Լրահոս
Օրվա լրահոսը

«Այժմ Անկարան կարող է Մոսկվայից իր համար ինչ-ինչ առավելություններ շորթել»

Փետրվար 28,2022 14:30

Արման Մելիքյանը՝ ռուս-ուկրաինական իրադարձությունների առիթով

Ըստ «Առավոտի» զրուցակցի՝ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի՝ Ռուսաստանը կարող է պահանջ դնել, որ Ուկրաինայի իշխանությունները եւս ճանաչեն Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները:

-Պարոն Մելիքյան, չե՞ք կարծում, որ Ուկրաինան ըստ էության «քաղում» է պետությունների միջեւ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու հարցում իր երբեմնի խանդավառության արդյունքները: Հիշում եք՝ Ուկրաինայում ինչ խանդավառությամբ ընդունվեց 44-օրյա ագրեսիայի հետեւանքով Արցախի զգալի տարածքի անցումը Ադրբեջանի վերահսկողության տակ, նույնիսկ զուգահեռներ էին անցկացվում Ղրիմի, Դոնբասի եւ Արցախի խնդիրների միջեւ:

-Ուկրաինայի ղեկավարները լավ չէին հաշվարկել թե՚ սեփական երկրի ռազմաքաղաքական հնարավորությունները, թե՚ հավանական դաշնակիցների՝ ՆԱՏՕ-ի, առարկայական ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Բարեկամները մերժեցին փակել Ուկրաինայի երկինքը ռուսական ռազմական օդուժի կամ սեւծովյան նեղուցները՝ ռուսական ռազմանավերի համար: Բայց, ամեն դեպքում, ի տարբերություն Հայաստանի ու Արցախի, Կիեւը ստացավ նշանակալից ֆինանսական, ռազմատեխնիկական ու քաղաքական աջակցություն: Մոսկվայի գործողությունները հռչակվեցին Ուկրաինայի հանդեպ ռազմական ագրեսիա, ինչը կատարվածի իրավական գնահատական է, որը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի պարագայում միջազգային հանրության կողմից չտրվեց: Ուկրաինայի հետ կատարվածի կապակցությամբ պետք չէ չարախնդալ՝ դրա փոխարեն արժե, որ դասեր քաղենք ոչ միայն սեփական, այլեւ ուրիշների սխալներից:

-Ի՞նչ եք կարծում՝ ռուս-ուկրաինական պատերազմական գործողությունները լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերածվելու մտավախություն չունե՞ք, այսինքն՝ ամեն ինչ Ուկրաինայով կավարտվի՞, ո՞րն է Պուտինի պլանը:

-Կարծում եմ, որ անգամ Ուկրաինայի տարածքում այդ գործողություններն առայժմ կսահմանափակվեն շատ կոնկրետ երեք-չորս շրջաններով ու մայրաքաղաքով եւ հաստատ չեն վերաճի բազմաթիվ պետությունների մասնակցությամբ լայնածավալ պատերազմի: Արդեն այսօր սկսել է նշմարվել այն նախապայմանների շրջանակը, որի՝ Կիեւի կողմից ապահովման դեպքում Մոսկվան կարող է դադարեցնել ռազմագործողությունը: Այլ հարց է, թե որքանով է Ուկրաինայի գործող ղեկավարությունը վերահսկում սեփական զինված ուժերն ու զանազան խմբավորումները եւ արդյոք վերջիններս կհամաձայնե՞ն ընդունել ռուսական նախապայմաններն ու վայր կդնե՞ն իրենց զենքերը: Հայտնի է նաեւ, որ բազմաթիվ կամավորների մարտական զենք է տրվել ինքնապաշտպանության համար, ու այդ զենքը կարող է գործի դրվել ավելի ուշ՝ ինչ-որ մի հարմար պահի: Մեծ հաշվով, Ռուսաստանը կարող է պահանջ դնել, որ Ուկրաինայի իշխանությունները եւս ճանաչեն Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, ինչպես նաեւ Խերսոնի մարզի հատուկ կարգավիճակը եւ, որն առավել կարեւորն է՝ հասնի նրան, որ Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ մտնելու նպատակից ու չեզոքություն հռչակի: Բայց, առայժմ, պատերազմն ընթացքի մեջ է, եւ վերջնական հետեւություններ անելը ժամանակավրեպ է:

-Ինչպես տեսնում ենք, Թուրքիայի «ոգեւորությունը» ռուս-ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ անզեն աչքով էլ նկատելի է: Սա չի՞ խոսում Էրդողանի հավակնությունների մասին, ուստի՝ այստեղ ի՞նչ վտանգներ եք տեսնում «եռակողմ պայմանավորվածությունների կատարումն արագացնելու» առումով:

-Թուրքիան Հարավային Կովկասում սեփական դիրքերն ամրապնդելու պատճառներ ունի, իսկ ռուս-ուկրաինական պատերազմն ու Մոսկվայի՝ Մեծ յոթնյակի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում առաջացած ճգնաժամը էապես բարձրացնում է Թուրքիայի հետ գործընկերության արժեքը Ռուսաստանի համար ու նվազեցնում մեր տարածաշրջանում որեւէ հակամարտության մեջ ներքաշվելու՝ վերջինիս պատրաստակամությունը: Մեծ հաշվով, այժմ Անկարան կարող է Մոսկվայից իր համար ինչ-ինչ առավելություններ շորթել:

-Ի՞նչ եք կարծում՝ այս իրավիճակում պաշտոնական Երեւանի դիրքորոշումը համարժեք եւ մեր երկրի ու Արցախի շահերի՞ց է բխում: Ըստ էության, պաշտոնական Երեւանը, աջակցելով Դոնեցկի եւ Լուգանսկի անկախության ճանաչմանը, փոխադարձ հույսեր ունի: Իսկ այդ հույսերն արդարացվա՞ծ են:

-Նպատակահարմար չեմ գտնում ՀՀ գործող իշխանությունների՝ այս հարցի վերաբերյալ ունեցած պահվածքը այս կամ այն կերպ գնահատել: Իշխանություններն իրենց խորհուրդ տվողների պակաս հաստատ չունեն այսօր, այդպիսի պակաս չեն ունեցել նաեւ նախորդ տարիներին:

-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում պաշտոնանկություններն այս լարված տարածաշրջանային իրավիճակում ընդունելի՞ էին, սա վտանգներ չի՞ պարունակում:

-Կարեւոր հարց եք տալիս: Այն կարծիքին եմ, որ պետք չէ գերագնահատել մեր բանակային ղեկավարության ինքնուրույն գործելու ունակությունն ինչպես երեկ, այնպես էլ այսօր: Մեզանում այնքան սովորական բան է դարձել հին մոլախոտի տեղում նոր մոլախոտ ցանելու գործելաոճը, որը պետք է շատ առարկայական առաջընթաց լինի որեւէ ոլորտում, որպեսզի այնտեղ կադրային փոփոխությունների նպատակահարմարության վերաբերյալ վստահություն առաջանա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28