Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովա գործուղման մեկնած հայերը չեն կարողանում վերադառնալ  հայրենիք․ օդային տարածքը փակ է

Փետրվար 28,2022 00:23

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի երկու ներկայացուցիչներ՝ Վալյա Մարտիրոսյանը և Մարիամ Ղարագյոզյանը, Ուկրաինայում սկսված պատերազմի պատճառով չեն կարողանում  Մոլդովայից վերադառնալ  հայրենիք։

Նրանք գործուղման էին մեկնել Մոլդովայի Հանրապետություն փետրվարի 21-ին՝ մասնակցելու Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում Եվրամիության «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնների տարեկան հանդիպմանը։ Պիտի վերադառնային ամսի 24-ին, սակայն  նամակ են ստացել, թե թռիչքը չեղարկվել է․ հյուսիսից, արևելքից ու հարավից  Ուկրաինային սահմանակցող Մոլդովայի օդային տարածքը փակ է։

Հիշեցնենք, որ  Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն այս տարի ևս հաղթել էր ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի կողմից Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում 2022 թվականին «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնների գործունեությունը շարունակելու նպատակով հայտարարված մրցույթին և շարունակում է համակարգել Հայաստանում տեղեկատվական կենտրոնի գործունեությունը:

Նույն անորոշ  վիճակում են հայտնվել գործուղման մեկնած մյուս վեց երկրների ներկայացուցիչներից շատերը, որոնց մեջ կան ռուսներ, բելառուս, ուկրաինացի, ադրբեջանցի։

Թե ինչպես կլուծվի այս հարցը, դեռ հայտնի չէ:

Մեր զրուցակիցների փաստմամբ, քանի որ հանդիպման համակարգող կառույցը Լեհաստանից է, իրենց առաջարկվել է մեկ տարբերակ՝ Մոլդովայում դիմել Լեհաստանի հյուպատոսարան, ստանալ շենգենյան վիզա, գնացքով մեկնել հարևան Ռումինիա, քանի որ բաց է միայն Ռումինիայի հետ ցամաքային սահմանը, ապա այնտեղից եվրոպական որևէ երկրով վերադառնալ  Երևան։

«Սպասում ենք Լեհաստանի հյուպատոսարանի պատասխանին, որպեսզի տեսնենք, թե որ եվրոպական երկրով կկարողանանք վերադառնալ Հայաստան։ Այս պահին մեր հանդիպման կազմակերպիչներն են մեզ ապահովել բնակարանով, քանի որ բոլոր հյուրանոցները զբաղված են և Ուկրաինայի փախստականներն են ապաստանած», – ասաց Մարիամ Ղարագյոզյանը։

Վալյա Մարտիրոսյանն էլ ասաց, որ կապի մեջ է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից արդեն երկրորդ անգամ զանգահարել են՝ իմանալով իրավիճակի մասին: Նախարարությունից խոստացել են հատուկ չվերթի առկայության դեպքում կազմակերպել իրենց վերադարձը հայրենիք:

«ԱԳՆ-ից էլ տեղեկացրեցին, որ Մոլդովայում ՀՀ դեսպանատունը փակվել է, այլևս չունենք գործող դեսպանատուն, բայց թեժ համարը գործում է։ Շնորհակալ ենք, որ գոնե զանգում հետաքրքրվում են, բայց շոշափելի օգնություն չկա, մենք ինքներս ենք ամեն ինչ կազմակերպում», – ասաց Վալյա Մարտիրոսյանը։

Փաստորեն գործնական հարցերով կամ որպես զբոսաշրջիկ Մոլդովայում գտնվող հայ քաղաքացիները, որոնք չունեն ռումինական կամ շենգենյան վիզա, չեն կարողանում վերադառնալ հայրենիք։ Տվյալ դեպքում Հայաստան վերադառնալը մեծ ծախսեր է պահանջում․ շենգենյան վիզա ստանալուց զատ՝ պիտի կարողանան ընտրել  եվրոպական որևէ երկիր, որը տրանզիտ կհանդիսանա Հայաստան թռչելու համար։

Վալյա Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Մոլդովայի ամենահին եկեղեցիներից մեկի՝  Հայ Առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցու լուսանկարը՝ գրելով․ «Դեպքերի զարգացումը Ուկրաինայում թույլ չտվեցին ինձ և գործընկերոջս վերադառնալ հայրենիք` ամբողջ Մոլդովայի օդային սահմանով թռիչքների արգելափակման պատճառով, սակայն ճակատագրի բերումով մեր ժամանակավոր բնակության վայրը գտնվում է եկեղեցուն դեմ-դիմաց` երևի, որ շատ չկարոտենք։

Հուսով եմ Աստծո կամոք կկարողանանք շուտ վերադառնալ Հայաստան, իսկ մեր տարածաշրջանում կհաստատվի խաղաղությունը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28