Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին խնդրեց հանձնարարական տալ գովազդային վահանակների պաստառները փոխելու ժամը կարգավորել։ Արեյանը նշեց, որ գովազդատուները ցերեկային երթեւեկի ինտենսիվ ժամին փակում են փողոցները եւ փոխում գովազդային վահանակների վրայի իրենց գովազդային պաստառները, ինչը լուրջ խցանումներ է առաջացնում․ «Պետք է գտնեն մի հարմար ժամ, դրա վրա կանգնակներով աշխատանքը կատարեն այնպիսի ժամերին, որ երթեւեկությունը կաթվածահար չլինի»։
«Տեղին դիտարկում է, այդ խնդիրը կա։ Վերջերս Տերյան փողոցի վրա էին փոխում, խցանում էր առաջացել»,-արձագանքեց քաղաքապետը։ Նա հանձնարարեց խնդիրը կարգավորել․ «Գովազդի թույլտվությունը մենք ենք տրամադրում, հորդորենք մեր գործընկերներին համապատասխան ժամին անեն, բայց դրան զուգահեռ թույլտվությունները տրամադրելիս՝ գովազդի փոխարինման համար կոնկրետ ժամ նշենք, որ լիազորություն ունենանք, եւ ովքեր չեն պահպանի՝ պատասխանատվության ենթարկելու հնարավորություն ունենանք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ