Սեյրան Օհանյանը հանդիպել է ԵՄ-ում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայում արտակարգ եւ լիազոր դեսպան դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը փետրվարի 28-ին հանդիպել է Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության հետ:
Դեսպան Ստեֆան Դիոնը նշել է, որ Կանադայի խորհրդարանի աջակցությամբ Հայաստանի խորհրդարանում նախատեսվում է իրականացնել ծրագիր, որը միտված է լինելու խորհրդարանի ժողովրդավարության բարձրացմանն ու ավելի ապահով երկիր ունենալուն: Ծրագրի նպատակներից է ունենալ այնպիսի աշխատակազմ, որը կլինի ոչ կուսակցական եւ կծառայի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության շահերին: Նշվել է, որ այս կապակցությամբ նախապես իրականացվել են հետազոտական աշխատանքներ:
Դեսպանը հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունի «Հայաստան» խմբակցությունը ծրագիրն առաջիկա հինգ տարում իրականացնելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Խմբակցության ղեկավարը դրական է գնահատել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Նա կարեւորել է աշխատանքի երկարամյա փորձ ունեցող աշխատակիցների ներկայությունը խորհրդարանում, մատնանշել նաեւ իր նկատած խնդիրները, որոնք խոչընդոտում են ժողովրդավարությանը:
Սեյրան Օհանյանը կարեւորել է Հայաստանի եւ Կանադայի, Եվրամիության, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները՝ նկատի ունենալով, որ դրանց հիմքում ժողովրդավարությունն է, գենդերային հավասարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, խաղաղությունը եւ այլ հարցեր:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքներին՝ խմբակցության ղեկավարը կարեւորել է միջազգային հանրության կողմից հասցեական գնահատականների հնչեցումը եւ իրականացված հանցագործություններին ճիշտ եւ լիարժեք արձագանքելը: «Պատերազմից հետո էլ Ադրբեջանի եւ Թուրքիայի հռետորաբանությունը եւ նրանց կողմից կատարված հանցանքները Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ եւ մեր սահմաններից ներխուժումը պետք է արժանի գնահատականի արժանանա այնպես, ինչպես, օրինակ, այսօր եվրոպական ողջ հանրույթը փորձում է արձագանքել Ուկրաինայում տիրող իրավիճակին»,-ասել է Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ այն բարեփոխելու անհրաժեշտություն կա:
ԱԺ