Անցած տարեվերջին էր, ավելի կոնկրետ՝ դեկտեմբերի 25-ին։ Վարչապետի խորհրդական, Սյունիքի միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի հերթական աշխատանքային շրջայցին էինք մասնակցում Մեղրիում, երբ նրան զանգահարեց Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանն ու խնդրեց՝ հնարավորության դեպքում այցելել Կապանի թիվ 8՝ Շղարշիկ թաղամասի դպրոց։ Հենց նույն օրը եղանք դպրոցում։
Դպրոցի շենքը 90-ականներին եղել էր զորամաս ու դպրոց դառնալուց հետո միայն մեկ անգամ մասնակի նորոգվել էր։ Աշխատանքային խմբի որոշումը չուշացավ՝ փոխել շենքի դիմային մասի ապակիներն ու դռները։ «Վարչապետի խորհրդականը խոստացավ, որ ձմեռային արձակուրդից հետո աշակերտները պիտի մտնեն դպրոց ու փոփոխությունը զգան»,-պատմում է դպրոցի տնօրենի պաշտոնակատար Էդգար Հարությունյանը։ Ճիշտ է՝ աշխատանքները դեռ չէին ավարտվել, ընթացքի մեջ էին, բայց փոփոխությունը զգալի էր։ Այդ աշխատանքներն արժեցել են 11 մլն 500 հազար դրամ։
Կարդացեք նաև
Հիմա ընթացքի մեջ են շենքի մյուս հատվածի նորոգման նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի կազմումը։
Շղարշիկի դպրոցում սովորող 102 աշակերտները, ինչպես նաեւ 35 աշխատողներից 24-ը Կապանից են հասնում Շղարշիկ։ Նրանց տեղափոխում էր պայմանագրով վարձակալված ավտոբուսը։ «Պարտքեր էին կուտակվել ու տրանսպորտային ծառայություն մատուցող ընկերությունը զգուշացրել էր, որ կդադարեցնի ծառայությունը։ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը կվճարի պարտքը, ավելին, երկուշաբթի օրվանից նախկին երկու ուղերթի փոխարեն՝ երեք ուղերթ կլինի, որպեսզի ավտոբուսները լեփ-լեցուն չլինեն»,-ասում է Էդգար Հարությունյանը։
Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Aravot.am-ի հեռախոսազրույցում նշեց, որ, հավանաբար, մարտի առաջին տասնօրյակում աշխատանքային խմբի հերթական նիստը կլինի ու առիթն օգտագործելով կամփոփի խմբի կատարած մեկ տարվա աշխատանքը։ «Հետաքրքիր ձեռքբերումներ ունենք, կարեւոր է նաեւ այն, որ իրականացվող ծրագրերին ցանկանում են աջակցել Սյունիքի մասնավոր ընկերությունները։ Համատեղ ծրագրեր իրականացնելու համար պայմանավորվածություններ ունենք «Աժդանակ» ընկերության հետ։ Արդեն իսկ համագործակցում ենք «Չաարատ Կապան» -ի հետ (նախկին Կապանի լեռնահարստացման կոմբինատ–Ա․Դ․)»,-ասում է Ռոբերտ Ղուկասյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երկարաձգվել է վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի գործողումը Սյունիքի մարզ։
Լուսանկարները՝ Կապանի թիվ 8 դպրոցի ֆեյսբուքյան էջից
Արմեն ԴԱՎԹՅԱՆ