Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նկատեց, որ ողջ նիստի ընթացքում ՔՊ պատգամավորները «ծիծաղում էին ու իրենց շատ անդաստիարակ էին պահում: Իրենց պահվածքը նման է մանկապարտեզի, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք մանկապարտեզում ենք գտնվում»:
ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն իր ելույթում պատմական ակնարկ կատարեց՝ սկսելով հեղափոխությունից. «Դանակը հասավ ոսկորին եւ ՀՀ-ում հեղափոխություն եղավ: Խնդիրը նրանում էր, որ իշխանությունն իր անօրինականությունը փորձում էր օրինականացնել ռեպրեսիվ ապարատով, այդ թվում՝ կալանավայրեր, դատախազներ: Վերջապես բոլորս հասկացանք, որ դա լավագույն ձեւը չի, իշխանությունը չպիտի հենվի կրիմինալի վրա ու հասարակությունը պետք է որոշի՝ ում դարձնի իշխանություն: Մենք դժբախտաբար տեսնում ենք նախկին իշխանության ներկայացուցիչներին, որոնք նորից ուզում են հենվել կրիմինալի վրա ու գալ իշխանության: Այս ոճը դուրս չի եկել մեր կենցաղից ու այդ կեղտը կարա մտնի այլ հարթակներ: Մենք էլ ենք ժողովրդի հետ հանդիպում, մեզ էլ են դժգոհում, թե ինչու եք այդքան ձգձգում, ինչու են բացահայտ հանցագործները, մարդասպանները քաղաքական գործչի պատկեր հագել, մեզ շատ են երեսով տալիս՝ այս ի՞նչ եք անում:» Այս փոքր երկրում բոլորը շատ լավ գիտեն ով ով է ու որեւէ մեկը հրեշտակի դեմքով չի կարա ման գա»:
Ըստ նրա, հիմա ջերմոցային պայմաններ չեն ՔԿՀ-ներում, բայց նախկինի հետ անհամեմատելի է. «Այն ժամանակ կոմպրոմատներ էին հավաքվում, չգիտե՞ք ինչքան մարդու ճակատագիր է այլանդակվել: Այն այլանդակությունները, որ ցուցումով կատարվում էին ու այն պրոպագանդայի ձեւը, երբ լրագրողների էին գնում իշխանությունները, հիմա գոնե մինիմիզացվել է, չեմ ասի՝ իսպառ վերացվել է: Բայց հակառակն է շարունակվում արդեն՝ այդ բարքերով ապրող մարդիկ նույն կերպ շարունակում են»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ երբ հարցը այսպես հում բերում են հանձնաժողով, վերածվում է շոուի, պետք էր մինչ այդ աշխատանքային քննարկում անել. «Եթե դուք ուզում եք ցույց տալ, որ մենք վատն ենք, ես ձեզ միշտ օգնելու եմ ու «դեմ» եմ քվեարկելու: Ձեր ամբողջ պահվածքը ցույց է տալիս, որ դուք քոք եք մաշացնում, դա է ձեր լիդերի նպատակը: Երկու օր առաջ էի Շիրակի մարզում, ծիծաղում էին մեզ վրա, մեզ մարդիկ ասում են՝ մոռացեք դրանց, ձեր գործով զբաղվեք: Մեզ կշտամբում են, որ ձեզ հետ ժամանակ ենք կորցնում: Որովհետեւ մարդկանց պետք չի, որ քոք մաշացնեք, ամենաանդաստիարակ ձեւով դաստիարակությունից խոսեք: Այսօր ես իհարկե «դեմ» եմ քվեարկելու…Մեզ համոզեք, որ դա մեզ պետք է, ժողովո՛ւրդ ջան, ոչ թե՝ սա մեզ պետք է, որ ես գնամ Առուշին տեսնեմ, որ գնամ մեկին տեսնեմ, որի շաքարը պետք է բարձրանար, երբ գիշերը հանրային գույք էր փշրում, ա՛յ ն վախտ պիտի շաքարը բարձրանար»:
Վիգեն Խաչատրյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը. «Մի՛ ջանացեք, ձեր տեսակետները բոլորին հայտնի են: Նախկինների մասին խոսելուց հիշեք, որ դուք ամենանախկիններից մեկն եք: Ձեր հիշողությունը հատվածական է ու այն, ինչ հիմա նկարագրում եք՝ իբրեւ նախկինում տեղի ունեցած, 150%-ով կատարվում է այսօր»:
Վիգեն Խաչատրյանը տեղից մեկնաբանություններ էր տալիս, արձագանքում ու նկատողություն ստանում, ի վերջո՝ Աղվան Վարդանյանի ելույթի ժամանակ ցուցադրաբար դուրս եկավ նիստերի սրահից ու ներս մտավ միայն ելույթի ավարտից հետո:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ