«Որոշ չափով հասկանալի է ՀՀ-ի լռությունն այն իմաստով, որ իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է»,-«Հայ հեղափոխական դաշնակցության» 34-րդ ընդհանուր ժողովի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ անդրադառնալով Ուկրաինա ՌԴ-ի ռազմական ներխուժման համատեքստում Հայաստանի կողմից դիրքորոշում չարտահայտելու հանգամանքին։
«Ուկրաինայի հարցով ՌԴ-արեւմուտք բախումը լավ բան չի կանխատեսում նաեւ տարածաշրջանի համար։ Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ փորձել են առիթներն օգտագործել՝ մանավանդ ՀՀ-ի հանդեպ ախորժակը սրելու համար։ Այս տեսանկյունից շատ մտահոգված ենք, որ ինչ էլ լինի կոնֆլիկտի ելքը՝ կարող ենք հարվածներ ստանալ եւ անսպասելի քայլեր ունենալ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Զգուշավորությունը, հետեւաբար, ընդունելի է»,-համոզմունք հայտնեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ քանի դեռ ՀՀ-ն չի ճանաչել Արցախի անկախությունը, նրա առաջ չի կարող դրվել Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչման պահանջ․ «Այդ իրավունքն ունի նաեւ Արցախը։ Մեր հետ ուղղակիորեն կապ չունեցող կոնֆլիկտը պետք չէ բերել մեր տարածաշրջան»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ