Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեֆան Ֆրուխտ. «Դիրիժորի նպատակներից է ոգևորել երաժիշտներին և հնարավորություն տալ արտահայտել հույզերը»

Փետրվար 28,2022 14:12

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և ջութակահար Դիանա Ադամյանը դիրիժոր Ստեֆան Ֆրուխտի ղեկավարությամբ ներկայացրին արևմտաեվրոպական դասական երաժշտության դպրոցի ներկայացուցիչներ Ֆելիքս Մենդելսոնի Ջութակի կոնցերտը և Ֆրանց Շուբերտի «Մեծ սիմֆոնիա» թիվ 9-ը։

Դիանա Ադամյանը ջութակ սկսել է նվագել 5 տարեկանից։ Մենդելսոնի Ջութակի կոնցերտի առաջին մասը կատարել է 10 տարեկանում, իսկ հետագայում սովորել և նվագել է նաև կոնցերտի մյուս մասերը։

Ջութակահարուհու մեկնաբանմամբ այն խորը, զգացմունքային ստեղծագործություն է։

Դիրիժոր Ստեֆան Ֆրուխտը նշում է, որ ուրախ է տեսնել, որ Հայաստանում դասական երաժշտության մեծաթիվ հետևորդներ կան, աշխարհի բազմաթիվ բեմերում ելույթ են ունենում մեծանուն հայ երաժիշտներ, մենակատարներ։

Մաեստրոն, խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին, նշում է, որ նվագախմբում մթնոլորտը հիանալի է, երաժիշտները ներդաշնակ են գործում։ Յուրաքանչյուր նվագախումբ ունի իր առանձնահատկությունները, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ըստ դիրիժորի, յուրահատուկ է լարային գործիքների հնչողությամբ։ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն առանձնանում են նաև նվագելու մեծ ցանկությամբ և երաժշտությունը մատուցում են մեծագույն հաճույքով։ Եվ եթե, օրինակ, եվրոպական որևէ նվագախմբում երաժիշտները գալիս ու իրենց գործը լավ կատարելով հեռանում են, ապա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում նկատելի է, որ երաժիշտներն ընկերներ են, նրանք աշխատում են մի նպատակի շուրջ, նվագում են ու հաճույք ստանում։ Դիրիժորը պետք է կարողանա մոտիվացնել նվագախմբին: Այդպես անում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը»,- նշեց Ստեֆան Ֆրուխտը՝ ավելացնելով, որ դիրիժորի նպատակներից է ոգևորել երաժիշտներին և հնարավորություն տալ արտահայտել հույզերը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28