Գայանե Աղաբալյանը հույս ունի, որ մի օր կարժանանա մանկագրի պարտավորեցնող կոչմանը
Այսօր, երբ ստեղծագործական առումով ազատություն է, թեմաների բազմազանություն, թվում է այլեւս զարմանալու բան չի մնացել։ Բայց որ ուսանողի ընդամենը տնային աշխատանքը գիրք է դարձել, կոնկրետ՝ մանկական պատմվածք, հաճելիորեն զարմացնում է։ 2021թ. աշնանը լույս է տեսել «Արեւոտ խոհարարը» մանկական պատմվածքը, ինչի վերաբերյալ պարբերաբար լսում ենք դրական արձագանքներ։ Թերեւս, այս գիրքն առաջիններից է հայ մանկական գրականության առումով, որտեղ հերոսն ունի հաշմանդամություն եւ ստեղծագործությունը բարձրացնում է ներառականության խնդիր։ Հանդիպեցինք հեղինակի՝ Գայանե Աղաբալյանի հետ, որն էլ հաստատեց, որ պատմվածքը գրել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Մանկական գրականություն» առարկայի շրջանակներում որպես տնային աշխատանք, եւ հիմքով իրական պատմություն է։
Գիրքը պատմություն է դաունի համախտանիշով մի տղայի՝ Հովհաննես Մարգարյանի մասին, որը ներկայումս աշխատում է Գյումրիում, «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում։ Գրքի ստեղծման առիթով մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ հեղինակը նշեց, որ իր առաջին գործն է ու մանրամասնեց. «Համալսարանն ավարտելուց հետո դասախոսիս՝ Միմի Ծառուկեանի խորհրդով ձեռնամուխ եղա գրքի հրատարակման աշխատանքներին։ Նրա հորդորներով փորձեցի գտնել հնարավորություն՝ այն տպագրելու համար եւ այդ ժամանակ կապ հաստատեցի ԱՐԻ գրական հիմնադրամի, մասնավորապես՝ գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանի հետ։ Հիմա արդեն կարող եմ բարձրաձայնել, որ Արեւիկը եւ «ԷՋ» հրատարակչության թիմը հասկանալով գրքում արծարծվող թեմայի կարեւորությունը, որոշում կայացրին այն տպագրել»։
Կարդացեք նաև
Հարցին՝ իսկ գրքի տպագրության ծախսերի հարցն ինչպե՞ս լուծվեց, մեր զրուցակիցն ասաց, որ այդ նպատակով կազմակերպել է առցանց դրամահավաք եւ 24 ժամվա ընթացքում հավաքվել է անհրաժեշտ գումարը։ Ներկայացնելով գիրքը, Գայանեն հավաստիացրեց, թե վերջինս նաեւ ուսուցողական նյութ է եւ, ինչու ոչ՝ սովորեցնում է ընթերցողին հասկանալ, որ մարդիկ տարբեր են եւ այդ տարբերությունները մեզ չեն դարձնում ավելի լավը կամ ավելի վատը։ Մեր զրուցակիցը ուրախությամբ հավաստիացրեց, որ գրքի հերոսը՝ Հովհաննեսը, արդեն դարձել է շատ ու շատ փոքրիկ ընթերցողների սիրելի կերպարը։
Կանխելով մեր հաջորդ հարցը, թե առաջին գիրքը կունենա՞ շարունակություն, հեղինակը հայտնեց, որ այս պահին Էլմիրա Այվազյանի հետ աշխատում է մեկ այլ մանկական գրքի վրա, որն ամփոփում է պատմությունների շարք` ժամանակակից եւ պատմական հայ կանանց մասին։ Բացի այդ, հավաստիացրեց, որ ծրագրել է ստեղծել նաեւ «Արեւոտ խոհարար» շարքը։
Իսկ թե ինչպես ներկայացնենք գրական ոլորտում առաջին քայլերն արած Գայանե Աղաբալյանին՝ գրո՞ղ, մանկագի՞ր, ստացանք հետեւյալ պատասխանը. «Գրող կամ մանկագիր լինելը մեծ պատասխանատվություն է եւ, անկեղծ ասած՝ այս պահին վախենում եմ ինձ անվանել գրող կամ մանկագիր։ Մյուս կողմից՝ չեմ պատրաստվում դադարել ստեղծագործել երեխաների համար, հուսով եմ՝ օրերից մի օր կարժանանամ մանկագրի պարտավորեցնող կոչմանը»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գայանե Աղաբալյանը իր հերոսի՝ Հովհաննես Մարգարյանի հետ։
«Առավոտ» օրաթերթ
26.02.2022