Վաղվանից սկսվում է Մեծ պահքը: Այդ կապակցությամբ առաջարկում եմ պատրաստել այս վեգան տորթը, որը լիովին զերծ է կենդանական ծագման որեւէ մթերքից եւ կարելի է ուտել նաեւ պահքի ընթացքում:
Անհրաժեշտ մթերքները
Նարինջ- 5-6 հատ (կարմիր նարնջով ավելի գեղեցիկ կլինի, նարինջը կարող եք փոխարինել նաեւ լավ որակի մանդարինով կամ թուրինջով)
Բուսական յուղ-100 մլ
Կարդացեք նաև
Բուսական կաթ (նուշի, սոյայի, ընկույզի, կոկոսի, վարսակի…)- 120-130մլ
Նուշի էստրակտ-կես թեյի գդալ (պարտադիր չէ)
Ալյուր- 200 գրամ
Նուշի ալյուր-100 գրամ
Շաքարավազ-180 գրամ
Սոդա- 1 թեյի գդալ
Աղ- մեկ պտղունց
Պատրաստման եղանակը
Ջեռոցը միացրեք 170 աստիճանի վրա:
Բոլոր նարինջները լվացեք, քերեք կեղեւները ամենամանր քերիչով:
Ջեռոցի կլոր տապակի մեջ յուղաթուղթ դրեք, որի վրա շատ քիչ բուսական յուղ ցողեք եւ տարածեք: Վրան ցանեք 2-3 ճաշի գդալի չափ շաքարավազ: 3 նարինջը կեղեւահանեք եւ շրջանաձեւ կտրատեք, շարեք տապակի մեջ:
Խմորի համար սկզբում իրար խառնեք չոր մթերքները՝ ալյուրը, մնացած շաքարավազը, նուշի ալյուրը, սոդան եւ աղը: Մնացած 2-3 նարնջից հանեք հյութը, պետք է ստանաք մոտ կես բաժակ (120-130 մլ հյութ): Հյութը, բուսական յուղն ու բուսական կաթը, ինչպես նաեւ նուշի էքստրակտը խառնեք իրար եւ ավելացրեք չոր բաղադրիչներին: Լավ խառնեք, պետք է ստացվի թթվասերի խտության զանգված: Լցրեք նարինջների վրա եւ դրեք արդեն տաքացած ջեռոցը մոտ 40 րոպեով:
Անջատելուց հետո թողեք եւս 5-10 րոպե ջեռոցում, ապա հանեք, թողեք 20-30 րոպե հանգստանա եւ շուռ տվեք մատուցարանի վրա (տեսեք՝ տեսանյութում):
Զգուշությամբ հեռացրեք յուղաթուղթը: Վրան կարող եք զարդարել մանրած պիստակով կամ շաքարի փոշիով:
Բարի ախորժակ:
Մանրամասները՝ տեսանյութում.
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ