Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առողջության այնպիսի ապահովագրություն, որը չի դառնա բեռ տնտեսության զարգացման համար

Փետրվար 28,2022 15:49

Առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը՝ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագծի մասին

-Առողջապահության նախարարությունը կառավարություն է ներկայացրել Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծ: Դեռ շատ տարիներ առաջ, իննսունական թվականներին, Դուք առաջինն էիք, որ հեղինակեցիք բժշկական ապահովագրության մասին օրենքի նախագիծը: Ի՞նչ ընթացք ունեցավ այդ գործընթացը, ի՞նչ ունենք այսօր Հայաստանում` առողջության ապահովագրության տեսակետից:

-Այո, իսկապես, դեռ 1995-96 թվականներին ես աշխատանքային խումբ էի գլխավորել, եւ մենք պատրաստել էինք բժշկական ապահովագրության մասին օրենքի նախագիծ։ Այն ժամանակ կոչել էինք բժշկական ապահովագրություն, հիմա ընդունված է անվանել առողջության ապահովագրություն, որն ավելի ճիշտ է սահմանում ապահովագրության իրական նպատակը: Այդ ժամանակ կառավարությունը, որպես առաջին քայլ, առավել նպատակահարմար գտավ ոչ թե միանգամից առողջության պարտադիր ապահովագրության, այլ պետպատվերի շրջանակներում բժշկական ծառայությունների ապահովման համակարգի ներդրումը: Իսկ պարտադիր ապահովագրության ներդրումը պիտի լրացներ այս համակարգը հետագայում` տնտեսության ավելի բարենպաստ ժամանակահատվածում:

Առողջապահության նախարարի պաշտոնը 1997 թվականին թողնելուց հետո էլ շարունակել եմ աշխատել առողջության ապահովագրության գաղափարի զարգացման ուղղությամբ։ Կարելի է ասել, որ անցած 25 տարվա ընթացքում ապահովագրական համակարգը Հայաստանում բավական զարգացել է եւ այսօր կան 6 կայացած ընկերություններ, որոնք իրենց գործունեությունը ծավալում են ապահովագրության տարբեր ուղղություններով:

Գալով առողջության ապահովագրությանը՝ պետք է նշել, դա հիմնականում ապահովագրություն է, որը կրում է կամավոր բնույթ եւ ուրախալին այն է, որ գործատուները մեծամասամբ ապահովագրել են իրենց աշխատողների առողջությունը:

-Իսկ որքա՞ն իրատեսական եք համարում այսօրվա նախագիծը` առողջության համապարփակ ապահովագրության մասին:

-Ես միանշանակ կողմ եմ, որ Հայաստանում լինի առողջության պարտադիր ապահովագրություն: Այդ թեման դեռ Արսեն Թորոսյանի նախարարության ժամանակից է բարձրացվել, նա, ի դեպ, բավական ճկուն էր տարբեր կարծիքներ լսելու եւ որոշումներ ընդունելու առումով, եւ ներկա նախարար Անահիտ Ավանեսյանն ու փոխնախարար Լենա Նանուշյանը շարունակում են այն ներդնելու գործընթացը: Վստահ եմ, որ նրանց հիմնական նպատակն է ապահովել բժշկական ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունը մեր քաղաքացիների համար եւ նպաստել հանրային առողջության բարելավմանը: Եվ հույս ունեմ, որ իմ մտավախություններն ու մտքերը ներկայացնելով` կարող եմ նպաստել ճիշտ համակարգի ներդրմանը:

-Նախագծում փաստորեն խոսք է գնում 6% «նոր հարկի» մասին, սա հնարավոր կլինի՞ իրականացնել, ըստ Ձեզ:

-Առաջին հայացքից թվում է, որ դա միայն առողջապահության նախարարության իրավասությունն է։

Բայց դա այնքան էլ այդպես չէ: Առողջության պարտադիր ապահովագրության իրականացման մեխանիզմներում շատ գերատեսչություններ ունեն իրենց մասնակցության մասը, պատասխանատվությունը եւ շահագրգռվածությունը, այդ թվում՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունները, պետական ​​եկամուտների կոմիտեն, կենտրոնական բանկը եւ այլ գերատեսչություններ։

Պետք է այնպիսի համակարգ ներդնել, որը կնպաստի տնտեսության եւ հասարակության զարգացմանը` ապահովելով առողջ հանրություն եւ առողջ աշխատուժ, եւ միաժամանակ չի դառնա բեռ` տնտեսության զարգացման համար:

Ես ունեմ մտավախություն. այս պահին խոսել 6 տոկոս պարտադիր ապահովագրավճարի մասին` իրատեսական չէ: Դա շատ բարձր թիվ է մեզ նման, կներեք, աղքատ երկրի համար: Ընդ որում` բարձր է թե ցածր, թե բարձր աշխատավարձ ստացողների համար, թե նվազ շրջանառություն ունեցող տնտեսվարողների, թե բարձր աշխատավարձ վճարող կազմակերպությունների համար:

Ես կողմնակից եմ սոցիալական արդարությանն ու համերաշխությանը: Ինքս, երբ նախարար էի եւ ուսումնասիրում էի այդ թեման, առաջինն այցելել եմ Ֆրանսիա եւ Հայաստան հրավիրել Ֆրանսիայի «Սեկյուղիտե սոսիալի» փորձագետներին` ուսանելու նրանց փորձը, լսելու նրանց կարծիքը: Նրանք մի կարգախոս ունեն, որն ինձ շատ դուր է գալիս` հարուստը աղքատի համար, առողջը` հիվանդի:

Բայց փորձել ներդնել բժշկական ծառայությունների մի փաթեթ, որը նույնիսկ մեզանից տնտեսապես զարգացած երկրները իրենց թույլ չեն տալիս, որոնց համախառն ներքին արդյունքը մի քանի անգամ մեծ է մեր ՀՆԱ-ից, ապա, վստահ եմ, մեր երկրում այն կլինի ոչ իրատեսական:

-Ինչո՞ւ, ի՞նչն է խնդիրը, ինչպե՞ս կբացատրեք Ձեր մտավախությունները:

-Եթե ​​հարցին մոտենաք այն տեսանկյունից, որ ես բժիշկ եմ եւ բժշկության այն ոլորտների մասնագետ, որտեղ բժշկական ծառայությունները բավական թանկ են, ապա տրամաբանությունը կարծես թելադրում է, որ ես պետք է գոհ լինեմ առողջության ապահովագրության մեծ փաթեթի ներդրումից։

Բայց ես հարցին մոտենում եմ համապարփակ: Նոր բարձր «հարկը» կործանարար ազդեցություն կունենա առանց այն էլ մեծ դժվարություններով զարգացող տնտեսության վրա։ Ներկայումս մենք ունենք անվճար բժշկական ծառայությունների բավական լավ փաթեթ երեխաների, հղիների, զինծառայողների եւ բնակչության սոցիալապես անապահով խավերի համար եւ այս ամենը վճարվում է պետբյուջեից: Պետք է քայլ առ քայլ գնալ առաջ, այլ ոչ թե միանգամից հաստատել շատ լայնածավալ մի ծրագիր եւ փորձել դրանում ընդգրկել ամեն ինչ: Ռուսերեն մի ասացվածք կա` «Нельзя объять необъятное», այսինքն` անհնար է գրկել անսահմանությունը:

Իմ կարծիքով, այս փուլում մենք պետք է սահմանափակվենք միայն աշխատող քաղաքացիների ապահովագրությամբ։ Պետք չէ ակնկալել, որ աշխատող քաղաքացիները վճարեն իրենց կենսաթոշակառու ծնողների առողջության ապահովագրության համար: Աշխատող քաղաքացիները պետք է վճարեն միայն իրենց առողջության ապահովագրության համար, իսկ երեխաների, կենսաթոշակառուների, զինծառայողների եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց համար ֆինանսավորումը պետք է լինի պետբյուջեից, քանի որ վերը նշված աշխատողներն արդեն իսկ վճարել են եկամտահարկ, իսկ տնտեսավորող սուբյեկտները` համապատասխան այլ հարկեր:

Անհրաժեշտ է սահմանել հիմնական բժշկական ծառայությունների մի փաթեթ, որը հարկային մեծ բեռ չի առաջացնի աշխատողների համար: Եվ հարկ է հստակեցնել հիմնական բժշկական ծառայությունների ծավալը այնպիսի մասշտաբով, որ ապահովագրությունը աշխատող մարդու համար արժենա մոտավորապես 3 տոկոսի սահմաններում, ընդ որում` որոշելով վերին եւ ստորին սահմանները (ոչ պակաս եւ ոչ ավելի, քան): Այսպես կրկին միաժամանակ պահպանվելու է սոցիալական համերաշխության մոտեցումը. բարձր վարձատրվողներն ավելի շատ կվճարեն, քան ցածր վարձատրվողները, սակայն տարբերությունը կլինի ողջամիտ սահմաններում, այլ ոչ թե մի քանի տասնյակ անգամ։

Կարծում եմ, որ այս փուլում չպետք է գործատուների համար նոր պարտադիր «հարկ» սահմանել` առողջության համապարփակ ապահովագրության վճարի տեսքով։ Սա կարող է հանգեցնել բազմաթիվ ձեռնարկատերերի գործունեության դադարեցմանը: Եթե ​​ձեռնարկատերերի այն մասը, որը վաճառում է իր արտադրանքը Հայաստանում, կբարձրացնի գները եւ դրանով կձգտի ծածկել նոր «հարկը», ապա այն ձեռնարկատերերը, որոնք իրենց արտադրանքն արտահանում են արտերկիր եւ դժվարությամբ են դիմանում մրցակցությանը, հնարավոր է լուրջ խնդիրներ ունենան` ընդհուպ մինչեւ արտահանման հարկադիր դադարեցում:

Իմ ասածը չի նշանակում, որ գործատուները չպետք է հոգ տանեն իրենց աշխատողների առողջության համար։ Այս փուլում նրանք դա պետք է անեն կամավոր ապահովագրության միջոցով։ Հարկ է նշել, որ դրան նպաստում է օրենսդրական դաշտը՝ որոշակի սահմաններում նրանց ազատելով հարկերից. վերջին երկու տասնամյակների ընթացքում մի քանի անգամ աճել է առողջության կամավոր ապահովագրության ծավալը։

-Ձեր կարծիքով առողջության համապարփակ ապահովագրությունը պետք է լինի միայն պետության ստեղծելիք ապահովագրական կազմակերպությա՞ն, ասենք` հիմնադրամի, գործառույթը, թե՞ դա կարող են իրականացնել նաեւ ապահովագրական մասնավոր ընկերությունները:

– Իմ պատկերացմամբ, եթե պետությունն օրենքի ուժով դնում է պարտադիր ապահովագրավճար, ապա նա պետք է ձեւավորի առողջապահական կոնսոլիդացված բյուջե, որի մեջ պիտի լինեն եւ ապահովագրական վճարները եւ իր` բյուջեից բժշկական օգնության եւ սպասարկմանն ուղղված հատկացումները: Սա շատ կարեւոր մոտեցում է, որպեսզի հնարավոր լինի բալանսավորել հանրային առողջապահության, առողջության առաջնային պահպանման եւ բժշկական մասնագիտական ծառայությունները: Համեմատաբար ցածր ծախսերը ճիշտ կազմակերպված հանրային առողջության եւ առողջության առաջնային պահպանման ոլորտում կանխում են մասնագիտացված բժշկական օգնության բարձր ծախսերը, որոնք թանկ են հատկապես հիվանդանոցային ծառայություններում:

Սակայն ես գտնում եմ, որ չի կարելի այս գործընթացից դուրս թողնել արդեն կայացած մասնավոր ապահովագրական ընկերություններին: Նրանց կարողությունները, ներուժը պետք է օգտագործել եւ պարտադիր ապահովագրական ծառայություններին գումարել կամավոր ապահովագրական ծառայությունները, որոնք կարող են բավական մեծ ֆինանսական ռեսուրսներ ներգրավել դեպի առողջապահություն:

Որպեսզի քաղաքացին չդիմի ապահովագրական 2 ընկերությունների, ապա կարելի է աուտսորս անել` պարտադիր ապահովագրական ծառայությունները տանելով դեպի մասնավոր ապահովագրական ընկերություններ, բայց դնելով մասնավոր ընկերությունների առջեւ մի պայման, որ ի լրումն պարտադիր ապահովագրական փաթեթի նրանք ձեւավորեն կամավոր ապահովագրական հավելյալ փաթեթ` ոչ պակաս արժեքով, քան համապարփակ ապահովագրական բազային փաթեթի արժեքի 50 տոկոսն է: Այս պայմանը բավարարելու դեպքում ապահովագրական մասնավոր ընկերություններին պետք է տալ հնարավորություն` կամավոր եղանակով ապահովագրված անձանց սպասարկել նաեւ բազային փաթեթի շրջանակներում հետեւյալ կերպ. պարտադիր ապահովագրության համար հավաքագրված ապահովագրական վճարները պետք է պահվեն պետության ստեղծած ապահովագրական հիմնադրամում, բազային փաթեթի ծածկույթով հատուցելի ծառայության դեպքում մասնավոր ապահովագրական ընկերությունը պետք է դիմի ապահովագրական հիմնադրամին եւ ստանա տվյալ ծառայության արժեքը, գումարած որոշակի տոկոս` իր գործառնական ծախսերի համար: Այնուհետեւ բժշկական ծառայության արժեքը մասնավոր ապահովագրական ընկերությունը պետք է փոխանցի համապատասխան բուժհաստատությանը:

Մնացած քաղաքացիները, որոնք չեն ունենա կամավոր ապահովագրություն, բազային փաթեթի շրջանակում կստանան ծառայություններ, որոնց ծախսերը կփոխհատուցի անմիջապես պետության ստեղծած պարտադիր ապահովագրական հիմնադրամը:

– Փաստորեն մասնավոր ապահովագրական ընկերությունները կդառնան պետական ապահովագրական հիմնադրամի գործակալնե՞ր: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է նրանք շահագրգռված լինի, եթե միայն գործառնական ծախսերը ստանան եւ այդ մասով շահույթ չունենան:

-Ճիշտ հարց եք տալիս. ես չէի կոչի գործակալ, ես կկոչեի գործընկեր: Սա շատ արդյունավետ համագործակցություն կլինի.

·         Եթե մասնավոր ընկերությունը դա չանի, կկորցնի բոլոր այն հաճախորդներին, որոնք իր մոտ ապահովագրված էին կամավոր հիմունքներով: Բայց լինելով պետական ապահովագրական կազմակերպության գործընկեր՝ նա կպահպանի եւ անգամ կընդլայնի հաճախորդների շրջանակը` տալով նրանց ավելի մեծ հնարավորություններ կամավոր ապահովագրության սահմաններում:

·         Այստեղ շահագրգիռ է եւ պետական ապահովագրական կազմակերպությունը, քանի որ իրեն ցանց է պետք` գործը կազմակերպելու համար, եւ այդ ցանցի մի մասը կարող են կազմել փորձառու մասնավոր կազմակերպությունները: Հաշվի առնելով, որ այս ամենն իրականացվելու է էլեկտրոնային համակարգով` Արմեդի միջոցով, եւ ֆինանսական ու առողջապահական բոլոր տեղեկությունները լինելու են թափանցիկ, ապա պետությունը որեւէ մտավախություն չի ունենա:

·         Առողջապահության համակարգը նույնպես շահագրգռված պետք է լինի այս տարբերակով, քանի որ կամավոր ապահովագրական ընկերություններին պարտադիրների հետ նույն լծակում պահելը առնվազն 50%-ով կավելացնի ֆինանսական միջոցների հոսքը դեպի առողջապահական համակարգ։

-Իսկ ո՞վ է վճարելու կամավոր ապահովագրության համար։

-Գործատուն կվճարի կամավոր ապահովագրության համար։ Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ շատ գործատուներ պատրաստ են վճարել իրենց աշխատողների առողջության ապահովագրության համար՝ դրանով աջակցելով աշխատողի առողջության պահպանության իրավունքին, ինչպես նաեւ ապահովելով ձեռնարկության անխափան եւ որակյալ գործունեությունը առողջ աշխատողներով։

Համոզված եմ, որ եթե չշարունակեմ միտքս, հարց կտաք. միգուցե առողջության համապարփակ ապահովագրության նախագծի հեղինակներն առաջարկեն այդ ապահովագրավճարի մի մասը նույնպես դնել գործատուի՞ վրա:

Իմ առաջարկը կոնցեպտուալ առումով տարբերվում է այդ մոտեցումից։

Նախ, յուրաքանչյուր գործատու կարող է ընտրել ապահովագրական փաթեթի այն ծավալը, որը կարող է իրեն թույլ տալ` ելնելով իր բիզնեսի այդ պահի վիճակից։ Երկրորդ, նա պատրաստ է վճարել իր աշխատողի առողջության ապահովագրության համար, բայց նա պատրաստ չէ վճարել աշխատողի ծնողների կամ չաշխատող հարազատների առողջության ապահովագրության համար։ Նա արդեն պարտաճանաչ վճարել է բոլոր այն հարկերը, որոնցից գոյանում է պետական ​​բյուջեն, որը պետք է իր հնարավորությունների սահմաններում բժշկական ծառայություններ ապահովի թոշակառուներին եւ բնակչության այլ կարիքավոր խավերին։

-Փաստորեն Դուք առաջարկում եք մի մոդել, որը մի կողմից կապահովի բնակչության առողջությունը, մյուս կողմից` չի խոչընդոտի տնտեսության զարգացմանը:

-Այո, Դուք շատ ճիշտ ամփոփեցիք իմ միտքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28