Այսօր ռուսական ռազմական տեխնիկան ներխուժել է Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաքը՝ Խարկով։
Reuters.com-ի հաղորդմամբ՝ պայթյուններ են եղել նավթագազային տեղամասերում։ Ըստ նույն աղբյուրի, ռուսական զինված ուժերն այսօր առավոտյան Խարկովում պայթեցրել են գազատարը։
«Ռուսական ռազմական տեխնիկան ներխուժել է Խարկով, այդ թվում՝ քաղաքի կենտրոն։ Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացնում են թշնամուն»,-ասել է Խարկովի շրջանի ղեկավարը։ Նա բնակիչներին կոչ է արել տանից դուրս չգալ։
Ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ էլ՝ ուկրաինական գազամատակարարման ընկերությունը չի հաստատում Խարկովում գազատարի վնասման մասին տեղեկությունները։
Կարդացեք նաև
BBC-ն հրապարակել է կադրեր, թե ինչպես են ռուսական զորքերը մտնում Խարկով, եւ կարճ ժամանակ անց տեղեկություններ հայտնվեցին Խարկովում ընթացող մարտերի մասին։
Ուկրաինական կողմն էլ իր հերթին հայտնում է, որ Խարկովը գտնվում է ուկրաինական վերահսկողության տակ։
Փետրվարի 24-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու մասին։ Ռուսական եւ ուկրաինական աղբյուրները հայտնում են երկրի բազմաթիվ տարածքներում ընթացող մարտերի մասին։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ