Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարադատության նախարարությունը, չունենալով նման գործառույթ, փաստացի հսկողական գործառույթ է իրականացրել». Ռուբեն Մելիքյանը՝ Վազգեն Ռշտունու գործի մասին

Փետրվար 28,2022 16:36

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) փետրվարի 28-ին շարունակեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը:

Հիշեցնենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացվել էր արդարադատության նախարարության կողմից, այն հիմքով, որ շուրջ 10 գործերով դատավոր Ռշտունին թույլ է տվել մի շարք դատավարական խախտումներ:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքը Ռշտունու՝ երկարատև արձակուրդ մեկնելու պատճառով քրեական գործերը վերամակագրելն է:

Վազգեն Ռշտունու պաշտպան Սիրանույշ Սահակյանը, խոսելով ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրության մասին, որի հիման վրա էլ ներկայացվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն, ասաց. «Արդարադատության նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու է նախաձեռնել այդ ուսումնասիրության անցկացումը: Մեր կասկածները փարատված չեն առ այն, որ արդարադատության նախարարությունը ուսումնասիրություն իրականացրել է հենց այն հիմքերը ստեղծելու համար, որպեսզի հարուցվի կարգապահական վարույթ: Նախարարությունը չի կարողացել հստակեցնել ուսումնասիրության ժամկետներն ու առարկան, մեթոդաբանությունը, ուստի ուսումնասիրությունը հիմնավորված չէ»:

Սիրանույշ Սահակյանը պնդեց՝ արձակուրդի հիմքով դատական գործի վերամակագրումը եղել է համընդհանուր պրակտիկա ու շարունակեց. «Նախարարությունը դատավորի կողմից իրեն չառնչվող օրենքի դրույթի խախտումը որակել է դիտավորությամբ կատարած: Այս դեպքում փորձ է արվում ոչ թե իր կողմից կատարված գործողությունը, այլ դատարանի բնականոն գործունեության իրականացնելուն ուղղված գործունեությունը համարել դիտավորությամբ կատարված: Միջնորդության քննության արդյունքներով լիովին և աներկբա հիմնավորվում է, որ դատավորի՝ վերոնշյալ արարքում իսպառ բացակայում է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը: Միջնորդությունը մերժելու հիմք է այս վարույթում ԲԴԽ կողմից կայացվելիք օրինական որոշումը՝ վարույթի մերժումը»:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչները միջնորդություն ներկայացրին, որ դատական դեպարտամենտը տրամադրի 2021-ին Վերաքննիչ դատարանի դատավորների՝ գործերի վերամակագրման հետ կապված տեղեկատվություն: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցն այս առիթով ասաց. «Դուք ասում եք, որ արձակուրդի հիմքով գործերի վերամակագրումը ընդունված պրակտիկա է, իսկ մեր տվյալներն էլ հակառակն են ցույց տալիս: Օբյեկտիվ պատկերը ստանալու համար դատական դեպարտամենտը կարող է ամբողջական տվյալներ տրամադրել»:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ ԲԴԽ–ն միջնորդությունը մերժելու որոշում կայացրեց: Վազգեն Ռշտունու պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ միջնորդեց ներկայացնել զեկուցագրում նշված ուսումնասիրությունը և հիմնավորեց. «Մեր պատկերացմամբ՝ այս ողջ պատմությունը սկսվել է հենց այդ ուսումնասիրությունից: Մենք ենթադրում ենք, որ կա ինչ-որ ավարտուն փաստաթուղթ, որի հիման վրա պարոն Ռշտունու հետ կապված հետևություններ են արվել: Մեզ մոտ հիմա տպավորություն առաջացավ, որ լավ էլ հսկողական, օրենքով արգելված գործունեություն է իրականացվել: Խնդրում ենք փարատել մեր կասկածն առ այն, որ արդարադատության նախարարությունը, չունենալով նման գործառույթ, փաստացի հսկողական գործառույթ է իրականացրել: Խնդրում ենք ներկայացնել զեկուցագրում վկայակոչված որևէ նյութական կրիչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28