Գյումրիում երեկ գիշեր Անդրանիկ Օզանյանի արձանի մոտ կատարված սպանությունը բացահայտվել է, սակայն կասկածյալները դեռ հայտնաբերված ու ձերբակալված չեն։
Օպերատիվ հետախուզական ու քննչական աշխատանքներ են կատարվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Կասկածյալները երեքն են, որոնցից երկուսը եղբայրներն են։
Այս մասին տեղեկացանք ոստիկանությունից։
Նշենք, որ երեք կասկածյալներն էլ երիտասարդներ են՝ 25, 28 և 30 տարեկան, նրանցից երկուսը եղբայրներ են։
Կարդացեք նաև
Թե ո՞րն է եղել 1987 թվականին ծնված Վահագն Հարությունյանին դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու պատճառը, մեր տեղեկություններով, քննվում է խիստ նախնական վարկած։
Խիստ նախնական վարկածի համաձայն, ալկոհոլի ազդեցության տակ հայհոյախառն բարձր խոսակցություններ են լսվել, որին միջամտել է, սաստել Վահագն Հարությունյանը, այդ պատճառով վիճաբանություն է ծագել, ու երիտասարդներից մեկը դանակահարել է Վահագն Հարությունյանին։
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունը, ենթարկվել զննության:
Հիշեցնենք, որ տուժողին շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոն էին տեղափոխել՝ «կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ։ Բազմակի կտրած-ծակած վերքեր են եղել գլխի ու ազդրի շրջանում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ