Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա նույնպես բացասական ազդեցություն կթողնեն: Այսօր «Մեդիա կենտրոնում» այս մասին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Ըստ նրա, Ռուսաստանը SWIFT համակարգից անջատելու Արեւմուտքի որոշումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ բանկային, ֆինանսական նաեւ արժեթղթերի շուկաների վրա, բաժնետոմսերով կատարվող գործարքների, արտարժույթի եւ խնայողությունների բոլոր սեգմենտների վրա:
Հիշեցնենք, որ SWIFT-ը համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն է, որը ծածկում է ֆինանսական բոլոր գործարքների դաշտը, ցանցային է եւ նրա ազդեցությունները բոլոր բանկերի վրա էլ տարածվում են:
Ատոմ Մարգարյանի խոսքով, արգելք է դրվել նաեւ դոլարով գործարքներ կատարելու վրա. «Իսկ Ռուսաստանի նաեւ Հայաստանի տնտեսությունները դոլարիզացված են: Մարդիկ մտածում են դոլարով, խոշոր գործարքներն անում են դոլարով, կուտակումների ու նաեւ տեղաբաշխումների կեսից ավելին իրականացվում են դոլարով: Հետեւաբար, այդ կարգի պատժամիջոցները, սահմանափակումներն իրենց ազդեցությունները կթողնեն»:
Անդրադառնալով ռուսական ռուբլու սրընթաց արժեզրկմանը, տնտեսագետը նշեց՝ ռուսական ռուբլին ավելի քան 100 տոկոսով արժեզրկվել է. «Մեկ ռուբլին գնվում է 2,5-3 դրամով, բայց, որքան էլ պարադոքսալ է, վաճառվում է նույն գնով, ինչքանով որ նախորդ երկու օրերին էր՝ 5,5 դրամ: Դա նշանակում է, որ սպեկուլյատիվ ուժեղ գրոհ կա ռուբլու, հայկական դրամի վրա, որովհետեւ մարժան բավական մեծ է: Կենտրոնական բանկը միջամտելու խնդիր չունի, որովհետեւ ԿԲ-ն, ընդհանրապես դրամավարկային քաղաքականություն իրականացնող կառույցները պետք է ֆինանսական կայունությունն ապահովեն, ինչը արվում է, դրամն առայժմ պահպանում է իր կայունությունը»:
Կարդացեք նաև
Ատոմ Մարգարյանի խոսքով, ռուբլու այսպիսի արժեզրկումը, արտաքին առեւտրային գործարքների տեսանկյունից, խիստ բացասաբար կանդրադառնա Հայաստանից արտահանման վրա. «Արտահանումը թանկանում է, սովորական գյուղմթերքի պարագայում անգամ կորուստները տեսանելի ժամանակահատվածում լինելու են զգալի, եւ առաջիկայում կնքվելիք պայմանագրերի մասով նույնպես խնդրահարույց է, որովհետեւ շուկան հայտնվել է տուրբուլենտ ցնցումային վիճակում եւ այս իրավիճակում երկարաժամկետ պայմանագրեր կնքելը դառնում է ոչ նպատակահարմար»:
Ըստ նրա, թվում է՝ ռուբլու արժեզրկումը բարենպաստ կարող է լինել ներմուծման առումով, սակայն այդ կարծիքը տնտեսագետը չի կիսում, «Դոլարի այդպիսի թռիչքը բերելու է ռուսական շուկայում զգալի գնաճի եւ երկակի ազդեցությունը կարող է լինել բացասական»:
Պարոն Մարգարյանը նաեւ ասաց, խոշորածավալ ներկրումներ՝ ինչպիսիք են վառելիքը, հացահատիկը, դրանց շուկաները եւս Ռուսաստանում ենթարկվում են ճնշումների եւ արդեն իսկ թանկացման միտումներ են ցույց տալիս. «Այս առումով Ռուսաստանի Կենտրոնական բանկը ստիպված է ֆորս մաժորային լուծումներ տալ: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9,5-ից հասցվել է 20 տոկոսի, որի նպատակներից մեկը գնաճային ճնշումները զսպելն է»:
Տնտեսագետի խոսքով՝ ռուբլու արժեզրկումը հարվածելու է նաեւ Հայաստան եկող տրանսֆերտներին. «Այն եկամուտները, որ մեր հայրենակիցը ստանում է Ռուսաստանում, կրկնակի արժեզրկվել են»:
Ատոմ Մարգարյանը սակայն չբացառեց, որ ռուսական ռուբլին կրկին կբարելավվի դիրքերը, քանի որ Ռուսաստանի իշխանություններն այդ ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ