Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ընթացքում բացօթյա ապօրինի առեւտրի խնդրի քննարկման ժամանակ դիմեց մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանին, եւ ուշադրություն հրավիրեց փողոցային երաժիշտների գործունեության վրա։
«Մի հատ բան էլի, եթե չեմ սխալվում, տարիներով խոսում ենք ու բան չենք անում։ Երաժշտությունը, որ տենց տարբեր երաժշտություններ են Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակի մոտ, «դըխկըլը-ցըխկըլը», չգիտեմ, ինչ-որ տարբեր բաներ։ Նորմալ երկրներում, չգիտեմ, էն որ մենք միշտ օրինակ ենք բերում՝ եվրոպական երկրներում էս է, եվրոպական երկրներում՝ նենց է, ո՞նց է կարգավորվում էդ երաժշտությունը։ Ենթադրում եմ՝ ինչ-որ ցանկ պետք է լինի, որը հաստավի քաղաքային իշխանության կողմից, էդ մարդիկ գնան բան անեն, անունն ինչ է․․․ մի խոսքով, էդ միջոցառումն իրականացնեն։ Բայց հաստատվի ցանկը համայնքի ղեկավարի կողմից։ Տենց ինչ-որ մեխանիզմ է պետք մտածել»,-ասաց քաղաքապետը։
Գոշ Սարգսյանը պատասխանեց․ «Շատ լավ, մտածենք, պարոն քաղաքապետ»։
«Չէ։ Նույնիսկ մտածել էլ պետք չի։ Հիմա որ գուգլով «սըրչ» տաք, վստահ եմ ՝ էդ կարգավորումներն ինչ-որ տեղ կան»,-արձագանքեց Հրաչյա Սարգսյանը։
Կարդացեք նաև
Նա հանձնարարեց հաջորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացնել առաջարկ, թե ինչպես է կարգավորվում փողոցային երաժշտությունը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ