Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ կախված է մեր ընտրությունից, ընտրե՛նք բարին». Արեւիկ Սիմոնյան

Փետրվար 27,2022 12:20

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ H2Օ Emotional Exposition խորագրով ինտերակտիվ ցուցադրությունը՝ համեմված նորաձևության տարրերով: Ցուցադրության հեղինակը Kivera Naynomis հայտնի բրենդի հիմնադիր Արևիկ Սիմոնյանն է։ Գաղափարի հիմքում, որի իրականացմանը անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ «Արունիկ» ֆոնդի հիմնադրիր Արուսյակ Ստեփանյանը, ազգային մշակույթի պահպանման կարեւորության շեշտադրումն է, ոգեշնչման աղբյուրը՝ ազգային զարդանախշերը:

Տպավորիչ ցուցադրությունը 8  նույնքան ազդեցիկ սրահներում էր՝ Երկինք, Ծնունդ, Մկրտություն, Օրհնություն, Մեղսագործություն, Ցավ, Կորուստ, Դատարկություն: Ցուցադրության հեղինակ Արեւիկ Սիմոնյանը կարծում է, որ աշխարհին կարող ենք լավագույնս ներկայանալ ազգային մշակույթով, սակայն այն պետք է լինի հասցեական:

Նա նշեց, որ Արցախյան երկրորդ պատերազմը խորը հետք է թողել իր հոգում՝ էլ ավելի  մեծացնելով ողբերգական իրադարձությունների պատճառով արժեքներ ու սկզբունքներ կորցնելու տագնապը: Մի խոսքով, նման ցուցադրություն իրականացնելու միտքը ծնվել է հենց 44-օրյա պատերազմից հետո:

«Ես ցանկացել եմ ցույց տալ ոչ թե զուտ պատերազմը, որ մեծ ցավ է, այլ շեշտադրել այն, որ մենք մարդ ենք, որից պատերազմը շատ կարեւոր բաներ է խլում: Մենք ցանկացել ենք ցույց տալ մարդու կյանքի ճանապարհը՝ հիմնավորելով, որ ամեն ինչ կախված է մեր ընտրությունից: Դրա համար մենք պետք է ընտրենք բարին, իսկ դրա կողքին մեր եկեղեցին է, մեր հավատը»,- ասաց Արեւիկ Սիմոնյանը։

Ինչ վերաբերվում է H2O խորագրին, դա էլ բխում է ջրի հավերժականության ու յուրաքանչյուրի կյանքում մշտական լինելիության գաղափարից: «Ջուրն այն է, ինչից ստեղծված ենք… Ուրախանում ենք, ունենում ենք երջանկության արցունքներ, լաց ենք լինում, մեր աչքերից արցունք է գալիս, մեր մկրտության ժամանակ էլ ջուրը կա»,- պարզաբանեց նա:

Ի տարբերություն Kivera Naynomis բրենդի նախորդ ցուցադրությունների, H2O-ի պարագայում հագուստը չէին ցուցադրում մոդելները, դրանք ցուցադրված էին մանեկենների վրա: Արեւիկ Սիմոնյանը վստահեցնում է, որ այս ցուցադրության առանցքում ոչ թե զուտ հավաքածուն է, այլ մեր հավատքը, աշխարհում առաջինը Քրիստոնեություն ընդունած հայը: Արուսյակ Ստեփանյանն էլ ի թիվս այլնի՝ նշեց, որ կապույտ եւ սպիտակ գույները հատուկ են ընտրված:

Հիշեցնենք, որ անցյալ տարի էլ կայացել էր Արեւիկ Սիմոնյանի «Վերածնունդ» հավաքածուի շնորհանդեսը՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Հեղինակն այս հավաքածուում ընդգծել էր հայ ազգի ապրումներն ու հույզերը՝ վստահ լինելով, որ վերածնունդ լինելու է: Վերածնունդն էլ խորհրդանշել էր ցուցադրությունն ավարտող սպիտակ հագուստով հղի կնոջ կերպարով:

Ցուցադրությունը կներկայացվի ՌԴ-ում՝  Մոսկվայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28