Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ժողովուրդն ունի իրավունքներ, եւ որեւէ կառավարության կեցվածք չի կարող դա փոխել»․ Էլիզաբեթ Չուլջյան

Փետրվար 28,2022 15:41

«Հզորացնել ՀՀ-ԱՄՆ կապերը, պաշտպանել Արցախը, հասնել նրան, որ ԱՄՆ կառավարությունն օժանդակի Արցախին․ Հայ դատի հանձնախմբի աշխատանքն անփոփոխ է։ Միաժամանակ, ԱՄՆ կառավարությունը պետք է վերացնի օժանդակությունն Ադրբեջանին։ Վերջին տարիներին ԱՄՆ կառավարությունը մոտ 120 միլիոն դոլար է տրամադրել Ադրբեջանին՝ այն դեպքում, երբ Ադրբեջանն է ամեն դեպքում եղել հարձակվողն Արցախի եւ ՀՀ-ի վրա»,-«Հայ հեղափոխական դաշնակցության» 34-րդ ընդհանուր ժողովի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ամերիկայի հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

«Կատարվածը ոչ միայն Արցախի հանդեպ էր։ ՀՀ սուվերեն հողի վրա դեռեւս 1000-ից ավելի ադրբեջանական զորք կա։ Հետեւաբար, ԱՄՆ կառավարությունը պետք է հստակ ազդակ հղի Ադրբեջանին, որ օժանդակությամբ չի կարելի «կանաչ լույս» վառել Ադրբեջանի հարձակողական քայլերի շարունակականության համար։ Այսօր հիշատակում ենք Սումգայիթը, Բաքուն, Գանձակը, Մարաղան, որոնք յուրահատուկ դեպքեր չէին, այլ շարունակականություն։ Այսօր էլ  Ադրբեջանի կառավարությունը շարունակում է նույն քայլերը։ Հայ դատի հանձնախմբի տեսակետն այն է, որ հիմա ԱՄՆ կառավարությունը պետք է կասեցնի օժանդակությունն Ադրբեջանին»,-նշեց Էլիզաբեթ Չուլջյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ՀՀ-ն երբեք չի վարել հայ դատի քաղաքականություն, Էլիզաբեթ Չուլջյանը շեշտեց․ «Հայ ժողովուրդն ունի իրավունքներ։ Որեւէ կառավարության կեցվածք կամ խոսք չի կարող դա փոխել։ Հայ դատի հանձնախումբն աշխատել է վերջին հարյուր տարում՝ ոչ միայն հայոց ցեղասպանության ճանաչման, այլեւ արդար լուծման ուղղությամբ։ Առաջադիմությունը տեսանք նախորդ տարի, երբ նախագահ Բայդենը ճանաչեց այն։ Բայց հատուցման, արդարության համար աշխատանք կա անելու, եւ հայ ժողովուրդը պետք է աշխատի այդ ուղղությամբ։ Որեւէ կառավարություն չի կարող առնել ոչ միայն այս սերնդի, այլեւ ապագա սերնդի պայքարելու իրավունքը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28