Լրահոս
Օրվա լրահոսը

Ցորենի ու կարտոֆիլի ցանքատարածությունները 2017 թվականից ի վեր զգալի պակասել են

Փետրվար 28,2022 14:00

2017 թվականից ի վեր ցանքատարածությունները գնալով նվազել են՝ 2021 թվականին հասնելով 227,2 հազար հեկտարի: Մինչդեռ 4 տարի առաջ մեր երկրի ցանքատարածությունները կազմել են 294,5 հազար հեկտար:

Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից: Երեկ կոմիտեն ներկայացրել է՝ «Պարենային ապահովություն եւ աղքատություն, 2021 թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցը, որտեղ 2017-2021 թվականների տվյալներն են:

Խոսքն այս դեպքում մեր երկրի համար պարենային անվտանգության հարցում մեծ նշանակություն ունեցող հացահատիկային եւ հատիկաընդեղենային մշակաբույսերի, ցորենի, կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի, պտուղ-հատապտուղների ցանքատարածությունների մասին է: 2017 թվականի համեմատությամբ 23 հազար հեկտարով կրճատվել են ցորենի ցանքատարածությունները. 4 տարի առաջ մեր երկրում 82,4 հազար հեկտար ցորեն են ցանել, 2021-ին՝ 59,1 հազար հեկտար: Կարտոֆիլի ցանքատարածությունը պակասել է 5,2 հազար հեկտարով: Բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածությունները կրճատվել են 8,8 հազար հեկտարով: Ցանքատարածությունների կորուստներ եղել են գրեթե բոլոր մարզերում, սակայն առավել տուժած մարզերը Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերն են: Արարատում 2017 թվականի համեմատությամբ ցանքատարածությունները նվազել են 2 հազար 78 հեկտարով, Վայոց Ձորում՝ 820 հեկտարով, Գեղարքունիքում 2021 թվականին 2017-ի համեմատությամբ մարդիկ 7 հազար 942 հեկտար տարածք են պակաս մշակել: Կոտայքում էլ չորս տարի առաջվա համեմատությամբ 3 հազար 74 հեկտար չի մշակվել: Շիրակի մարզը այդ տարիների ընթացքում կորցրել է 5 հազար 938 հեկտար ցանքատարածություն: Սյունիքում էլ անցյալ տարի չի մշակվել ցանքատարածությունների 2 հազար 860 հեկտարը: Տավուշում 2017-ին եղել է 4 հազար 862 հեկտար, 2021-ին՝ մշակվել ընդամենը 2 հազար 812-ը:

Նույն փաստաթղթից տեղեկանում ենք, որ ցորենի ցանքատարածությունները զգալի՝ 5 հազար 838 հեկտարով պակասել են Արագածոտնի մարզում: Ի դեպ, կտրուկ անկումը գրանցվել է 2018 թվականից սկսած: 2017 թվականին Արագածոտնի մարզում ցանքատարածությունները կազմել են 11 հազար 327 հեկտար, արդեն 2018-ին՝ 4 հազար 393: Արարատի մարզում էլ 2017 թվականի համեմատությամբ, ցորենի ցանքատարածությունները պակասել են 1694 հեկտարով: Չորս տարի առաջ այս մարզում մշակվել է 3 հազար 472 հեկտար:

Կարտոֆիլի ցանքատարածությունների անկումն ամենաբարձրը Գեղարքունիքի մարզում է. 9 հազար 431 հեկտարից մարզը կորցրել է 1710 հեկտար կարտոֆիլ ցանելու հնարավորությունը: 2021-ի համեմատ, 2017 թվականին Գեղարքունիքում մշակվել է 7 հազար 721 հեկտար կարտոֆիլ: Կոտայքում, Լոռու մարզում Վայոց Ձորում ու Տավուշում նույնպես այս մշակաբույսի ցանքատարածությունը պակասել է եռանիշ թվերով:

Խաղողի պարագայում, սակայն, ցանքատարածություններն աճել են՝ բացառությամբ Կոտայքի մարզի: 2017 թ.-ի համեմատությամբ, Արագածոտնի մարզում 2021-ին խաղողն ավելացել է 256 հեկտարով, Արմավիրում՝ 394 հեկտարով, Տավուշում 1 հեկտարով, Արարատում՝ 143 հեկտարով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28