«Այսօր Խորհրդային Ադրբեջանում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է: 34 տարի առաջ այս օրերին խաղաղ հայ բնակչությունը զանգվածային բռնությունների, սպանությունների, խոշտանգումների, խեղումների ու հրկիզման էր ենթարկվում ադրբեջանական զինված ավազակախմբերի կողմից…Հայերին սպանում էին հայ լինելու համար…Իրականում դժվար է պատկերացնել, թե Ադրբեջանի իշխանությունների կողմից որքան ատելություն, հայատյացություն է սերմանվել ադրբեջանցիների շրջանում, որքան են բորբոքել բռնության կոչերն հայերի նկատմամբ, որ հարյուրավոր սումգայիթցի ադրբեջանցիներ իրականացրել են նման դաժան, անմարդկային գործողություններ»,-նշեց թեմայի վերաբերյալ ԱԺ-ում կազմակերպված կոնֆերանս-քննարկման ժամանակ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Սրածայր մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով եւ այլ միջոցներով զինված ադրբեջանցի ջարդարարները ավազակախմբերով ներխուժում էին նախապես նշանառված հայկական բնակավայրեր, սպանում մարդկանց իրենց տներում, որոշ դեպքերում փողոցներում` հրապարակային ծաղրուծանակի ենթարկելով»,-հավելեց նա: Նաեւ փաստեց, որ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում հայ բնակչության կոտորածները, էթնիկ զտումները, որոնք հիշեցնում էին 1915թ Հայոց ցեղասպանությունը, հետագայում եւս սկսեցին պարբերական բնույթ կրել:
«Ադրբեջանը հայատյացությունը դնելով պետական քաղաքականության հիմքում` շարունակաբար բորբոքում եւ բռնության կոչեր էր իրականացնում հայ բնակչության նկատմամբ, բարձրացնում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցու զինվորական կոչումը: Ադրբեջանի շարունակական եւ հետեւողական բնույթ կրող գործողությունները հայ բնակչության նկատմամբ տեղավորվում են պետական մակարդակով խրախուսվող ցեղասպան քաղաքականության մեջ»,- ի թիվս այլնի` ընդգծեց Թագուհի Թովմասյանը:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ ՄԵլքոնյանի ձեւակերպմամբ, այս հանդիպումը շատ կարեւոր է. «Մենք ժամանակ առ ժամանակ պետք է համաշխարհային հանրությանը հիշեցնենք այս ողբերգության մասին: Իմ կարծիքով, քաղաքական գնահատականը, որ միջեւ հիմա տրվել է, վերջնական ձեւակերպումով որպես ցեղասպանություն չի արձանագրվել, ինչը մեր կողմից թույլ տրված սխալներից մեկն է…
Կարդացեք նաև
Զանգվածային կոտորածներ, ցեղասպանական գործողություններ` նման ձեւակերպումներ կան, բայց տեսեք, որ մեր հարեւանները տեղի չունեցածը, մասնավորապես Խոջալուի իրադարձությունները կարողացան ոչ միայն ձեւակերպել որպես ցեղասպանություն, այլեւ հասնել նրան, որ աշխարհի որոշ երկրները բանաձեւեր ընդունեն այդ իրադարձության վերաբերյալ` իրականության հետ որեւէ եզր չունենալու պարագայում»:
Աշոտ Մելքոնյանը շեշտեց. «Կարծում եմ, որ մեր Ազգային ժողովը պետք է անպայմանորեն դրան անդրադառնա եւ հստակ ձեւակերպում տա, որ սա նույն ցեղասպանության ամբողջական շղթան է, որը սկսվում է 1905թ. փետրվարի 6-ից, երբ Բաքվում սկսվեցին հայկական կոտորածները»: Ապա թվարկեց դրան հաջորդող բոլոր իրադարձությունները` ընդհուպ 1920թ հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին տեղի ունեցածը, երբ Կարմիր բանակի հետ միասին թաթարական հրոսակախմբերը ներխուժեցին Սյունիքի տարածք եւ կազմակերպեցին կոտորածներ, հետո նաեւ նորագույն ժամանակներում` 1988թ Սումգայիթից սկսած մինչեւ 1990թ Բաքվի կոտորածներ, եւ վերջապես 2016թ Ապրիլյան պատերազմ, 2020թ 44-օրյա պատերազմ:
ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանի խոսքով, հայկական կողմը անելիքներ ունի, եթե միջազգային հանրությունը համարժեք չի արձագանքել կատարվածին: Ասաց, որ հանդիպումը լավ առիթ է քննարկելու, թե ակադեմիական հանրությունը, եւ այս գործընթացներով զբաղվող մարդիկ ինչ չեն արել, որպեսզի ավելին ունենայինք:
«Ադրբեջանն ունի հայամերժության պետական ծրագիր, մենք դրա դիմաց ունե՞նք որեւէ պետական ծրագիր, հայեցակարգ` այդ ամենի դեմն առնելու համար: Ընդ որում, դա արդեն Ադրբեջանում դարձել է ազգային նպատակ…Այստեղ հավաքված մասնագետները հսկայական գործ ունեն անելու, բայց այդ գործը կարգավորելու, կորդինացնելու պահանջ ունի: Իմ կարծիքով Ազգային ժողովի օգնությամբ նաեւ մենք կարող ենք ձեւակերպել նպատակային խիստ որոշակի ծրագրեր»,-հավելեց Պավել Ավետիսյանը:
«Ցանկացած մեկը պետք է իմանա, որ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացնող պետություն է»,- ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ Նա եւս հնչեցրեց այն հարցը, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը պետականորեն պետք է համապատասխան ձեւակերպում ստանա ՀՀ ԱԺ-ի կողմից:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ