2022 թվականի փետրվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 863 զանգ:
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 7 ելք, որից 2-ը տրանսպորտում, 4-ը աղբանոցներում և մեկը չոր խոտածածկ տարածքում:
Արձանագրված հրդեհի դեպքերից բարեբախտաբար տուժածներ չկան:
Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնումները:
Մարտունու շրջանում իրականացված որոնումների ընթացքում փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն:
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ այս շաբաթ Ասկերանի շրջանից հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 23 ռումբ, 29 պայթուցիչ, հակահետևակային 15 և ականանետի 7 ական, 1889 արկ, 5 հրթիռ և 10 ձեռքի նռնակ:
Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 17, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 22 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 և վերելակի 3 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 3 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 5 կանչերի:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայություն