Վերաքննիչ քրեական դատարանում այսօր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու մասին որոշման դեմ պաշտպանական թիմի բողոքը պետք է քննվեր, սակայն նիստը հետաձգվել է։ Դավիթ Տոնոյանի եւ մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով դատական նիստն ընդհանուր իրավասության դատարանում եւս հետաձգվել է։
«Վերաքննիչում մակագրման հետ կապված հարցեր ենք բարձրաձայնել, պարզաբանումներ ստանալու համար դիմել ենք վերաքննիչ դատարանի նախագահին։ Դատավորի ինքնաբացարկի հարց պետք է նաեւ քննարկվի։ Իսկ առաջին ատյանի դատարանում հետաձգման պատճառն այն է, որ մեղադրյալներից մեկն առողջական խնդիրներ ուներ»,- Aravot.am-ին հայտնեց Դավիթ Տոնոյանի պաշտպաններից Սերգեյ Հովհաննիսյանը։ Պաշտպանի փոխանցմամբ՝ վերաքննիչ ատյանում բողոքի քննության օր է նշանակվել մարտի յոթը՝ ժամը 14։00-ին, իսկ առաջին ատյանի դատարանում դատաքննության առաջիկա օրը դեռ նշանակված չէ։
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հիմքեր են առկա պնդելու, որ Դավիթ Տոնոյանն առաջիկայում կալանքից ազատ կարձակվի։ «Բոլոր իրավական հիմքերն առկա են եւ նախկինում էլ առկա են եղել։ Այս փուլում միանշանակ կարող ենք պնդել դա»,-պատասխանեց Սերգեյ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործ է հարուցվել՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու փաստի առթիվ․ մեղադրյալների թվում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավո», ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը։ Փաստաբանական թիմը, հիշեցնենք, գտնում է, որ Դավիթ Տոնոյանի հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ