Քաղաքապետարանում այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձ կատարվեց մայրաքաղաքում իրականացվող բացօթյա առեւտրին։ Առեւտրի եւ ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը զեկուցեց, որ բացօթյա ապօրինի առևտրի վերաբերյալ կազմվել են վարչական իրավախախտման 10 արձանագրություններ։
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց՝ մշակված օրենքի նախագիծն ո՞ր փուլում է․ «Ինձ փողոցում տարբեր մարդիկ են մոտիկանում եւ հարցադրում անում՝ մենք հարկեր ենք վճարում, տարածքի վարձ վճարում, ուրիշ «տնտեսվարողներ» առանց հարկ տալու, տարածքի վարձ տալու նույն ապրանքը նույն գնով վաճառում են»։
Հովիկ Սաֆարյանն ասաց, որ նախագիծը մեկ տարուց ավելի է՝ շրջանառվում է․ «Տեղեկություն չունենք, թե որ փուլում է։ Ձեր անունից հարցում էինք ուղարկել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, սպասում ենք պատասխանի։ Ամբողջ փաթեթը փոխանցել եմ պարոն Գրիգորյանին (նկատի ունի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, Ն․Բ․)։
«Պարոն Գրիգորյան, ճիշտ է, ֆորմալ կողմն էլ է բան, բայց ոչ ֆորմալ կողմով, եթե պետք է՝ գնանք հանդիպենք, խոսենք։ Ինքը պատուհաս է դարձել։ Ամբողջ Հյուսիսային պողոտան ոնց որ առեւտրի կենտրոն դարձած լինի։ Մենք հիմա հա կտանենք, հա կտուգանենք, կստացվի, որ ինչ-որ գործ ենք անում, բայց արդյունքը չկա։ Այսինքն, իրավական գործողություն պիտի անենք , որ կարողանանք առաջ գնանք։ Էդ որ բերում են, ասում են՝ տուն ենք պահում, ընտանիք ենք պահում, բան։ Օքեյ, լավ ա, բայց էդ չի նշանակում, որ մնացած քաղաքացիների հաշվին պետք է իրականացվի։ Էդ սնունդը ու մնացածը, որ փողոցում, Մաշտոցի պողոտայի վրա ծախում են, հորդորում եմ քաղաքացիներին գնում չիրականացնել։ Դա դրված է գետնին, Մաշտոցի վրա ամենաշատ արտանետումներն են տեղի ունենում, ավտոմեքենաների քանակը շատ է, խցանումը՝ շատ, էդ ամեն ինչը գալիս՝ շերտ-շերտ նստում է մթերքին։ Հետո տանում եք ձեր էրեխեն է ուտում, թոռն է ուտում, դուք եք ուտում։ Հետո տարբեր առողջական խնդիրներ են գալիս։ Այսինքն, եթե մենք ընդեղից առեւտուր չիրականացնենք, իրենք չեն լինելու այնտեղ։ Այլընտրանք տվել էինք, տեղ հատկացրել էինք․․․»,-ասաց քաղաքապետը։
Կարդացեք նաև
Հովիկ Սաֆարյանը հաստատեց, որ փողոցային առեւտրով զբաղվողների համար առանձին տեղեր են հատկացված, սակայն շատերն անբարեխիղճ են գտնվում։
«Բամբեյի բանն է էլի, որտեղ՝ լիքը մարդ, չեմ ուզում բան անեմ․․․ իրենք էլ հա խնդիր ունեն, բնակչությունը՝ բավականին մեծ, բան էլի, տարբեր ռեսուրսների ու բաների խնդիր ունեն, բան։ Բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ դա կանոնակարգվի։ Ընդեղ նենց ավտոմեքենաներով են, ու նենց ավտոմեքենաներ չեն, որ հացի փող չունեն, եկել են հացի փողի համար ․․․սիրուն արդեն դասավորած, սենց դրած, բան։ Ավտոն հետեւը կանգնած, տենց ինչ-որ գծած բան է։ Իրենք ընդեղ օրվա հացի խնդիր լուծողներ չեն»,-ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Սաֆարյանն էլ հավելեց, որ թեեւ նրանց այլընտրանք են տրամադրել, սակայն, օրինակ մարդիկ կան, որոնք խանութ էլ ունեն, բայց նախընտրում են դրան զուգահեռ՝ փողոցում էլ անել առեւտուր, լավ առևտուր են անում․ «Այստեղ վարչարարության արդյունավետության բարձրացման խնդիր ունենք։ Միշտ այդ հարցը քննարկվել է, տուգանել ենք, արդյունքը չենք տեսնում»։
Քաղաքապետը Սուրեն Գրիգորյանին հանձնարարեց խնդրին ուշադրություն դարձնել, եւ կարծիք հայտնեց, որ օրենքի նախագիծը արդյունավետ կաշխատի․ «Մեկ-երկու կանենք ու բոլորի համար հավասար պայմաններ կլինի։ Էն, ով որ վարձի փող է տալիս, իրենք էլ են ընտանիք պահում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ