Ծանրամարտի երիտասարդական առաջնության ավարտից հետո՝ այս տարիքային խմբի Հայաստանի հավաքական ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը Aravot.am-ին ասաց. «Ուրախալի է, որ անցած տարվա համեմատ այս առաջնությանը ավելի շատ մասնակից ունեցանք:
Մարզիկների ցույց տրված արդյունքները դեռ միջին մակարդակում են, ինչը այդպես էլ պետք է լինի, քանի որ, ըստ էության, մրցաշրջանը նոր է սկսվում ու ծանրորդները դեռ իրենց լավագույն մարզավիճակին հասնելու ճանապարհին են: Իսկ լավագույն մարզավիճակը նրանց պետք է գալու մայիսի 1-ից 10-ը Հունաստանում կայանալիք աշխարհի ու աշնանը Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնություններում:
Հիմա մենք կընտրենք հավաքականների թեկնածուներին, որոնց հետո աշխարհի առաջնության նախապատրաստվածությանը նվիրված երեք ուսումնամարզական հավաքներ կկազմակերպենք մեկը՝ Ծաղկաձորում եւ երկուսը՝ Երեւանում: Մարզչական խորհրդով որոշել ենք այդ հավաքներում ներգրավել բոլոր թեկնածուներին: Որոնք պատրաստ կլինեն աշխարհի առաջնությանը, կմեկնեն Հունաստան, իսկ մյուսները կշարունակեն նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ