Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր արարքն է, որ կարող է գնահատվել իբրեւ դատախազության բարձր հեղինակությունը վարկաբեկող

Փետրվար 28,2022 13:30

Ափսոս, ՍԴ աշխատակարգային որոշմամբ գործի քննությունը մերժվել է

Դատախազներից մեկը փետրվարի 2-ին անհատական դիմումով դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Չանցած քսան օր, այն դարձավ աշխատակարգաին քննության եւ որոշման հարց: Նշեմ, որ փետրվարի15-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժեց նախկին քննիչի դիմումը, որի դիմումը մուտքագրվել էր դատարան 2021 թվականի հունիսի 29-ին («Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով): Այսպիսի «խտրականություն»:

Դիմումատու դատախազը բարձրաձայնել էր մի հարց, որն առնչվում էր դատախազի հեղինակությանը, վարքագծի կանոնների խախտմանը: Անշուշտ, նման գործերը ռազմավարական դատավարության մաս կարող էին դառնալ, «դաս» մյուսների համար, եթե քննության առարկա դառնային: Ցավոք, այն ավարտվեց աշխատակարգային որոշմամբ: Ըստ դիմողի՝ «Վիճարկվող նորմով նախատեսված եւ դատախազի վարքագծի ընդհանուր կանոնները սահմանող՝ «դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող վարքագիծ» օրենսդրական եզրույթը անորոշ է, եւ պարզ չէ, թե պրակտիկայում ինչպես է մեկնաբանվում եւ կիրառվում այն»: Դիմողը հարցնում է. «Արդյոք «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված եւ դատախազի վարքագծի ընդհանուր կանոնները սահմանող՝ «դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող վարքագիծ» օրենսդրական եզրույթը բավարար չափով հստակ ու կանխատեսելի են նախատեսում այն, թե որն է դատախազի կողմից կատարված այն արարքը, որն անհարիր է դատախազության բարձր հեղինակությանը կամ վարկաբեկում է այն»:

Ըստ դիմողի՝ «դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող վարքագիծ» օրենսդրական եզրույթից հետեւում է, որ այն չի համապատասխանում Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության եւ հատկապես իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ հստակ եւ կանխատեսելիորեն չի սահմանում, թե իր ո՞ր արարքն է, որ կարող է գնահատվել իբրեւ դատախազության բարձր հեղինակությանն անհարիր կամ դատախազության բարձր հեղինակությունը վարկաբեկող»:

Դիմողի գնահատմամբ՝ դատախազի համար պարզ չէ, թե արարքը որպես կարգապահական խախտում գնահատելու համար արդյո՞ք բավարար է արձանագրել, որ դատախազը նշված արարքով դուրս է եկել համապատասխան իրավական ակտով անմիջականորեն իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, թե նաեւ պարտադիր է, որ դատախազի համապատասխան արարքի արդյունքում խախտվի հանրային կամ մասնավոր շահն ապահովող որեւէ իրավունք, որի դեպքում միայն կարող է գնահատվել, որ դատախազի արարքը ոչ հարիր է դատախազության բարձր հեղինակությանը կամ վարկաբեկում է այն:

Սահմանադրական դատարանը փետրվարի 22-ին աշխատակարգային որոշմամբ մերժեց գործի քննությունը՝ «չնայած օրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջին, դրանք չեն կարող նախատեսել իրավահարաբերության բոլոր մանրամասները, եւ կոնկրետ իրավահարաբերության բնույթով պայմանավորված՝ մի շարք հանգամանքներ պետք է իրենց մեկնաբանությունն ստանան հենց դատական քննության ընթացքում» պատճառաբանությամբ:

Ըստ ՍԴ-ի՝ կարգապահական վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր գործով գնահատում է դատախազի վարքագծում կարգապահական խախտման առկայությունը կամ բացակայությունը, եւ ըստ այդմ՝ որոշում է կայացնում կարգապահական տույժ նշանակելու հարցի վերաբերյալ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28