Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր փորձերը՝ հայ ժողովրդին ներկայացնելու իբրև թույլ ու չհաղթող, ձախողված և դատապարտված ազգ պետք է ստանան համարժեք պատասխան. Իշխան Սաղաթելյան

Փետրվար 28,2022 12:05

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացմանը

Գերաշնորհ Սրբազան Հայր, սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ հյուրեր:

Սիրելի՛ ընկերներ

Հայաստանի համար բարդագույն ժամանակներում մշտապես զգացել ենք ձեր աջակցությունը։ Հայրենիքի ցավով, նրա հաղթանակներով, պարտություններով ու ձեռքբերումներով ապրող, նրա ապագայի համար պայքարող, ջանք ու եռանդ չխնայող ձեր տեսակը մշտապես մեր կողքին է եղել։

Դաշնակցության պատմությանը ծանոթ յուրաքանչյուր ոք կվկայի, որ հայրենիքի և ժողովրդի ազատագրության դատին ծառայող կազմակերպությանը ոչ միշտ է բախտ վիճակվել իր բարձրագույն ժողովները գումարել Հայրենիքում։ ՀՅ Դաշնակցության 33 Ընդհանուր ժողովներից միայն 9-ն է, որ գումարվել է Մայր հայրենիքում։

ՀՅ Դաշնակցության Ընդհանուր ժողովները կուսակցական սովորական կամ հերթական համագումարներ չեն, զուտ Կանոնագրի պահանջով գումարվող արարողակարգային ժողովներ չեն։ Ընդհանուր ժողովները մշտապես համահայկական օրակարգից են բխել և նոր օրակարգ թելադրել։

1892 թ.-ից սկսյալ և հիմնականում 4 տարին մեկ գումարվող Ընդհանուր ժողովները Հայաստանի և հայ ժողովրդի պատմական բոլոր հանգրվաններում ունեցել են առանցքային նշանակություն։ Այդ ժողովների որոշումները հաճախ շրջադարձային են եղել հայության կյանքում։

Կցանկանամ առանձնացնել դրանցից մի քանիսը. 1907 թ. Վիեննայի 4-րդ Ընդհանուր ժողով, որտեղ վավերացվեց «Կովկասյան գործունեության նախագիծը», Առաջին աշխարհամարտի նախօրեին Կարնո Ընդհանուր ժողովներում կայացված կարևորագույն որոշումները, Հայաստանի Առաջին Հանրապետությունում 1919 թ. կայացած Ընդհանուր ժողովի պատմական որոշումները, այն է՝ Միացյալ, Ազատ և Անկախ Հայաստանի ստեղծման նպատակի որդեգրումը, «Նեմեսիս» գործողության կազմակերպումը կամ, ինչպես Սիմոն Վրացյանը կասեր, «Հայկական Նյուրեմբերգը»։ Դաշնակցության մի շարք Ընդհանուր ժողովներ կարևոր հետք են թողել գաղութներում հայության կյանքի կազմակերպման և Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում։

Իսկ 1988 թ. 24-րդ Ընդհանուր ժողովը որդեգրեց «Դեպի Երկիր» կարգախոսը՝ իր ողջ ներուժը ուղղորդելով դեպի հայրենիք, Արցախ։

Այսպիսով ՀՅ Դաշնակցության Ընդհանուր ժողովները միայն արտաքինից են նմանվում կուսակցական համագումարների, այնինչ, խորքի մեջ դրանցում կայացվող որոշումները մաս են կազմում հայ ժողովրդի նոր և նորագույն շրջանի պատմության։ Իսկ եթե ավելի պարզ ձևակերպենք՝ Ընդհանուր ժողովները, մտնելով պատմության մեջ, իրենք իսկ պատմություն են կերտում։

ՀՅ Դաշնակցության վերջին Ընդհանուր ժողովը կայացավ 2019 թ.՝ ազատագրված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչն ամենևին պատահական չէր. ՀՅԴ-ն կանխազգում էր այս սպասվող աղետը, և դա էր պատճառը, որ հենց Արցախից բարձրաձայնվեց այս ազգակործան իշխանություններին հեռացնելու անհրաժեշտության մասին։

Սիրելի ընկերներ,

ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովը մեկնարկում է մեր ժողովրդի և հայոց պետականության համար բախտորոշ ժամանակահատվածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող լրջագույն մարտահրավերների առաջ:

Աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների և համաշխարհային նոր ճարտարապետության ձևավորման պայմաններում Հայաստանին ուղղված մարտահրավերներն ավելի են խորանում, ինչը լի է անորոշություններով և սպառնալիքներով։

Այս նոր իրավիճակում որքա՞ն կենսունակ կլինի Հայաստանը՝ կախված է մեր ժողովրդից, մեր բոլորի կամքից և վճռականությունից, Հայոց պետականության առջև հայ մարդու պատասխանատվությունից։

Այժմ ունենք պարտություն, բայց դա հայ ժողովրդի հավաքական պարտությունը չէ՝ դա իշխանության ղեկին հայտված մի խումբ մարդկանց գործունեության արդյունք է: Ներքին ու արտաքին մի շարք ուժերի բոլոր փորձերը՝ հայ ժողովրդին ներկայացնել իբրև թույլ ու չհաղթող, ձախողված և դատապարտված ազգ պետք է ստանան համարժեք պատասխան։

Սիրելի հայրենակիցներ, հարյուրամյակներն են ապացուցել՝ այս տարածաշրջանում հայ ժողովուրդը մշտապես եղել և լինելու է գոյութենական պայքարի մեջ՝ մեր հայրենիքի այս փոքր հողակտորի, մեր անկախ պետականության պահպանման համար։ Այստեղ է, որ Դաշնակցությունը իր ողջ ներուժով ասելիք ու անելիք ունի։

Նախ պետք է չհաշտվել պարտության հետ, պետք է ձևավավորել դիմադրություն՝ դիմադրություն թշնամուն, որ մենք զիջելու հայրենիք չունենք, դիմադրություն հայրենիքը զիջումների տանող օրակարգերին։

Պետք է վերականգնել արժանապատվությունը, հաղթահարել պարտվածի և փոքր պետություն լինելու հոգեբանությունը, ունենալ ազգային երազանք և գնալ դրա հետևից։

Այս օրերին Հայաստանում այսպես մտածող մարդկանց ասում են «պաթոսով հայրենասերներ»․ գիտե՞ք, թե ովքեր են դա ասում՝ մի խումբ անհայրենիք անսրբություն ապազգային տարեր, ովքեր մեր երկիրը կանգնեցրին աղետի առաջ: Ովքեր ժողովրդավարությունը հակադրեցին անվտանգությանը, բարեկեցությունը և խաղաղությունը պայմանավորեցին զիջումներով, ովքեր հետևողականորեն թուլացնում են մեր ազգային դիմադրողականությունը:

Այս իշխանությունը աղետաբեր է Արցախի, Հայաստանի և հայության համար։ Պարտության և պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն:

Հայաստանում ստեղծված իրավիճակը պետք է փոխվի, պետք է փոխվի ժողովրդի վճռական կամքով և ազգային ուժերի առաջնորդությամբ: Պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու՛ է։

Մեր երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, որը կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, Հայաստանը կդարձնի արժանապատիվ և բարեկեցիկ երկիր:

2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական սպառնալից միջավայրում՝ ներքին դիմադրողականության անկումով, տարածքային կորուստներով, անգամ ինքնիշխանության կորստի վտանգով։ Իսկ այս ամենի մեղավոր և պատասխանատու իշխանությունը ոչ միայն պատրաստ չէ դիմագրավել այդ մարտահրավերները այլ իր քայլերով սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը:

Օրվա իշխանությունը անտեսելով՝

Թուրքիայի հայատյաց և Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը,
Քառասունչորսօրյա պատերազմին Թուրքիայի բացահայտ մասնակցության փաստը,
Թուրք-ադրբեջանական տանդեմի «Շուշիի հռչակագրով» ամրագրված հակահայկական ռազմավարական նպատակներն ու պանթուրանական ծրագրերը,
քաղաքական եւ տնտեսական էքսպանսիա իրականացնելու միջոցով տարածաշրջանում լիարժեք վերահսկողություն հաստատելու Թուրքիայի նպատակները, փորձում է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու կեղծ և ցնորամիտ լոզունգների տակ երկիրը տանել նոր կորուստների և նոր զիջումների:
Առ այդ, մեկ անգամ ևս զգուշացնում ենք.

-Հայաստանի եւ հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որեւէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է,

-Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության եւ Արցախի լինելիության ու անվտանգության հարցերը փոխկապակցված են,

-Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն օգտագործել իր եւ Ադրբեջանի պահանջները բավարարելու նպատակով։

Հետևաբար, հայ-թուրքական, այսպես կոչված՝ «հաշտեցման գործընթացը» պետք է կասեցվի։

Ժամանակի մարտահրավերներով պայմանավորված՝ ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովից ակնկալիքները եւ սպասելիքները հիրավի շատ են։ Ուզում եմ վստահություն հայտնել, որ Ժողովի որոշումները անկյունադարձային կլինեն թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի, և թե՛ մեր կառույցի համար։

Սիրելի՛ ընկերներ,
Մենք առանձին վերցրած՝ Արցախի, Սփյուռքի և Հայաստանի օրակարգ չունենք։ Մեզ համար Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը անբաժան և միասնական օրակարգ է։ Թուլացող Հայաստանը թուլացող Սփյուռք է և հակառակը։ Հետևաբար, բոլոր փորձերը՝ ջլատել և պառակտել մեր միասնությունը, դատապարտված են։ Հայաստանը ստեղծված իրավիճակից կարող է դուրս գալ միայն համահայկական ողջ ներուժի ամբողջական և արդյունավետ օգտագործմամբ։

Սիրելի՛ ներկաներ,
Դաշնակցությունը սոսկ քաղաքական կուսակցություն չէ, այն մեր ժողովրդի խորքից սերող համազգային, համահայկական կազմակերպություն է։ Դաշնակցությունը համաշխարհային ցանց է, ազգային ու հայկական համակարգ, հայ ինքնության և դիմադրողականության առանցք, ես կուզեի այս Ընդհանուր ժողովից հետո կարողանանք գործնական քայլերով այս ընկալումը ձևավորել Դաշնակցության հանդեպ:

Դաշնակցության առաքելությունն ավելին է, քան դասական քաղաքական գործունեությունը։ Մենք պետք է դառնանք ազգային, պայքարող, արժանապատվություն ունեցող բոլոր ուժերի Դաշնակցություն․ այս պահի ազգային շահի գերակայության թելադրանքն է այդ։

Խոսքս ուզում եմ ավարտել Դաշնակցության ռահվիրաներից մեկի՝ Ռոստոմի խոսքերով։ Թեհրանի դաշնակցական մարմիններին ուղղված այդ խոսքերը Ռոստոմը գրել է, երբ Օսմանյան բանակի ներխուժմամբ ավարտվել էր Բաքվի հերոսամարտը։ Ռոստոմը գրել է. «Սիրելի՛ ընկերներ, մեզ սպասում է ավելի մեծ պայքար, գուցե և նոր կռիվներ։ Մխիթարականն այն է, որ կը կռվենք ավելի ամփոփ ուժերով։ Յույս ունինք առաջիկայում ունենալ մի մեծ Ընդհանուր ժողով՝ Հայաստանի կենտրոնում, մշակելու համար Հայաստանի վերաշինության հիմնական ուղիները»։

Ռոստոմի՝ ավելի քան մեկ դար առաջ ասված այս խոսքերը նաև այսօրվա համար են։ Հիրավի, մեզ սպասվում է ավելի մեծ պայքար։ Այսօր իրականացել է Ռոստոմի փափագը՝ Հայաստանի կենտրոնում գումարվել է Ընդհանուր ժողովը։ Ես վստահ եմ, որ մեր Ընդհանուր ժողովին առաջնորդելու է Ռոստոմի պատգամը՝ մշակել Հայաստանի վերաշինության և վերականգնման ծրագիր։

Մենք շատ գործ ունենք:

Հաջողություն մեր աշխատանքներին։

Շնորհակալ եմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28