձեռնպահ քվեարկեցին, այն բացասական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28