Լրահոս
Օրվա լրահոսը

«Փայ մտածները» դարձել են նվիրատուներ, չկայացածները՝ «դուխովներ», վախկոտները՝ փողով հայհոյախառը գրառում անողներ»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Փետրվար 28,2022 12:26

«Հայրենիքի եւ հայության համար խիստ բախտորոշ ժամանակահատվածում ենք։ Խարխլված է հավերժական, անկախ Հայաստանի տեսլականը, Արցախը վիրավոր է։ Այս իշխանության անընդունելի եւ աններելի քայլերի շնորհիվ եղավ 44-օրյա պատերազմի աղետալի հետեւանքը, պառակտումի քաղաքականության սաստկացումը, միակողմանի զիջումների պատրաստակամությունը, կեղծ խաղաղության պատրանքով ժողովրդին մոլորեցնելու եւ թշնամուն հաճոյանալու ամբոխավարությունը»,-«Հայ հեղափոխական դաշնակցության» 34-րդ ընդհանուր ժողովում այսօր հայտարարեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նրա համոզմամբ՝ տասնամյակների պայքարը իմաստազրկելու ընթացքը պետք է կասեցնել․ «Արցախը ծանրագույն հարված է ստացել, բայց պարտադրվող զիջումների հետ համակերպվելու իրավունք չունենք։ Այսօր մեր ապագայի հարցերը մեր հիմնական օրակարգում են։ Ազգային բոլոր ուժերի գերխնդիրը հայրենիքի փրկությունն է։ Չհաջողելու իրավունք չունենք, բայց արտաքին թշնամուն դիմադրելու համար նախ մեր տունը պետք է կարգի բերենք։ Այսօրվա պայքարը սոսկ իշխանություն-ընդդիմություն հարթության մեջ չէ, այն պայքար է հանուն արժանապատվության, հանուն ազգային արժեքների վերականգման, հանուն հայրենիքի փրկության։ Այս համոզմունքն ամրապնդելու խնդիր ունենք։ Ներկա իրականությունն արժեքների ձեւախեղման արտացոլումն է։ Երեկվա ընտրակեղծարարները ներկայանում են որպես արդարության պաշտպաններ։ Նախկին իշխանությանը գլխիկոր ծառայածները դարձել են բարեպաշտ քաղաքական գործիչներ»,-համոզմունք հայտնեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ սակավապետ օլիգարխներն էլ դարձել են մեծ գործարարներ, կողոպտած եւ ուրիշների բիզնեսների մեջ «փայ մտածները»՝ նվիրատուներ, չկայացածները՝ հեղափոխական ու «դուխով» տղաներ, ծախու վախկոտները՝ փողով հայհոյախառը գրառումներ անողներ, իսկ բանակից խուսափածները՝ ազատամարտի հերոսներին հայրենասիրություն քարոզողներ․ «Հանրության խեղված արժեհամակարգը պետք է շտկվի։ Քաղաքական նախընտրությունները, կուսակցական դիրքը կարեւոր չեն։ Սա հեշտ գործ չէ, բայց սա է միակ լուծումը։ Իշխանությունը շարունակական նահանջի մեջ է եւ զիջումների պատրաստ։ Իսկ Արցախի իշխանությունը դարձել է կամակատար՝ նսեմացնելով Արցախի ինքնիշխանության մակարդակը։ բարեբախտաբար, Արցախում կան նաեւ ազգային եւ ինքնուրույն ուժեր, որոնք սատարում են Արցախի իրավունքները»։

Հակոբ Տեր-Խաչատուրյանի խոսքով՝ մարտահրավերների առաջ է նաեւ հայկական սփյուռքը․ «Նոր ավյուն ներարկելու խնդիր կա։ Ազգային օրակարգ ձեւավորելու եւ դրա շուրջ ողջ հայությանը համախմբելու մարտահրավեր կա»։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը նաեւ շեշտեց, որ Արցախի հարցն իրենց համար շարունակելու է լինել Հայ դատի բաղկացուցիչ․ «Մենք վստահելու ենք միայն մեր հավաքական ուժերին։ Ոչ արեւմուտքից, ոչ արեւելքից իմաստալի օժանդակության պատրանք չենք սերմանելու։ Այս օրերին Ռուսաստան-արեւմուտք դիմակայությունը շատ լուրջ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծել, որն անպայման ազդելու է Հարավային Կովկասի վրա՝ սրելով թուրք-ադրբեջանական ախորժակը ՀՀ-ի եւ Արցախի հանդեպ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28