Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզում հանցագործությունների աճ է գրանցվել․ Սյունիքի դատախազ Էդուարդ Հարությունյան

Փետրվար 27,2022 22:04

Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը պատասխանել է Aravot.am-ի հարցերին։ Հաշվի առնելով հարցազրույցի ծավալը,  այն ներկայացնում ենք հատվածաբար։

 -Պարոն Հարությունյան, 2020թ. համեմատությամբ 2021թ.-ին Սյունիքի մարզում հանցավորության ի՞նչ ցուցանիշներ են գրանցվել։ Ի՞նչ բնույթի հանցագործություններն են շատացել։

-2021թ.-ին նախորդող տարվա համեմատ, Սյունիքի մարզում գրանցվել է հանցագործությունների որոշակի աճ: Նախորդող տարվա 744 դեպքի դիմաց 2021թ.-ին արձանագրվել է հանցագործությունների 896 դեպք, այսինքն՝ 152-ով կամ 20.4%-ով ավելի: Հարկ է նշել, որ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի քանակը նվազել է 5-ով (32-27): Կոնկրետ հանցատեսակների կատարման կտրուկ աճ տեղի չի ունեցել, որոշակիորեն ավելացել են մարդու եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Մարզում արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված, մահվան ելքով ճանապարհա-տրանսպորտային դեպքերի, ինչպես նաեւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նվազում:

Արձանագրվել է բնակարանային գողությունների դեպքերի աճ եւ դրանց բացահայտման ցուցանիշի նվազում: Այս տվյալները մտահոգիչ են, ինչի կապակցությամբ էլ մարզի դատախազության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ:

Դեռեւս 2021թ. փետրվարի 5-ին ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մարզի դատախազության կողմից մարզի խոշորացված 8 համայնքների ղեկավարներին միջնորդագրեր են հասցեագրվել բազմաբնակարան շենքերի մուտքերը երկաթե դռներով եւ կոդավորված փականներով հագեցնելու, ինչպես նաեւ համայնքներում տեսախցիկներ տեղադրելու վերաբերյալ: Գործընթացի շրջանակներում համայնքի նախաձեռնությամբ միայն Կապան խոշորացված համայնքում տեղադրվել է 64 տեսախցիկ:

Արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նախորդող տարվա համեմատ նվազել է, սակայն հանցագործությունների թվի աճի ֆոնին պետք է փաստել, որ կա նաեւ որոշակի բարելավում:  Հանցագործությունների թվի որոշակի աճի պատճառներից, թերեւս, կարող եմ հիշատակել ինչպես նախորդող տարվա վերջին տեղի ունեցած ռազմական գործողությունների ազդեցությունը մարզի բնակչության անձնային-հոգեբանական եւ սոցիալ-տնտեսական վիճակի վրա, այնպես էլ լատենտային հանցավորության դեմ անզիջում պայքարը: Մեծ ուշադրություն է դարձվում լատենտային հանցագործությունների հայտնաբերման, գրանցման, հաշվառման եւ ընթացք տալու հետ կապված միջոցառումների, մեթոդիկայի անընդհատ կատարելագործվող գործիքակազմի կիրառման վրա: Այս առումով գործադրվում են առավելագույն ջանքերը օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող հանցավոր դրսեւորումների եւ վարվող վիճակագրության համապատասխանությունը հնարավորիս ապահովելու ուղղությամբ:

-Սյունիքի որոշ բնակավայրեր մեկ օրում դարձան սահմանամերձ։ Այդ բնակավայրերի բնակիչների գույքի, քաղաքացիական անձանց նկատմամբ պարբերաբար ոտնձգություններ են կատարվում հակառակորդի կողմից: Նման դեպքերը քննության առնվո՞ւմ են, ունեք հարուցված քրեական գործեր:

– Ցանկացած ահազանգ, բնականաբար, պատշաճ դատավարական ընթացակարգով ենթարկվում է ստուգման: Կախված ահազանգի բովանդակությունից՝ դրանով զբաղվում են կամ զինվորական իրավապահ մարմինները, կամ քաղաքացիական համանուն մարմինները: Ահազանգերի ստուգմամբ որոշակի նյութական վնասի առկայությունը հաստատվելու (օրինակ՝ անասունների մոլորվելու եւ սահմանն անցնելու) դեպքում համապատասխան մարմինների (մարզպետարան եւ այլն) կողմից ձեռնարկվում են վնասի հատուցումն ապահովելու գործընթաց:

Ունենք նաեւ սպանության փորձի հատկանիշներով՝ 2021 թվականի հունվարի 19-ին Նռնաձոր բնակավայրի տարածքում զոհված անձանց աճյունների որոնողական աշխատանքների ընթացքում հակառակորդի կողմից տեղադրված ականի պայթյունից աշխատանքներն իրականացնող անձի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործ:

Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանի հետ հարցազրույցի շարունակությունը՝ առաջիկայում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28