«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2017-ին նախագիծ էր բերել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին ու ՀՀԿ-ին համոզում էր ընդունել այն: Նա վստահեցնում էր, որ օրենքը թույլ է տալիս պատգամավորներին, որ առանց խոչընդոտի ելումուտ անեն քրեակատարողական հիմնարկներ, բայց այնտեղ պահվող անձանց հետ հանդիպումը կարող են թույլ չտալ: Փաշինյանի նախագիծը այն ժամանակվա իշխանությունը մերժեց:
Նրա իշխանություն դառնալուց հետո նույնաբովանդակ նախագիծ ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Պարզվեց, որ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի նախագիծը իշխանություն դարձած Փաշինյանի կառավարությունը չընդունեց:
Այսօր էլ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցությունն էր նմանատիպ նախագիծ բերել:
Նախագծի հեղինակ Արամ Վարդեւանյանն ասաց, որ պատգամավորները իրավունք ունեն մուտք գործել ցանկացած փակ հաստատություն՝ լինի դա ՔԿՀ, ՁՊՎ, թե այլ. «Այնպես է ստացվել, որ օրենքի մեկնաբանությունը իրացվում է այն տրամաբանությամբ, որ մուտքն ու ելքը եւ անձին տեսնելը տարբեր հասկացություններ են: Պատգամավորը պետք է ունենա ահազանգ ունենալու դեպքում հետադարձ կապ: Օրինակ, մարդը, ընտրողը զանգում է պատգամավորին եւ ասում է՝ ամուսինս ՔԿՀ-ում է եւ նրան խոշտանգման են ենթարկել՝ եղունգներն են քաշել, մատներն են կտրել կամ պարզապես շաքարն է բարձրացել: Պատգամավորը գնում է քրեակատարողական ու ասում է՝ ուզում եմ տեսնել՝ այդ կալանավորված անձի մատները տե՞ղն են, թե՞ չէ: ՔԿՀ-ն արգելելու է, ասում է՝ քննիչն արգելել է տեսակցություն: Մենք ի՞նչ ենք ասում՝ տեսակցություն չենք ուզում, ուզում ենք տեսնել՝ այդ մարդուն խոշտանգե՞լ են, թե՞ չէ, մատերը կտրվա՞ծ են, թե՞ չէ, կենդանի՞ է, թե՞ չէ, այդ մարդու ձեռքը ջարդա՞ծ է, սովի՞ է մատնված, սննդից զրկվա՞ծ է, թե՞ չէ: Ըստ էության ստացվում է, որ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում, ինչն աբսուրդ է: ԱԺ պատգամավորի իրավունքների սահմանափակում է ու պետք է վերացվի»:
Կարդացեք նաև
Նա նաեւ այլ իրավական հիմնավորում ներկայացրեց: Ըստ նրա, կառավարությունը գտնում է, որ քննիչի որոշումն ավելի կարեւոր է, քան՝ ներկայացուցչական մարմնի անդամի իրավունքը: Նա ասաց, որ եթե պատգամավորի գործունեությունը մեղավորության կանխավարկածով են դիտարկում, որ կարող է խոչընդոտի նախաքննությանը, տեղեկատվություն տանի-բերի, ապա այդ օրինազանց պատգամավորին քրեական հետապնդման ենթարկեք:
Արամ Վարդեւանյանը նաեւ նշեց, որ ԲԴԽ անդամները անարգել մուտք ու ելք կարող են ունենալ ՔԿՀ-ներ, ցանկացած պահի տեսակցել դատավորին, եթե կոնկրետ այդ անդամի վերաբերյալ քննիչի՝ տեսակցությունը սահմանափակելու որոշում չկա: Ստացվում է, որ ԲԴԽ անդամի իրավունքներն ավելի լայն են, քան՝ պատգամավորինը:
Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը կառավարության դիրքորոշումը ներկայացնելիս ասաց. «Եթե խոսքը վերաբերում է տեսակցությանը, դրանք այլ ռեժիմ են ենթադրում, դիմում ես ՔԿՀ պետին, մի հատ էլ ազատությունից զրկված անձի կարծիքն ես հարցնում, հսկողության ներքո տեսակցում: Տեսակցությունը փորձել հավասարեցնել անարգել մուտքի, ելքի իրավունքին ոչ ընդունելի մոտեցում է»:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարցրեց՝ լավ, պատգամավորի նպատակը ո՞րն է, եթե պիտի մտնի զուտ շենքային պայմանները տեսնի, մտնի սուրճ խմի ու դուրս գա, այս կարգավորման իմաստը կորում է:
Փոխնախարարը պատասխանեց, որ երկու ռեժիմի պետք է բաժանել՝ երբ որ կա կալանավորին տեսակցելու որոշում եւ երբ չկա: Եթե կա, պատգամավորն իրավունք ունի ոչ միայն գալ ՔԿՀ, այցելել ինչպես դատապարտյալներին, այնպես էլ այլ անձանց, եթե չկա վարույթն իրականացնող մարդու կողմից տեսակցության արգելք: Կա արդարադատության շահ, որի հիմա վրա արգելվում են տեսակցությունները:
Վլադիմիր Վարդանյանը հարցրեց՝ եթե կալանավորի շաքարը բարձրացել է, պարո՛ն Վարդեւանյան, դուք գնաք ի՞նչ պիտի անեք, այդպիսի հմտություններ ունե՞ք շաքարն իջեցնելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ