Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենամեծ թշնամին է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, եթե դա այդպես չէ, ապացուցեք ձեր քվեարկությամբ». Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ին

Փետրվար 28,2022 14:25

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը ներկայացրել էր «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: 2017-ին նմանատիպ մի նախագիծ ՀՀԿ-ի իշխանության օրոք ներկայացրել ու մերժվել էր «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վարդեւանյանն առաջարկում է պատգամավորին թույլ տալ, որ անարգել մտնի ՔԿՀ ու ահազանգ ունենալու դեպքում հանդիպի տվյալ կալանավորին, ձերբակալվածին, տեսնի՝ խոշտանգվո՞ւմ է, թե՞ ոչ:

Արամ Վարդեւանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հիշեցրեց, որ երբ Փաշինյանի այդ նախագծի բովանդակությամբ մի նախագիծ բերել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասել էր. «Եթե ես իրավունք ունեմ մուտք գործել հիմնարկ, որտեղ գտնվում են ձերբակալված կամ կալանավորված անձինք, բայց որեւէ մեկին չեմ կարող տեսնել, պետք է գնամ սուրճ խմեմ, դա նշանակում է, որ ես այդ իրավունքը չունեմ»: Նա առաջարկել էր միջանկյալ տարբերակ գտնել, որ պատգամավորն ունենա հնարավորություն տեսնել՝ այդ կալանավորվածը խոշտանգվա՞ծ է, թե՞ ոչ, ուղղել նրան որոշակի հարցեր. «Դա կանխարգելիչ մեխանիզմ է, եթե ՔԿՀ-ում իմանան, որ 132 պատգամավորներից կարող են ցանկացած ժամի մուտք գործել անարգել, զգոն կլինեն»:

Խամոյանը եզրակացրեց, որ այս երկու տարվա մեջ Վարդանյանի վարքագծում շատ բան է փոխվել: Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց, որ իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ չի փոխվել, բայց 2-3 տարի անընդմեջ բերել այս նախագիծն ու փորձել տպավորություն ստեղծել, թե խնդիր կա ՔԿՀ-ներում, ճիշտ չէ:

Արեգնազ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նկատեց, որ ողջ նիստի ընթացքում ՔՊ պատգամավորները «ծիծաղում էին ու իրենց շատ անդաստիարակ էին պահում»: Նա հորդորեց հարգել իրենց, նոր հարգանք պահանջել. «Իրենց պահվածքը նման է մանկապարտեզի, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք մանկապարտեզում ենք գտնվում»:

Լարվածությունը լիցքաթափեց «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը, որը հորդորեց չնյարդայնանալ: Իր ելույթում նա ասաց, որ այսօր իշխանություն են, վաղը կարող են լինել ընդդիմություն ու իրենք նույն խնդրի առաջ կանգնեն, հետեւաբար նախագիծը բոլորին է պետք. «Առուշ Առուշանյանին դնում են մի հատ մեքենա, տանում են Գորիս, բերում են, դա ինքնին արդեն խոշտանգում է, թե ձեզանից մեկի հետ այդպես վարվեն, վստահ եմ՝ երեք օր ԱԺ չեք կարող գալ: Ո՞րն է ռիսկը, որ ես չեմ կարող տեսակցել նրան»:

Արփինե Սարգսյան

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ կարող է այնպիսի ինֆորմացիայի փոխանցում լինի, որ քննության ընթացքը լրիվ շեղի. «Եթե օրինակ արդարադատության նախարարի տեղակալը եւս անարգել մուտքի ելքի իրավունք ունի, բայց եթե կա քննիչի որոշում արգելքի մասի, առանձին ռեժիմով նրան տեսակցելու իրավունք չունեմ ես»:

Արթուր Դավթյան

ՔՊ պատգամավոր Արթուր Դավթյանի կարծիքով, նախագծով պատգամավորին փորձում եք սարքել ե՛ւ ԲԴԽ անդամ, ե՛ւ փաստաբան, որի կարիքը չկա:

Ագնեսա Խամոյանը մեջբերեց տարիներ առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Փաշինյանի խոսքը՝ ԱԺ-ում. « Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդարադատության նախարարությունը եւ մասնավորապես քրեակատարողական վարչությունը կոպտորեն խախտում է ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին 48-րդ հոդվածը եւ հնարավորություն չի տալիս տեսակցել մի շարք անձանց հետ պատգամավորներին: Խոսքը «Սասնա ծռերի» մասին է: Օրենքը հստակ սահմանում է, բայց այս ապօրինությունը ԱԺ պատգամավորների նկատմամբ այս էլ որերորդ անգամ տեղի է ունենում: Ավելի կոպիտ խախտման է գնացել ԱԱԾ-ն, որը ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայր պատգամավորի մուտքի եւ ելքի իրավունքը խոչընդոտել է»:

Խամոյանը Փաշինյանի այս խոսքերը մեջբերելով՝ ասաց, որ կառավարության ներկայացուցիչը բարդ ստորադասական նախադասություններով այն նույն հիմնավորումները ներկայացնում, ինչ այն ժամանակ անում էր իշխող ուժը՝ Փաշինյանի նախագծի վերաբերյալ. «Այսօրվա նիստից մնալու է մեկ նախադասություն՝ իշխող ուժի պատգամավորները «դեմ» քվեարկեցին մի օրինագծի, որը ժամանակին հենց Նիկոլ Փաշինյանն էր հեղինակել ու ներկայացրել հանրության դատին»:

Նա դիմեց ՔՊ-ականներին՝ հարցնելով՝ ո՞րն է խնդիրը, որ չեն ուզում ընդունել նախագիծը, խնդիր կա, չէ՞, որ չեն ուզում ընդունել ու խնդիրը քաղաքական է ոչ թե իրավական է. «Չեք ուզում, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորները այցելեն Առուշ Առուշանյանին, Նարեկ Մանթաշյանին, եթե կուզեք՝ Դավիթ Տոնոյանին: Ակնհայտ է, որ այստեղ խնդիրը քաղաքական է ու ձեր քվեարկությամբ դա եք փաստելու, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենամեծ թշնամին է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի: Եթե դա այդպես չէ, ապացուցեք ձեր քվեարկությամբ»:

ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ վարչապետի առաջարկը կապ չունի այսօրվա նախագծի հետ. «Անարգել հաղորդակցությունը բերել ասել՝ տեսակցությո՞ւն է: Տեսակցության մասին խոսք չի գնացել, խոսքը անարգել հաղորդակցության մասին է»:

Վլադիմիր Վարդանյանն ի վերջո հորդորեց լրամշակել, նոր ներկայացնել: Վարդեւանյանը առաջարկեց ընդմիջում հայտարարել, նոր խմբագրված տարբերակը այդ ընթացքում պատրաստել ու նոր դնել քվեարկության:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28