Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեզ «պաթոսով հայրենասերներ» անվանում են ապազգային, անհայրենիք տարրերը»․ Իշխան Սաղաթելյան

Փետրվար 28,2022 11:55

«Պարտությունը հայ ժողովրդի հավաքական պարտությունը չէ, այլ իշխանության ղեկին հայտնված մի խումբ մարդկանց գործողությունների հետեւանքը․ ներքին-արտաքին ուժերի փորձերը՝ հայ ժողովրդին ներկայացնել թույլ եւ դատապարտված, պետք է ստանան համարժեք պատասխան»,- «Հայ հեղափոխական դաշնակցության» 34-րդ ընդհանուր ժողովում այսօր հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով․ «Այս տարածաշրջանում ՀՅԴ-ն ողջ ներուժով ասելիք եւ անելիք ունի։ Պետք  է չհաշտվել պարտության հետ եւ ձեւավորել դիմադրություն։ Մենք թշնամուն զիջելու հայրենիք չունենք։ Հայրենիքը պարտությունների տանող օրակարգերին պետք է դիմադրենք, հաղթահարենք պարտվածի հոգեբանությունը, ունենանք ազգային երազանք ու գնանք դրա հետեւից։ Այս օրերին այս կերպ մտածող մարդկանց ՀՀ-ում անվանում են «պաթոսով հայրենասերներ»։ Գիտե՞ք՝ ովքեր են դա ասում՝ մի խումբ անհայրենիք, ապազգային, անսրբություն տարրեր, որոնք մեր երկիրը բերեցին աղետի առաջ, որոնք ժողովրդավարությունը հակադրեցին անվտանգությանը, որոնք խաղաղությունն ու բարեկեցությունը պայմանավորում են զիջումներով, հետեւողականորեն թուլացնում դիմադրողականությունը»։

Իշխան Սաղաթելյանի բնորոշմամբ՝ իշխանությունն աղետաբեր է Արցախի, ՀՀ-ի եւ հայության համար առհասարակ․ «Պարտության եւ պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն։ Իրավիճակը պետք է փոխվի ժողովրդի վճռական կամքով եւ ազգային ուժերի առաջնորդությամբ։ Վարչախումբը հեռացվելու է։ Երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիությունը, կհասնի արժանապատիվ խաղաղության։ Նոյեմբերի իննից հետո աշխարհաքաղաքական սպառնալից իրավիճակում ենք, ինքնիշխանության կորստի վտանգ կա, մինչդեռ այս ամենի մեղավոր իշխանությունը սպասարկում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը, անտեսում  վերջիններիս հայատյացության քաղաքականությունը։ Հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացը պետք է կասեցվի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28