Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր), Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, այսօր շարունակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի Հանրապետության հայցի քննարկումը։
Պատասխանողն առարկություններն էր ներկայացրել՝ գրավոր: Հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը վերահաստատեց իր դիրքորոշումը, որն ի սկզբանե ներկայացված է եղել հայցադիմումում: Նա նկատեց, որ երկու էական հարց կա, որոնք պատասխանողի կողմից չեն վիճարկվում: Դրանք են՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացքող դատավարությունը եւ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որի վերաբերելի հատվածը հենց հայցադիմումի հիմքն է: Մնացածն, ըստ Հայկ Ալումյանի, ոչ թե ապացուցման ենթական հանգամանքների շրջանակում է, այլ իրավական գնահատականների: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի ելույթը զրպարտություն է, թե անմեղության կանխավարկածի խախտում, դրանք զուտ իրավական գնահատականներ են: Փաստ, որը պետք է ապացուցվի կողմերից մեկը, այս գործով Հայկ Ալումյանի կարծիքով, չկա: Պատասխանողը գտնում է, որ հայցվորը պետք է ապացուցի իր ներկայացրած հայցը՝ հիմնավորելով իրավական նորմերով: Այսինքն, հայցվորը պետք է ապացուցի եւ զրպարտության առկայությունը եւ բարոյական վնասի առկայությունը:
Հիշեցնենք, ՀՀ երկրորդ նախագահի հայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած «զրպարտչական արտահայտություններին»։ Մասնավորապես, Փաշինյանը հայտարարել է․ «2008 թվականի մարտի 1-ն ահա ժողովրդի իշխանության համար մղվող այդ պայքարի մի կարևոր հանգրվան էր: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի աոաջ: Ու պիտի, այո, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է: Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է․․․»:
Դատարանը որոշեց, որ հայցվոր կողմը պետք է ապացուցի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2021 թվականի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում կատարվածի առիթով հայցվորի վերաբերյալ ներկայացրել է փաստացի տվյալներ։ Ինչպես նաեւ հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ ներկայացված փաստացի տվյալները ներկայացվել են հրապարակային եղանակով։ Հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ ներկայացված փաստացի տվյալներն իրականում արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։
Կարդացեք նաև
Երկրորդ նախագահի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ դատարանն այդ որոշումով գործեց ոչ պրոֆեսիոնալ։ Նրա խոսքով՝ ապացուցման բեռը հիմնականում պատասխանողի վրա է դրվում։
Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 13-ին։ Հաջորդ նիստին կողմերը դատարանին պետք է ներկայացնեն ապացույցները։
Մինչ այդ, Հայկ Ալումյանը կրկին արծարծեց սույն գործը հենց այդ դատավորին մակագրելու հարցը: Հիշեցնենք, Հայկ Ալումյանը դատավորին բացարկի միջնորդություն էր ներկայացրել, որը դատարանը մերժեց: Հայկ Ալումյանը երկու գրություններ է ուղարկել նաեւ դատարանի նախագահին, երկու պատասխան է ստացել, որոնցից իր համար պարզ չէ, թե ինչո՞ւ է գործի քննությունը հենց այս դատավորին հանձնարարվել: Փաստաբանը ենթադրում է, որ դա արվել է կամայականորեն, եւ այս կազմով դատարանն այս գործը քննում է ապօրինաբար, քանի որ գործը քննվում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ կետի առաջին մասին խախտումով: Դատավորն ասաց, որ դատավորին բացարկի մասին դատարանի որոշումը հայտնի է:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ