Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անկեղծորեն ուրախ եմ, որ դուք Մարաղան չեք համարում ադրբեջանական». Արեգնազ Մանուկյանը՝ Վլադիմիր Վարդանյանին

Փետրվար 28,2022 16:58

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը քննարկման ներկայացրեց «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում է ապրիլի 10-ը Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր սահմանել: Պատգամավորը ներկայացրեց նախագծի հիմնավորումը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ «սիմվոլիզմի» տեսանկյունից տոներն ու հիշատակի օրերը շատ կարեւոր են. «Օրինակ, համիդյան ջարդերը, որոնք նախերգանք էին ցեղասպանության իրականացման համար, երկու տարի են տեւել, հիմա այդ ջարդերի հետ կապված հիշատակի օր չպե՞տք է ունենանք, կամ Կիլիկիան հալաթափելու Ադանայի կոտորածը հիշատակի արժանի օր չէ՞: Կամ Բաքվի ջարդերը, Գանձակի ջարդը: Այն, ինչ տեղի է ունեցել Մարաղայում, Ադրբեջանի կողմից հայատյացության դրսեւորում է միանշանակ ու նման ջարդերի, կոտորածների, միջազգային հանցագործությունների թիվը բավականին շատ են: Մենք, ըստ էության, բազում օրեր ունենք, որոնք կարող են դիտարկվել՝ որպես հիշատակի օրեր: Մենք հիշում ենք այդ օրերը միայն նրա համար, որ օրենքո՞վ են նախատեսված: Շատերիս համար դա մեր կյանքի, մեր ընտանեկան պատմության մասն է»:

Նա ասաց, որ հայոց պատմության մեջ եթե ողբերգական բոլոր օրերն ամփոփեն, կստացվի, որ ազատ օր մեր օրացույցում ըստ էության չի մնա: Վլադիմիր Վարդանյանը նաեւ նշեց, որ երբ Ցեղասպանության օրը, երբ գնում է Ծիծեռնակաբերդ, գնում է՝ հարգելու ոչ միայն ցեղասպանության զոհերի, այլ նաեւ՝ համիդյան, Ադանայի, մնացած բոլոր ջարդերի զոհերի հիշատակը:

Արեգնազ Մանուկյանն էլ արձագանքեց, որ եթե Վլադիմիր Վարդանյանի տրամաբանությամբ առաջնորդվեն, «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքը պետք է ընդհանրապես չեղարկեն: Նա առաջարկեց, որ ՔՊ-ականներն էլ մյուս ջարդերի հետ կապված նախաձեռնություն բերեն եւ Վլադիմիր Վարդանյանն հարցրեց՝ Մարաղան ձեզ համար ադրբեջանակա՞ն է: Լսելով Վարդանյանի պատասխանը, որ Մարաղան երբեք չի դիտարկել ու չի էլ դիտարկելու՝ որպես ադրբեջանական՝ նա արձագանքեց. «Անկեղծորեն ուրախ եմ, որ դուք Մարաղան չեք համարում ադրբեջանական, իրոք, անկեղծորեն ուրախ եմ»:

Նա հայտարարեց, որ այս նախագծին ՔՊ-ականների «դեմ» քվեարկելը անհասկանալի կլինի, որովհետեւ եթե նախորդ նախագծերը մերժում էին՝ ասելով, որ ընդդիմությունը շոու է սարքում, այս դեպքում այդ պատճառաբանությունն էլ չեն կարող բերել:

Հարակից զեկուցող Արփի Դավոյանն ասաց, որ առանց որեւէ օրացույցի էլ գիտենք, թե ինչ է եղել ու դա մեր պատմության անբաժանելի մասն է: Նա հորդորեց «դեմ» քվեարկել՝ ասելով, որ մենք ավելի սարսափելի իրադարձություններ ենք ունեցել մեր պատմության մեջ:

Արեգնազ Մանուկյանը եզրակացրեց՝ ՔՊ-ն դեմ է այս նախագծին, որ «Տոների եւ հիշատակի մասին» օրենքը ավելորդ օրերով չծանրաբեռնվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28